ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ակադեմիայի ռեկտորը մասնակցել է ԵՄ և ԵԽ ծրագրի եզրափակիչ համաժողովին

12.12.2018

Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի եզրափակիչ համաժողովը: Ծրագիրը Եվրոպական Միության (ԵՄ) և Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2015-2018 թվականների ծրագրի մասն է կազմում:

 

Ողջույնի խոսքով հանդես եկան Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: Բանախոսներն իրենց խոսքում կարևորեցին վերոնշյալ ծրագրի շրջանակում իրականացված համատեղ արդյունավետ աշխատանքը:

 

Սերգեյ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ և ԵԽ գործընկերներին և շեշտեց, որ համագործակցության կարևոր գնահատականներից է շոշափելի արդյունքը, ինչն ակնհայտ է Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների համար՝ ուսումնական նոր նյութերի, նոր դասընթացների, անցկացված վերապատրաստումների առումով: «Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը՝ կարող ենք նախանշել նաև հետագա համագործակցությունը»,-հավելեց ռեկտորը:

 

Խոսելով հիմնական ձեռքբերումների մասին Հայաստանում քրեական արդարադատության բարեփոխումների գործընթացի համատեքստում՝ ծրագրի շահառու կառույցների՝ ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները ներկայացրին ծրագրի շրջանակում իրականացված գործողությունները: Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը մանրամասնեց Ակադեմիայի կողմից իրականացված աշխատանքները և արդյունքները:

 

Համաժողովի ընթացքում ներկայացվեց ծրագրի շրջանակում ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանի հեղինակությամբ նոր լույս տեսած ուղեցույց-ձեռնարկը՝ «Վատ վերաբերմունքի գործերի քննության առանձնահատկությունները միջազգային չափանիշների, ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի, ինչպես նաև ազգային օրենսդրության և դատական պրակտիկայի լույսի ներքո»:

 

Համաժողովի ավարտին սերտիֆիկատներ հանձնվեցին «Վատ վերաբերմունքի արգելքը» ԵԽ HELP ծրագրի (Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների համար) հեռավար ուսուցման դասընթացը հաջողությամբ ավարտած դատախազներին և քննիչներին: