ՀՀ արդարադատության նախարարի այցը Արդարադատության ակադեմիա
Օգոստոսի 14-ին Արդարադատության ակադեմիա այցելեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Նախարարին, նրա տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանին, Աննա Վարդապետյանին, Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրեց Ակադեմիայի վարչական շենքը, աշխատանքային պայմանները, լսարանները, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ վերջերս հիմնանորոգված և տեխնիկապես վերազինված լսարանը, որը ծառայում է նաև որպես քննասենյակ, ինչպես նաև գրադարանը, հյուրանոցային համալիրը:
Շրջայցից հետո աշխատանքային հանդիպման ընթացքում ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր՝ սկսած ունկնդիրների մասնագիտական պատրաստումից և վերապատրաստումից մինչև «Ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի և հարակից ենթաօրենսդրական ակտերի կատարելագործման անհրաժեշտություն, իրականացված և իրականացվելիք ծրագրեր, նաև հյուրերին նվիրեց օրերս լույս տեսած «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի առաջին համարը:
Նախարարը երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը տրամադրված է սերտ համագործակցության, դատաիրավական բարեփոխումների շրջանակում համատեղ արդյունավետ աշխատանքի: Քննարկվեցին ոլորտին առնչվող մի շարք հարցեր և երկկողմ պատրաստակամություն հայտնեցին արդյունավետ համագործակցել: