Ռեկտորը Քիշնևում մասնակցել է միջազգային համաժողովի
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Եվրոպայի Խորհրդի հրավերով, հունիսի 4-ին մասնակցել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացված միջազգային համաժողովին՝ նվիրված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածին՝ Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքին: Համաժողովին մասնակցում էին Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը: Համաժողովը կազմակերպել էին Եվրոպայի խորհուրդը և Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտը:
Ներկա էին մասնագիտական պատրաստում և վերապատրաստում իրականացնող կառույցների ներկայացուցիչներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ռուսաստանից, Վրաստանից, Ռումինիայից, Մոլդովայից և Ուկրաինայից, նաև քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովին ելույթով հանդես եկավ Սերգեյ Առաքելյանը՝ ներկայացնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան և Արդարադատության ակադեմիայի ուսումնական գործընթացը: Ռեկտորը ներկայացրեց 5-րդ հոդվածին առնչվող Ակադեմիայի դասընթացները:
Որպես ԵԽ փորձագետ՝ զեկույցով հանդես եկավ նաև Արդարադատության ակադեմիայի դասընթացավար Արա Ղազարյանը: Համաժողովն անցկացվեց քննարկումների և աշխատաժողովների ձևաչափով: