ՄԱԿ զարգացման ծրագրի առաքելության այցը Ակադեմիա
Այս օրերին Հայաստանում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչների պատվիրակությունը՝ մեր երկրում ընթացող արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում առաքելություն իրականացնելու նպատակով:
Այցի շրջանում առաքելության անդամները հանդիպումներ են ունեցել ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, դատական և իրավապահ մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու միջազգային կազմակերպությունների հետ, նաև ցանկություն են հայտնել լինել Արդարադատության ակադեմիայում:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց առաքելության ներկայացուցիչներին՝ առաքելության ղեկավար, ՄԱԶԾ քաղաքականության ձևավորման, քաղաքական երկխոսության ու սահմանադրական գործընթացների մասնագետ Ջեյսոն Գլուքի գլխավորությամբ: Ռեկտորը ողջունեց հյուրերին և իր խոսքում նշեց միջազգային տարբեր կառույցների, այդ թվում՝ ՄԱԶԾ-ի հետ արդյունավետ համագործակցության մասին: Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության առանձնահատկությունները, հիմնական գործառույթները, նաև պատասխանեց ուսումնական գործընթացին, ուսուցման ծրագրերի մշակմանը վերաբերող հարցերին:
Հյուրերը ներկայացրին առաքելության հիմնական թիրախները՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումները և դատական համակարգի գործառույթները հակակոռուպցիոն ոլորտում։ Առաքելությունը նպատակ ունի օգնել նաև հասկանալ բարեփոխումների գործընթացին ՄԱԶԾ հնարավոր աջակցության ծավալը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտին, մասնագիտական պատրաստման և վերապատրաստմանն առնչվող մի շարք հարցեր: