Երկօրյա սեմինար քրեական մասնագիտացմամբ դատավորների համար
Սեպտեմբերի 26-ին Արդարադատության ակադեմիայում քրեական մասնագիտացմամբ դատավորների համար մեկնարկեց երկօրյա սեմինար՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների որոշակի ասպեկտների և քրեական գործերի վերաբացման վերաբերյալ: Սեմինարը կազմակերպվել է Արդարադատության ակադեմիայի կողմից՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի հետ համատեղ՝ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ ԵԽ և Եվրոպական Միության ֆինանսավորմամբ:
Արդարադատության ակադեմիայի անունից ԵԽ գործընկերներին, միջազգային փորձագետներին, սեմինարի մասնակիցներին ողջունեց պրոռեկտոր Անահիտ Մանասյանը՝ նշելով, որ արդեն ավանդական է դարձել ԵԽ-ի հետ համատեղ միջոցառումների կազմակերպումը: «Այդ համագործակցությունը կարևորվում է դատաիրավական բարեփոխումներին նպաստելու, արդարադատության, իրավակիրառ պրակտիկայի որակի կատարելագործմանն որոշակի ներդրում ունենալու տեսանկյուններից»,-նշեց պրոռեկտորը: Ավելին, նրա խոսքով՝ այս պահին դատավորների և դատական ծառայողների համար մշակվում է 5 նոր դասընթաց՝ ներպետական և միջազգային փորձագետների ներգրավմամբ: Դրանք վերաբերում են դատական ակտերի կազմման հմտություններին, հարցաքննության մեթոդիկային և հաղորդակցության հմտություններին և այլն:
ԵԽ երևանյան գրասենյակի ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանն ևս ողջունեց ներկաներին, ներկայացրեց իրականացվող ծրագրի կարևորությունը, հիմնական ուղղությունները և միջազգային փորձագետներ Ջերեմի ՄքԲրայդին և Լիլիան Ապոստոլին: «Ակադեմիայի հետ համագործակցությունն արդյունավետ է և շարունակական»,-նշեց Գայանե Հովհաննիսյանը:
Սեմինարի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը: