ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1005

10.06.2019

Մեկնարկել է քննիչի թեկնածուների 2-րդ խմբի ունկնդիրների քննաշրջանը

Հունիսի 10-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է մասնագիտական պատրաստում անցնող ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների (քննիչների) թեկնածությունների 2019 թվականի ցուցակում ընդգրկված անձանց 2-րդ խմբի ունկնդիրների քննաշրջանը: Այս քննաշրջանի ընթացքում նախատեսվում է անցկացնել երկու բանավոր քննություն:

 

Այսօր ունկնդիրները հանձնել են երկու առարկայական կուրսեր ընդգրկող մեկ միասնական քննություն՝ «Փորձագիտական գործունեությունը և դատական փորձաքննությունների ժամանակակից հնարավորությունները» և «Կրիմինալիստիկական տակտիկա և մեթոդիկա» դասընթացներից:

 

Ուսուցման ծրագրի համապատասխան՝ քննաշրջանը կավարտվի հունիսի 14-ին, որին կհաջորդի փորձաշրջանը՝ 3 ամիս տևողությամբ:

1004

07.06.2019

«Քրեական արդարադատության ոլորտում արդար դատաքննությունը և անմեղության կանխավարկածը» թեմայով սեմինար՝ դատական ծառայողների համար

Հունիսի 7-ին անցկացվեց «Քրեական արդարադատության ոլորտում արդար դատաքննությունը և անմեղության կանխավարկածը» թեմայով սեմինար՝ Արդարադատության ակադեմիայի և Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի համագործակցության շրջանակում:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: «Մեր համագործակցությունը Եվրոպայի Խորհրդի հետ ձևավորված ավանդույթներ ունի, և դա մեզ համար չափազանց կարևոր է: Այդ առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵԽ երևանյան գրասենյակին շարունակական և արդյունավետ համագործակցության համար: Քրեական արդարադատությանն առնչվող բարեփոխումները և այս ոլորտը միշտ են արդիական, որովհետև վերաբերում են մարդու այնպիսի հիմնարար իրավունքներին, որոնք կարևորագույն նշանակություն ունեն»,-նշեց պրոռեկտորը՝ ընդգծելով քննարկվող թեմային՝ անմեղության կանխավարկածին վերաբերող նման սեմինար կազմակերպելու կարևորությունը:

 

Սեմինարին մասնակցում էր 30 դատական ծառայող՝ քրեական մասնագիտացմամբ դատավորների օգնականներ, ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության քրեաիրավական ոլորտի փորձագետներ և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության փորձագետներ: Սեմինարը վարում էր ԵԽ փորձագետ, Արդարադատության ակադեմիայի դասընթացավար Արա Ղազարյանը:

 

Սեմինար-քննարկումը կազմակերպվել էր «Աջակցություն դատական բարեփոխումներին քրեական արդարադատության ոլորտում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» կառուցակարգի շրջանակներում:

1003

07.06.2019

Ռեկտորը Քիշնևում մասնակցել է միջազգային համաժողովի

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Եվրոպայի Խորհրդի հրավերով, հունիսի 4-ին մասնակցել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացված միջազգային համաժողովին՝ նվիրված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածին՝ Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքին: Համաժողովին մասնակցում էին Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը: Համաժողովը կազմակերպել էին Եվրոպայի խորհուրդը և Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտը:

 

Ներկա էին մասնագիտական պատրաստում և վերապատրաստում իրականացնող կառույցների ներկայացուցիչներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ռուսաստանից, Վրաստանից, Ռումինիայից, Մոլդովայից և Ուկրաինայից, նաև քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Համաժողովին ելույթով հանդես եկավ Սերգեյ Առաքելյանը՝ ներկայացնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան և Արդարադատության ակադեմիայի ուսումնական գործընթացը: Ռեկտորը ներկայացրեց 5-րդ հոդվածին առնչվող Ակադեմիայի դասընթացները:

 

Որպես ԵԽ փորձագետ՝ զեկույցով հանդես եկավ նաև Արդարադատության ակադեմիայի դասընթացավար Արա Ղազարյանը: Համաժողովն անցկացվեց քննարկումների և աշխատաժողովների ձևաչափով:

1002

06.06.2019

Օրը քննական է դատական կարգադրիչների համար. անցկացվեց վերապատրաստման արդյունքների գնահատում

Հունիսի 6-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց դատական կարգադրիչների առաջին խմբի ունկնդիրների վերապատրաստման արդյունքների գնահատում՝ միասնական բանավոր քննության եղանակով:

 

Դատական կարգադրիչների 2019 թվականի վերապատրաստումը մեկնարկել էր հունիսի 3-ին: Նախատեսվում է այս տարի վերապատրաստում անցկացնել 8 խմբի՝ ընդհանուր թվով 215 դատական կարգադրիչի համար:

 

Դատական կարգադրիչների վերապատրաստումն ու հատուկ ուսուցումը իրականացվում են ուսուցման ծրագրի համաձայն, որն ուղղված է դատական կարգադրիչների գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը, վարքաբանության, առաջին բուժական և հոգեբանական օգնության, հատուկ միջոցների և հրազենի գործադրման ոլորտներում:

1001

03.06.2019

Մեկնարկել է դատական կարգադրիչների 2019 թվականի վերապատրաստումը

Հունիսի 3-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց դատական կարգադրիչների 2019 թվականի վերապատրաստումը: Այս տարի նախատեսված է վերապատրաստում անցկացնել 8 խմբի՝ ընդհանուր թվով 215 դատական կարգադրիչի համար: Առաջին խմբում ընդգրկված է 27 կարգադրիչ:

 

Դատական կարգադրիչների վերապատրաստումն ու հատուկ ուսուցումը իրականացվում են ուսուցման ծրագրի համաձայն, որը մշակվել է «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի հիման վրա: Ծրագիրն ուղղված է դատական կարգադրիչների գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը, վարքաբանության, առաջին բուժական և հոգեբանական օգնության, հատուկ միջոցների և հրազենի գործադրման ոլորտներում:

 

Դատական կարգադրիչների վերապատրաստման տեսական մասն անցկացվում է Արդարադատության ակադեմիայում, իսկ գործնականը՝ հրազենի և հատուկ միջոցների գործադրման հմտությունները՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում:

 

Յուրաքանչյուր խմբի վերապատրաստումն ու հատուկ ուսուցումն ավարտվում է վերապատրաստման արդյունքների գնահատմամբ՝ միասնական բանավոր քննությամբ:

1000

27.05.2019

Մեկնարկել է քննիչների վերապատրաստումը

Մայիսի 27-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների (քննիչների) 2019 թվականի վերապատրաստումը:

 

Առաջին խմբում ընդգրկված է 23 քննիչ: Այս տարի նախատեսվում է կազմակերպել վերապատրաստում 15 խմբի քննիչների համար: Վերապատրաստումն իրականացվում է համապատասխան ուսուցման ծրագրի համաձայն՝ 30 ակադեմիական ժամ:

999

24.05.2019

Հանդիպում քննիչի թեկնածուների 2-րդ խմբի ունկնդիրների հետ` քննաշրջանին ընդառաջ

Մայիսի 24-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների (քննիչների) թեկնածությունների 2019թ. ցուցակում ընդգրկված անձանց՝ 2-րդ խմբի ունկնդիրներին: Խմբում ընդգրկված է 28 ունկնդիր: Այս քննաշրջանում նախատեսվում է անցկացնել երկու բանավոր քննություն:

 

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ քննաշրջանից առաջ ռեկտորը հանդիպեց ունկնդիրներին, ծանոթացրեց քննությունների կազմակերպման և անցկացման կարգին, պատասխանեց քննական գործընթացին առնչվող՝ ունկնդիրներին հետաքրքրող հարցերին:

 

Ռեկտորն ունկնդիրներին մաղթեց հաջողականություն և դրական արդյունքներ:

998

24.05.2019

Սեմինար՝ «Սահմանադրական իրավունքի ազդեցությունը վարչական վարույթի և դատավարության վրա» թեմայով

Մայիսի 24-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար՝ «Սահմանադրական իրավունքի ազդեցությունը վարչական վարույթի և դատավարության վրա» թեմայով: Սեմինարին մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի, ՀՀ վերաքննիչ վարչական, ՀՀ վարչական դատարանների դատավորներ: Սեմինարն իրականացվեց Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ՝ GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում:

 

Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ Ակադեմիան մեծապես կարևորում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցությունը, որի շրջանակում կազմակերպվել է վերոնշյալ սեմինարը: Պրոռեկտորը ներկայացրեց փորձագետներին և արդյունավետ աշխատանք մաղթեց:

 

Սեմինարը վարում էին Գերմանիայի Վարչական դաշնային դատարանի դատավոր, պալատի նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Ռյուդիգեր Ռուբելը և Գերմանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնաթող դատավոր, Դաշնային Գերագույն վարչական դատարանի պաշտոնաթող դատավոր, դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Այխբերգերը:

997

14.05.2019

Հանդիպում-քննարկում ռեկտորի հետ՝ քննաշրջանին ընդառաջ

Մայիսի 14-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը քննաշրջանին ընդառաջ աշխատանքային հանդիպում անցկացրեց մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրների՝ դատավորների թեկնածուների հավակնորդների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին քննաշրջանին առնչվող բովանդակային և տեխնիկական մի շարք հարցեր, նաև գնահատման չափորոշիչները, կարգը և այլն: Ռեկտորը ներկայացրեց քննակարգին առնչվող մանրամասներ, պատասխանեց ունկնդիրներին հետաքրքրող հարցերին, նաև խոստացավ ընթացք տալ կազմակերպական հարց-առաջարկներին, որոնք հնչեցվեցին ունկնդիրների կողմից: Ռեկտորը հավաստիացրեց, որ ամեն ինչ արվել է քննությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար՝ օբյեկտիվության և հրապարակայնության ապահովման նպատակով:

 

Ուսուցման երկրորդ հատվածին հաջորդելու է քննաշրջանը, որը մեկնարկելու է մայիսի 27-ին, անցկացվելու է 1-ական գրավոր քննություն՝ դատավորների թեկնածուների հավակնորդների և դատախազների թեկնածուների համար:

996

06.05.2019

Մեկնարկել է դատախազների 2019 թվականի վերապատրաստումը

Մայիսի 6-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է դատախազների 2019 թվականի վերապատրաստումը: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դատախազները պարտավոր են ոչ պակաս, քան երկու տարին մեկ անցնել վերապատրաստում: Նախատեսվում է այս տարի ընդհանուր և հարակից մասնագիտական ոլորտի դասընթացներով վերապատրաստում անցկացնել երեք խմբի ունկնդիրների համար:

 

Ուսումնառությունը յուրաքանչյուր դատախազի համար 80 ակադեմիական ժամ է: Ուսումնառությունն իրականացվում է երկու փուլով՝ յուրաքանչյուրը 40 ակադեմիական ժամ (մեկ շաբաթ) տևողությամբ: Դատախազների վերապատրաստումն անցկացվում է Ակադեմիայի կողմից մշակված համապատասխան ուսուցման ծրագրի հիման վրա` մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործման նպատակով: