ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

«Քրեական արդարադատության ոլորտում արդար դատաքննությունը և անմեղության կանխավարկածը» թեմայով սեմինար՝ դատական ծառայողների համար

07.06.2019

Հունիսի 7-ին անցկացվեց «Քրեական արդարադատության ոլորտում արդար դատաքննությունը և անմեղության կանխավարկածը» թեմայով սեմինար՝ Արդարադատության ակադեմիայի և Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի համագործակցության շրջանակում:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: «Մեր համագործակցությունը Եվրոպայի Խորհրդի հետ ձևավորված ավանդույթներ ունի, և դա մեզ համար չափազանց կարևոր է: Այդ առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵԽ երևանյան գրասենյակին շարունակական և արդյունավետ համագործակցության համար: Քրեական արդարադատությանն առնչվող բարեփոխումները և այս ոլորտը միշտ են արդիական, որովհետև վերաբերում են մարդու այնպիսի հիմնարար իրավունքներին, որոնք կարևորագույն նշանակություն ունեն»,-նշեց պրոռեկտորը՝ ընդգծելով քննարկվող թեմային՝ անմեղության կանխավարկածին վերաբերող նման սեմինար կազմակերպելու կարևորությունը:

 

Սեմինարին մասնակցում էր 30 դատական ծառայող՝ քրեական մասնագիտացմամբ դատավորների օգնականներ, ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության քրեաիրավական ոլորտի փորձագետներ և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության փորձագետներ: Սեմինարը վարում էր ԵԽ փորձագետ, Արդարադատության ակադեմիայի դասընթացավար Արա Ղազարյանը:

 

Սեմինար-քննարկումը կազմակերպվել էր «Աջակցություն դատական բարեփոխումներին քրեական արդարադատության ոլորտում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» կառուցակարգի շրջանակներում: