Մեկնարկել է քննիչների վերապատրաստումը
Մայիսի 27-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների (քննիչների) 2019 թվականի վերապատրաստումը:
Առաջին խմբում ընդգրկված է 23 քննիչ: Այս տարի նախատեսվում է կազմակերպել վերապատրաստում 15 խմբի քննիչների համար: Վերապատրաստումն իրականացվում է համապատասխան ուսուցման ծրագրի համաձայն՝ 30 ակադեմիական ժամ:
Հանդիպում քննիչի թեկնածուների 2-րդ խմբի ունկնդիրների հետ` քննաշրջանին ընդառաջ
Մայիսի 24-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների (քննիչների) թեկնածությունների 2019թ. ցուցակում ընդգրկված անձանց՝ 2-րդ խմբի ունկնդիրներին: Խմբում ընդգրկված է 28 ունկնդիր: Այս քննաշրջանում նախատեսվում է անցկացնել երկու բանավոր քննություն:
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ քննաշրջանից առաջ ռեկտորը հանդիպեց ունկնդիրներին, ծանոթացրեց քննությունների կազմակերպման և անցկացման կարգին, պատասխանեց քննական գործընթացին առնչվող՝ ունկնդիրներին հետաքրքրող հարցերին:
Ռեկտորն ունկնդիրներին մաղթեց հաջողականություն և դրական արդյունքներ:
Սեմինար՝ «Սահմանադրական իրավունքի ազդեցությունը վարչական վարույթի և դատավարության վրա» թեմայով
Մայիսի 24-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար՝ «Սահմանադրական իրավունքի ազդեցությունը վարչական վարույթի և դատավարության վրա» թեմայով: Սեմինարին մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի, ՀՀ վերաքննիչ վարչական, ՀՀ վարչական դատարանների դատավորներ: Սեմինարն իրականացվեց Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ՝ GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում:
Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ Ակադեմիան մեծապես կարևորում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցությունը, որի շրջանակում կազմակերպվել է վերոնշյալ սեմինարը: Պրոռեկտորը ներկայացրեց փորձագետներին և արդյունավետ աշխատանք մաղթեց:
Սեմինարը վարում էին Գերմանիայի Վարչական դաշնային դատարանի դատավոր, պալատի նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Ռյուդիգեր Ռուբելը և Գերմանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնաթող դատավոր, Դաշնային Գերագույն վարչական դատարանի պաշտոնաթող դատավոր, դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Այխբերգերը:
Հանդիպում-քննարկում ռեկտորի հետ՝ քննաշրջանին ընդառաջ
Մայիսի 14-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը քննաշրջանին ընդառաջ աշխատանքային հանդիպում անցկացրեց մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրների՝ դատավորների թեկնածուների հավակնորդների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին քննաշրջանին առնչվող բովանդակային և տեխնիկական մի շարք հարցեր, նաև գնահատման չափորոշիչները, կարգը և այլն: Ռեկտորը ներկայացրեց քննակարգին առնչվող մանրամասներ, պատասխանեց ունկնդիրներին հետաքրքրող հարցերին, նաև խոստացավ ընթացք տալ կազմակերպական հարց-առաջարկներին, որոնք հնչեցվեցին ունկնդիրների կողմից: Ռեկտորը հավաստիացրեց, որ ամեն ինչ արվել է քննությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար՝ օբյեկտիվության և հրապարակայնության ապահովման նպատակով:
Ուսուցման երկրորդ հատվածին հաջորդելու է քննաշրջանը, որը մեկնարկելու է մայիսի 27-ին, անցկացվելու է 1-ական գրավոր քննություն՝ դատավորների թեկնածուների հավակնորդների և դատախազների թեկնածուների համար:
Մեկնարկել է դատախազների 2019 թվականի վերապատրաստումը
Մայիսի 6-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է դատախազների 2019 թվականի վերապատրաստումը: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դատախազները պարտավոր են ոչ պակաս, քան երկու տարին մեկ անցնել վերապատրաստում: Նախատեսվում է այս տարի ընդհանուր և հարակից մասնագիտական ոլորտի դասընթացներով վերապատրաստում անցկացնել երեք խմբի ունկնդիրների համար:
Ուսումնառությունը յուրաքանչյուր դատախազի համար 80 ակադեմիական ժամ է: Ուսումնառությունն իրականացվում է երկու փուլով՝ յուրաքանչյուրը 40 ակադեմիական ժամ (մեկ շաբաթ) տևողությամբ: Դատախազների վերապատրաստումն անցկացվում է Ակադեմիայի կողմից մշակված համապատասխան ուսուցման ծրագրի հիման վրա` մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործման նպատակով:
Ակադեմիայում պաշտոնապես բացվեց «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ը
Մայիսի 6-ին Արդարադատության ակադեմիայում մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ի պաշտոնական բացման արարողությունը: Կարմիր ժապավենը կտրեցին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) ղեկավար Ջորգեն Կ. Էնդրյուսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, մասնավորապես՝ ԹՊԻՀ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները, Ակադեմիայի դասընթացավարները, ունկնդիրները, աշխատակազմը:
Հանդիսավոր արարողությունից առաջ ռեկտորը հանդիպեց Ջորգեն Կ. Էնդրյուսին: Ռեկտորը ջերմորեն ողջունեց բարձրաստիճան հյուրին և նշեց Ակադեմիա-ԹՊԻՀ համագործակցության արձանագրած հաջողությունները՝ սկսած առարկայական նոր դասընթացների մշակումից մինչև դասընթացավարների վերապատրաստում, լսարան-քննասենյակի նորոգում, կահավորում և տեխնիկական վերազինում և այլն: Ջորգեն Կ. Էնդրյուսը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և նշեց, որ ԹՊԻՀ-ն աշխարհի 5 մայրցամաքներում գործունեություն է ծավալում, որի երկարաժամկետ արդյունքները տեսանելի են: Նա նաև ընդգծեց համատեղ իրականացված և իրականացվելիք աշխատանքների կարևորությունը:
Հանդիպումից հետո և «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ի հանդիսավոր բացումից առաջ ելույթով հանդես եկավ Սերգեյ Առաքելյանը: Ռեկտորը նշեց, որ միջազգային համագործակցությունը Ակադեմիայի գործունեության առաջնահերթություններից է, և այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության կարևորությունը. «Մեր համագործակցությունը երկխոսության մի հարթակ է՝ ևս մեկ անգամ ամրապնդելու հայ և ամերիկացի ժողովուրդների միջև առկա բարեկամությունը՝ հիմնված միասնական շահերի ու արժեքների վրա»,-ասաց ռեկտորը:
«Ուրախ եմ, որ այսօր կտրելու ենք Արդարադատության ակադեմիայի «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ի ժապավենը, որը ներառում է ԹՊԻՀ կողմից ձևավորած լսարանը և քննասենյակը: Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աջակցությունը Ակադեմիային նմանօրինակ նախագծերի միջոցով, որոնք նպաստում են Հայաստանում քրեական արդարադատության թափանցիկ, արդյունավետ, արդարացի և անկախ համակարգի հետագա զարգացմանը»,-նշեց դեսպանը:
«Մեր երկու պետություններն ընդհանուր նպատակ ունեն, այն է՝ Հայաստանի քրեական արդարադատության համակարգի ամրապնդումը՝ իրավական ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման միջոցով: ԹՊԻՀ-ն ունի գլոբալ ցանց և ռեսուրսներ, որոնք կարող են օգտակար լինել նպատակներին հասնելու հարցում»,-նշեց Ջորգեն Կ. Էնդրյուսը՝ վերահաստատելով Հայաստանին և Ակադեմիային աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը՝ ուղղված ոլորտի բարեփոխումներին:
Պաշտոնական բացումից հետո հյուրերը ռեկտորի ուղեկցությամբ շրջեցին «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ում, եղան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ ամբողջությամբ նորոգված, կահավորած և տեխնիկապես վերազինված լսարանում, որը ծառայելու է և՛ որպես քննասենյակ՝ համակարգչայնացված եղանակով քննություններն անցկացնելու համար, և՛ համաժողովների դահլիճ:
Նախասրահից բացվում են ևս երկու լսարաններ, որոնցից մեկը ձևավորված է ազգությամբ հայ ԱՄՆ ականավոր քաղաքացիների լուսանկարներով, մյուսը՝ աշխարահռչակ հայ կանանց լուսանկարներով, որոնք բեկումնային դեր են ունեցել համաշխարհային պատմության մեջ: Հյուրերը տպավորված էին իրականացված աշխատանքով:
Ավարտական վկայականներ ստացան ՀՔԾ քննիչների վերապատրաստման երկրորդ խմբի ունկնդիրները
Ապրիլի 27-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ավարտական վկայականներ հանձնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վերապատրաստման երկրորդ խմբում ընդգրկված 8 ունկնդրի և հաջողություն մաղթեց իրենց պատասխանատու ծառայության մեջ:
Համաձայն «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՔԾ քննիչների պարտադիր վերապատրաստումն անցկացվում է առնվազն 3 տարին մեկ անգամ, ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների տարեկան վերապատրաստման ուսուցման ծրագրի համաձայն՝ 30 ակադեմիական ժամ ծավալով։ ՀՔԾ քննիչների 2019թ. վերապատրաստումն իրականացվել է երկու խմբով, առաջին խմբի ունկնդիրներն ավարտական վկայականներ էին ստացել մարտի 30-ին: Վերապատրաստմանը հաջորդում է հատուկ ուսուցումը՝ ՀՔԾ ծառայողների մոտ հրազենի գործադրման հմտությունների ձևավորման և դրանց շարունակական կատարելագործման նպատակով: Հատուկ ուսուցումը նախատեսվում է անցկացնել մայիսին:
Համագործակցության հեռանկարների քննարկում՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ
Ապրիլի 29-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ներկայացուցիչներին՝ գնահատման խմբի ղեկավար Սայմոն Քոնթեին և փորձագետ Պավել Թադևոսյանին:
Ռեկտորը ողջունեց հյուրերին և ներկայացրեց Ակադեմիայի գործունեության առանձնահատկությունները, ուսումնական գործընթացին, ուսուցման ծրագրերին և միջազգային համագործակցությանն առնչվող մանրամասներ:
Սայմոն Քոնթեն նշեց, որ իրավական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի շրջանակում հետազոտություն է պատրաստում, որպեսզի հնարավոր լինի բացահայտել ոլորտում առկա խնդիրները և հստակեցնել USAID-ի աջակցության ձևաչափը: Նրա խոսքով՝ քանի որ Ակադեմիան շատ կարևոր դերակատարում ունի երկրում դատիրավական ոլորտի մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործում, ուստի չափազանց հետաքրքրված է Ակադեմիայի գործունեությամբ, համագործակցության հնարավորություններով:
Հանդիպման ավարտին հյուրերը հնարավորություն ունեցան ռեկտորի ուղեկցությամբ շրջել Ակադեմիայում, ծանոթանալ պայմաններին, լինել դատական նիստերի դահլիճում, ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ ամբողջությամբ նորոգված, կահավորված և տեխնիկապես վերազինված լսարանում:
Մեկնարկել է «Աջակցություն դատական բարեփոխումներին քրեական արդարադատության ոլորտում» ծրագիրը
Ապրիլի 25-ին հանդիսավոր միջոցառման ընթացքում տրվեց «Աջակցություն դատական բարեփոխումներին քրեական արդարադատության ոլորտում» ծրագրի մեկնարկը: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության (ԵՄ) և Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2019-2021 թվականների ծրագրի շրջանակում:
Ծրագրի բացման արարողությանը մասնակցում էր Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Ներկա էին Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դէ Լա Ռոսան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը, ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ, հյուրեր: Պրոռեկտորն իր ողջույնի խոսքում կարևորեց ԵԽ-ի հետ ինչպես այս, այնպես էլ համագործակցության շրջանակում արդյունավետորեն իրականացված այլ ծրագրերը, ներկայացրեց արդյունքները:
Արդարադատության ակադեմիան «Աջակցություն դատական բարեփոխումներին քրեական արդարադատության ոլորտում» ծրագրի ազգային գործընկերների թվում է: Ծրագրի համաձայն՝ նախատեսվում է հզորացնել Ակադեմիայի կարողությունները՝ քրեաիրավական մասնագիտացմամբ դատավորների, դատավորների թեկնածուների և դատական ծառայողների վերապատրաստման ուղղությամբ, ինչպես նաև մշակել համապատասխան դասընթացներ և նյութեր, կազմակերպել դասավանդողների համար վերապատրաստումներ:
Մեկնարկել է քննիչի թեկնածուների 1-ին խմբի ունկնդիրների քննաշրջանը
Ապրիլի 26-ին մեկնարկել է Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց 1-ին խմբի ունկնդիրների քննաշրջանը: Այս քննաշրջանի ընթացքում նախատեսվում է անցկացնել երկու բանավոր քննություն:
Այսօր ունկնդիրները հանձնել են երկու առարկայական կուրսեր ընդգրկող մեկ միասնական քննություն՝ «ՀՀ քրեական դատավարության արդի հարցեր» և «ՀՀ քրեական իրավունքի արդի հարցեր» դասընթացներից:
Ուսուցման ծրագրի համապատասխան՝ քննաշրջանը կավարտվի մայիսի 3-ին, որին կհաջորդի փորձաշրջանը՝ 3 ամիս տևողությամբ: