Քննարկում՝ նվիրված ընտրական հանցագործությունների որակմանը և քննության առանձնահատկություններին
Հոկտեմբերի 26-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց կլոր սեղան-քննարկում՝ «Ընտրական հանցագործությունների որակումը և քննության առանձնահատկությունները» թեմայով:
Մասնակցում էին ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ: Քննարկման նպատակն էր վերհանել ոչ միայն ընտրական հանցագործությունների որակման և քննության մեթոդիկայի հարցերը և իրականացնել միասնական պրակտիկայի ձևավորմանն ուղղված միջոցառումներ, այլև մշակել քրեական հետապնդման մարմինների միջև արդյունավետ փոխգործակցության ձևեր ու մեթոդներ:
Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար: Ռեկտորի խոսքով՝ այս կլոր սեղան-քննարկումը ՀՀ վարչապետի հանձնարարականով անցկացվող միջոցառումների թվում է: «Այսօրվա մեր քննարկման նպատակը ընտրական գործընթացների հետ կապված որակման առավել վիճահարույց խնդիրներին անդրադառնալն է, և բոլոր այն դեպքերում, երբ իրավակիրառ պրակտիկայում կարող են առաջ գալ որոշակի խնդիրներ, կփորձենք դրանց լուծումները համատեղ ուժերով գտնել»,-նշեց ռեկտորը:
Քննարկումը վարում էին ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Հասմիկ Ենգոյանը և ԵՊՀ դասախոս, ՀՀ ՀՔԾ իրավական ապահովման բաժնի ղեկավար Սրբուհի Գալյանը: Նախատեսվում է նույնաբովանդակ քննարկումներ կազմակերպել նաև հետագայում: