Իսպանիայի դատական դպրոցի արտաքին և ինստիտուցիոնալ կապերի բաժնի պետի այցը Արդարադատության ակադեմիա
Հուլիսի 17-ից 20-ը Երևանում էր Իսպանիայի դատական դպրոցի արտաքին և ինստիտուցիոնալ կապերի բաժնի պետ, պաշտոնաթող դատավոր, քրեական իրավունքի մասնագետ Խոսե Մարիա Ասենսիո Գալեգոն: Այցի նպատակն էր ծանոթանալ Արդարադատության ակադեմիայի գործունեությանը, քննարկել հնարավոր համագործակցության հեռանկարները:
Իսպանիայից ժամանած հյուրը հանդիպեց Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանին և փոխանցեց Իսպանիայի դատական դպրոցի տնօրեն Խորխե Խիմենես Մարտինի ջերմ ողջույնները և առաջիկայում հանդիպելու առաջարկը՝ դատական ոլորտի մասնագետների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման շրջանակում:
Խոսե Մարիա Ասենսիո Գալեգոն հանդիպեց նաև Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանին: Վերջինը հյուրին ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, միջազգային համագործակցության շրջանակում իրականացված և իրականացվող ծրագրերը:
Հյուրն իր հերթին ներկայացրեց Իսպանիայի դատական դպրոցի գործունեության առաջնահերթությունները, համանման կառույցների հետ իրականացվող փոխանակման ծրագրերը: Կողմերը պայմանավորվածություններ ձեռքբերեցին տարբեր ուղղություններով համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ:
Հյուրը հանդիպում ունեցավ նաև Ակադեմիայի հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանի հետ, ով ներկայացրեց Ակադեմիայի կողմից մշակված հեռաուսուցման նոր հարթակը և դրա հնարավորությունները:
Այցի շրջանակում Իսպանիայի դատական դպրոցի արտաքին և ինստիտուցիոնալ կապերի բաժնի պետ Խոսե Մարիա Ասենսիո Գալեգոն և Արդարադատության ակադեմիայի համագործակցության և հանրային կապերի բաժնի ղեկավար Աննա Մկրտիչյանը ստորագրեցին համապատասխան փաստաթուղթ՝ հնարավոր համագործակցության վերաբերյալ:
Քանի որ հյուրն առաջին անգամ էր Հայաստանում, նրա համար հնարավորություն էր ստեղծվել ծանոթանալ Հայաստանի պատմությանը, մշակութային հարուստ ժառանգությանը: Նախ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի շուրջը, եղավ Հայոց ցեղասպանության թանգարանում, ապա՝ Մատենադարանի թանգարանային համալիրում, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, «Վաչե և Թամար Մանուկյաններ» մատենադարանում: Հյուրի խոսքով՝ այցը չափազանց հետաքրքրական էր և տպավորիչ, ավելին՝ հավաստիացրեց, որ համագործակցության արդյունքները երկար սպասեցնել չեն տա: