ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ռեկտորը հանդիպեց 2019 թվականի առաջին խմբի քննիչի թեկնածուներին

07.03.2019

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն այսօր հանդիպել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների (քննիչների) թեկնածությունների 2019 թվականի ցուցակում ընդգրկված անձանց, որոնք մասնագիտական պատրաստում են անցնելու առաջին խմբի կազմում: Խմբում ընդգրկված է 28 ունկնդիր, որոնց մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է մարտի 11-ին:

 

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ռեկտորը մինչ մասնագիտական պատրաստման մեկնարկը հանդիպում է ունկնդիրների հետ, ծանոթանում նրանց և ծանոթացնում Ակադեմիայում ուսումնառության առանձնահատկություններին, պատասխանում հետաքրքրող հարցերի: «Բարո՛վ եք եկել Ակադեմիա»,- դիմելով ունկնդիրներին՝ ողջունեց ռեկտորը, շնորհավորեց նրանց և բարի երթ մաղթեց: Ռեկտորը նաև հույս հայտնեց, որ բոլոր ընդունվածները կավարտեն և կհամալրեն ՀՀ քննչական կոմիտեի քննիչների շարքերը: «Քննիչի աշխատանքը քրեական արդարադատության ոլորտում ամենաբարդն է, որովհետև ամեն ինչ խարսխված է քննիչի աշխատանքի վրա, ուստի կարծում եմ՝ դա գիտակցում եք և պատկերացնում, թե աշխատանքային ինչ բարդություններ են ձեզ սպասում»,- ասաց Սերգեյ Առաքելյանը:

 

Ռեկտորն ունկնդիրներին ներկայացրեց Ակադեմիայի պաշտոնական կայքում առանձնացված հատուկ բաժինը, որում առկա է ուսումնական գործընթացին առնչվող ամբողջական տեղեկատվություն: Քննիչի թեկնածուների ուսումնառությունն անցկացվելու է ուսուցման ծրագրի համաձայն, որը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի հիման վրա: Դասընթացների ընդհանուր ժամաքանակը 150 ակադեմիական ժամ է, ևս 6 ակադեմիական ժամ նախատեսված է քննաշրջանի համար, ինչպես նաև երեք ամիս տևողությամբ փորձաշրջան: Ունկնդիրները նաև տեղեկացան, որ պարբերաբար հանդիպումներ են անցկացվելու, որի ընթացքում ռեկտորի հետ ուսումնառության ընթացքում առաջացած հարցերն ու խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու հնարավորություն են ստանալու: