ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի պատվիրակության այցը Արդարադատության ակադեմիա

13.06.2019

Արդարադատության ակադեմիայի ռեկտորի հրավերով հունիսի 11-12-ը Երևանում էր Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին Ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների գծով առաջին պրոռեկտոր Սերգեյ Մինչենկոն, Դատախազների որակավորման բարձրացման ինստիտուտի դատախազության պետական ծառայողների որակավորման բարձրացման բաժնի պետ Նատալյա Նաուլիկը, Կազմակերպավերլուծական ապահովման և վերահսկողության վարչության ուսումնամեթոդական աշխատանքների կազմակերպման և համակարգման բաժնի պետ Անատոլի Մազոլը, Դատախազների որակավորման բարձրացման ինստիտուտի կոռուպցիայի կանխարգելման հարցերով դատախազների որակավորման բարձրացման բաժնի պետ Զոյա Զագինեյը: Այցի նպատակը դասախոսություններ, քննարկումներ անցկացնելն էր Ակադեմիայի ունկնդիրների՝ ՀՀ դատախազությունում պետական ծառայողների համար:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին, երախտագիտություն հայտնեց հրավերին արձագանքելու և քննարկմանը մասնակցելու համար: «Վստահ եմ՝ միջոցառումը երկկողմ արդյունավետ կլինի, և կկարողանանք վեր հանել այն խնդիրները, որոնք առկա են, և միասին կգտնենք լուծումներ: Կարծում եմ՝ այն լուծումները, որոնց հանգել է Ուկրաինան ոլորտի բարեփոխումների շրջանակում, կարող են օգտակար լինել նաև մեզ համար»,-նշեց ռեկտորը:

 

Ուկրաինայի դատախազության մարմիններում շուրջ 15 հազար աշխատակից կա, որոնցից 2500-ը պետական ծառայողներ են: Հյուրերը լսարանին ներկայացրին պետական ծառայության առանձնահատկությունները, ծառայողական գործունեության գնահատման սկզբունքները, Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայում այդ ծառայողների վերապատրաստման առանձնահատկությունները, ուսուցման ծրագրերը և այլն: Նախատեսված թեմաներով դասախոսությունները սահուն կերպով վերածվեցին հարց ու պատասխանի, ապա՝ քննարկման: Եվ՛ բանախոսները, և՛ մասնակիցները գոհ էին քննարկման արդյունքներից՝ ընդգծելով, որ այն երկկողմ հետաքրքիր և օգտակար էր:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիան Արդարադատության ակադեմիայի գործընկեր կառույցն է 2017 թվականի մարտից: Համագործակցությունն իրավական հիմքերի վրա է դրվել հուշագրի ստորագրմամբ, որին հաջորդում են պարբերաբար անցկացվող համատեղ կրթական, գիտական տարբեր միջոցառումներ՝ ստեղծելով փորձի փոխանակման լայն հնարավորություններ: