ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Դիպլոմներ 2018թ. շրջանավարտ-դատախազի թեկնածուներին

03.11.2018

Նոյեմբերի 3-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Ակադեմիայի 2018 թվականի ունկնդիր-շրջանավարտների՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

 

Մինչ դիպլոմների հանձնումը՝ ունկնդիրներին ողջունեց և ջերմորեն շնորհավորեց ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: «Ցանկացած կրթական կառույցի գնահատման չափանիշն իր շրջանավարտների դրսևորած ձեռքբերումներն են աշխատանքային գործունեության ընթացքում: Այդ առումով ես լիահույս եմ և բավարար հիմքեր ունեմ հիմա բարձրաձայնելու, որ Ակադեմիայի պատիվը բարձր եք պահելու: Վստահ եմ՝ սիրելով եք ընտրել այս մասնագիտությունը: Մաղթում եմ, որ ձեր սիրած գործով զբաղվելուց բացի, ձեր կատարած աշխատանքից հաճույք ստանաք՝ անկախ ծանրաբեռնվածությունից և աշխատանքային բարդություններից»,-նշեց ռեկտորը:

 

Կառավարման խորհրդի անդամ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը ևս շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումը բարեհաջող ավարտելու կապակցությամբ և նորանոր ձեռքբերումներ մաղթեց:

 

Կառավարման խորհրդի անդամ, Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը շնորհավորական խոսքում նշեց, որ հպարտության զգացում ունի, որովհետև ուսումնառության ընթացքում ապագա գործընկերներին ճանաչելու հնարավորություն է ունեցել՝ թե՛ մասնագիտական տեսանկյունից, թե՛ մարդկային որակների առումով:

 

Ռեկտորը դիպլոմներ հանձնեց Ակադեմիայի հերթական սերնդի շրջանավարտներին՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 14 ունկնդրի, որոնցից 1-ը Արցախի Հանրապետությունից է: Սահմանված կարգով՝ ուսումնառությունը տևել է 7 և կես ամիս՝ 2018 թվականի փետրվարի 26-ից հոկտեմբերի 12-ը, ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը: