Տեղի ունեցավ Կառավարման խորհրդի 2019թ. առաջին նիստը
Հունվարի 25-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Ակադեմիայի կառավարման խորհրդի 2019 թվականի անդրանիկ նիստը, որը վարում էր Խորհրդի նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը: Ներկա էին Խորհրդի անդամները, նիստին մասնակցում էր Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:
Ի թիվս այլ հարցերի՝ նիստի օրակարգում ընդգրկված էր Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանի թեկնածությունը, ով գաղտնի քվեարկությամբ ընտրվեց միաձայն՝ մեկ տարի պաշտոնավարման ժամկետով: «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով` Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Կառավարման խորհուրդը: Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կազմից՝ նրա անդամների ձայների մեծամասնությամբ, դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն սկզբունքով:
Խորհրդի նախագահի ընտրությունից հետո Խորհուրդն անցավ օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: Արդարադատության ակադեմիայի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ռեկտորի առաջարկով քննարկվեց և հաստատվեց Ակադեմիայի հաստիքացուցակի և կառուցվածքի փոփոխության մասին հարցը՝ պայմանավորված աշխատողների պաշտոնային դրույքաչափերի փոփոխությամբ: Բացի այդ՝ Խորհուրդը հաստատեց դատավորների թեկնածուների հավակնորդների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման 2019 թվականի ուսուցման ծրագրերը, նաև Ակադեմիայի 2019 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
Նիստի ընթացքում Խորհուրդը նաև քննարկեց և ի գիտություն ընդունեց 2017 թվականի գործունեության վերստուգման (աուդիտի) արդյունքները, ինչպես նաև 2018 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: