ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Վրաստանի բարձրագույն դատական դպրոցի պատվիրակության այցը Արդարադատության ակադեմիա

04.10.2019

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրավերով հոկտեմբերի 2-4-ը Երևանում էր Վրաստանի բարձրագույն դատական դպրոցի պատվիրակությունը՝ տնօրեն Վանո Բոլկվաձեի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին տնօրենի տեղակալ Զուրաբ Ազնաուրաշվիլին, միջազգային և վերլուծական բաժնի գլխավոր խորհրդատու Անա Մխեբրիշվիլին:
Այցի շրջանակում Սերգեյ Առաքելյանը և Վանո Բոլկվաձեն ստորագրեցին հուշագիր՝ երկու կառույցների միջև համագործակցությունը դնելով իրավական հիմքերի վրա:

 

«Շատ ուրախ եմ մեր անմիջական հարևաններին Հայաստանում՝ մասնավորապես Արդարադատության ակադեմիայում ողջունելու համար: Ակադեմիայում համագործակցության հուշագրեր ստորագրելն արդեն ձևավորված ավանդույթ է, բայց Վրաստանի դեպքում օպերատիվ շփման հնարավորություններն ավելի մեծ են, և վստահ եմ, որ կարող ենք մոտ ապագայում համատեղ ձեռքբերումներ ունենալ»,-նշեց ռեկտորը:

 

«Այսօր պատմական օր է երկու եղբայրական ժողովուրդների համար: Համոզված եմ՝ փաստաթղթի ստորագրումը միայն սկիզբն է, և մենք կարող ենք և ցանկություն ունենք համատեղ արդյունավետ միջոցառումներ կազմակերպել, փոխանակվել փորձով»,-նշեց տնօրենն ու երախտագիտություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար:

 

Պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան շրջել Ակադեմիայում, ծանոթանալ պայմաններին, լինել լսարաններում, գրադարանում: Վրաստանի բարձրագույն դատական դպրոցի ներկայացուցիչները նաև դասախոսությամբ հանդես եկան Ակադեմիայի ունկնդիրների և աշխատակազմի համար՝ ներկայացնելով ինչպես իրենց դպրոցի գործունեությունը, այնպես էլ Վրաստանում դատական համակարգի առանձնահատկությունները: Լսարանը չափազանց հետաքրքրված էր հարևան երկրի փորձով:

 

Վրացի պատվիրակները Հայաստանում էին առաջին անգամ, ուստի նրանց համար հնարավորություն էր ստեղծվել մշակութային ու ճանաչողական այցերի միջոցով փորձել բացահայտել բազմադարյա պատմություն և մշակույթ ունեցող հարևան երկիրն ու ժողովրդին: Հյուրերն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի շուրջը, եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, ինչպես նաև Ս.Փարաջանովի թանգարանում, Մատենադարանի թանգարանային համալիրում, «Արարատ» կոնյակի գործարանի թանգարանում:

 

Տեսանյութ