Ավարտական դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ՝ Արդարադատության ակադեմիայի շրջանավարտ-քննիչի թեկնածուներին
Հոկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեում մեծ հանդիսավորությամբ Արդարադատության ակադեմիայի ավարտական դիպլոմներ ստացան ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձինք՝ Ակադեմիայի 2019 թվականի ունկնդիրները: Մասնակցում էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներ, հյուրեր:
Շնորհավորելով քննիչի թեկնածուներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ներկայացրեց քննիչի մասնագիտության կարևորությունն ու անհրաժեշտ որակները: «Քննիչի աշխատանքը չափազանց կարևոր է, պահանջված, պատվաբեր, միաժամանակ բարդ և ծանր: Այն մեծ զոհողություններ է պահանջում՝ կապված ամենօրյա ծանր ֆիզիկական և մտավոր լարվածության և բազմաթիվ այլ դժվարությունների հետ: Քննիչի աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 9-ին և չի ավարտվում: Քննիչը պաշտոն չէ, այլ կոչում, ապրելակերպ»,-նշեց Հայկ Գրիգորյանը:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց, որ քրեական արդարադատության հիմքում հենց քննիչի աշխատանքն է: «Ցանկացած՝ հատկապես կրթական հաստատության համար լավագույն գնահատականը նրա շրջանավարտներն են: Վստահ եմ, որ մեր պատիվը բարձր կպահեք, և մենք ուրախ կլինենք լսել ձեր հաջողությունների ու ձեռքբերումների մասին»,-նշեց ռեկտորը և բարի երթ մաղթեց շրջանավարտներին:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց 52 շրջանավարտներին, իսկ նրանցից 20-ը ստացան նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանները՝ տարածքային ստորաբաժանումներում աշխատանքի նշանակվելու վերաբերյալ:
Արարողության ավարտին Ակադեմիայի շրջանավարտները, արդեն որպես նորանշանակ քննիչներ, նաև հանդիսավորությամբ երդվեցին:
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը 1-ին խումբի ունկնդիրների համար անցկացվել է 2019 թվականի մարտի 11-ից օգոստոսի 6-ը, իսկ 2-րդ խմբի համար՝ ապրիլի 22-ից սեպտեմբերի 17-ը: