ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ռեկտորն ընդունել է Բրազիլիայի Արդարադատության բարձրագույն դատարանի դատավոր Անտոնիո Էրման Բենժամինին

26.10.2026

Հոկտեմբերի 23-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանն ընդունել է Բրազիլիայի Արդարադատության բարձրագույն դատարանի դատավոր Անտոնիո Էրման Բենժամինին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունը, որի կազմում էին ԱԶԲ-ի գլխավոր խորհրդատուի օգնական Քրիստինա Պակը և մասնավոր հատվածի զարգացման գծով գլխավոր մասնագետ Նարինե Ավետիսյանը։


Ռեկտորը ներկայացրել է Ակադեմիայի գործունեությունը՝ ընդգծելով, որ Ակադեմիան ոչ միայն կրթական հաստատություն է, այլև արդարադատության ոլորտում մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և միջազգային համագործակցության հարթակ։ Այս համատեքստում ռեկտորը ներկայացրել է Ակադեմիայում վերջերս ստեղծված հետազոտական և վերլուծական կենտրոնը` նշելով, որ կենտրոնի առաքելությունը նաև պրակտիկայում առկա խնդիրների վերհանումն ու ոլորտի կարիքների գնահատումն է, որպեսզի ուսումնական ծրագրերն արձագանքեն արդարադատության համակարգի արդի պահանջներին։


Անտոնիո Էրման Բենժամինն իր հերթին ներկայացրել է Անտառների մասին մոդելային օրենքի նախաձեռնության (MoFAI) շրջանակում մշակված Անտառների մասին մոդելային շրջանակային օրենքը (Model Framework Forest Act) և Դատական վարքագծի Բանգալորյան սկզբունքների արդիականացման գործընթացը՝ կարևորելով Հայաստանի մասնակցությունն այդ գործընթացին։ Դատավոր Բենժամինն ընդգծել է, որ դատական ակադեմիաների առաքելությունը չի սահմանափակվում իրավունքի դասավանդմամբ, քանի որ ակադեմիաները կոչված են ժամանակին վերհանելու արդարադատության ոլորտում առաջացող խնդիրները։


Դատավոր Բենժամինն առանձնահատուկ անդրադարձել է դատական էթիկայի ժամանակակից մարտահրավերներին, այդ թվում՝ դատավորների կողմից սոցիալական ցանցերի օգտագործմանը և արհեստական բանականության կիրառմանը։ Նա ներկայացրել է նաև Բրազիլիայի դատական ակադեմիայի մագիստրոսական (LL.M.) ծրագրի փորձը, որի առանցքային բաղադրիչներից է դատական էթիկան։ Ռեկտորն իր հերթին նշել է, որ դատական էթիկան Ակադեմիայի ուսումնական ծրագրի առանձին բաղադրիչ է։


Ռեկտորը կարևորել է նաև Ակադեմիայում բնապահպանական և կլիմայական արդարադատության մասնագիտացված դասընթացի ներդրումը, ինչը հատկապես արդիական է Հայաստանում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման համատեքստում։ Բացի այդ, նա կարևորել է սնանկության գործերով մասնագիտացված դատավորների համար նոր օրենսդրության կիրառման վերաբերյալ լրացուցիչ դասընթացների կազմակերպումը, ինչը համահունչ է նաև ԱԶԲ-ի՝ մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված օրակարգին։


Կողմերն ընդգծել են Ակադեմիայի ներուժը՝ որպես արդարադատության ոլորտում կրթության և դատական էթիկայի հարցերի քննարկման հարթակ։


Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու քննարկումները առաջիկա օրերին նախատեսված միջոցառումների շրջանակում։