Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակության այցը՝ Ակադեմիա
Սեպտեմբերի 28-ին Արդարադատության ակադեմիա այցելեց Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությունը՝ միջազգային հարաբերությունների ղեկավար Յոնաս Հոգսթրոմի գլխավորությամբ: Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Ակադեմիայի ներկայացուցիչները և շվեդական պատվիրակության անդամները քննարկեցին երկու կառույցների կողմից մշակված և համատեղ իրականացվելիք երկարաժամկետ ծրագրի մանրամասները: Երկու երկրների կառույցների միջև համագործակցության իրավական հիմքը դրվել է օրեր առաջ՝ սեպտեմբերի 22-ին ստորագրված համագործակցության հուշագրով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին դատավորների թեկնածուների մասնագիտական պատրաստմանն և դատավորների վերապատրաստմանն առնչվող մի շարք հարցեր, միջազգային և օտարեկրա գործընկեր կառույցների հետ իրականացված ծրագրերի արդյունքները և այլ հարցեր: Կողմերը պայմանավորվեցին ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար ձևավորել աշխատանքային խմբեր և համագործակցված աշխատել:
Հանդիպման ավարտին հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ Ակադեմիայի շենքային պայմաններին, լինել գրադարանում, դատական նիստերի դահլիճում, հյուրանոցում, մարզասրահում, նաև հետևել այդ պահին լսարաններում ընթացող ուսումնական գործընթացին:
Արդարադատության ակադեմիայի այգում տեղադրվեց և օծվեց խաչքար՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների
Սեպտեմբերի 27-ին՝ արցախյան 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի օրը, Արդարադատության ակադեմիայի այգում տեղադրվեց և օծվեց խաչքար՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների: Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի ձեռամբ կատարվեց օրհնության կարգ: Հիշատակի միջոցառմանը մասնակցում էին Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, Ակադեմիայի գործընկեր կառույցների ներկայացուցիչները, Ակադեմիայի ունկնդիրները, աշխատակազմը, հյուրեր:
Միջոցառումը մեկնարկեց 1 րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով 44-օրյա պատերազմում ընկած հայորդիների հիշատակին: Խաչքարի օծման արարողությունից հետո Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիմեց ներկաներին՝ նշելով, որ ապրողների պարտքն է հիշել ու հիշատակել մեր անմահացած հերոսներին. նրանց պիտի հիշեն նաև գալիք սերունդները: Ռեկտորը ներկաներին պատմեց խաչքարի տեղադրման գաղափարի և դրա իրականացման մասին, նաև երախտագիտություն հայտնեց այդ գաղափարն իրականություն դարձնողներին աջակցության համար:
Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գևորգ Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ խորհրդանշական ու կարևոր է, որ խաչքար է տեղադրվում պետական ծառայողներ պատրաստող հիմնարկում: Գ. Բաղդասարյանը խոսեց նաև պատերազմի արդյունքում մարդկային և տարածքային կորուստների մասին՝ նշելով, որ դասեր պիտի քաղենք, իսկ դրա ձևերից մեկը անմահացած հերոսների հիշատակը հավերժացնելն է ոչ միայն խոսքով, այլև գործով, ապրելով, արարելով, նրանց մշտապես հիշելով և ավելի լավ Հայրենիք ունենալով:
Կառավարման խորհրդի անդամ Երեմ Եսոյանն էլ հորդորեց չմոռանալ մեր անցյալը, կորուստները, բայց և ապրել ու իրենց հիշելով ապրեցնել սերունդներին:
Դիպլոմներ՝ դատավորների թեկնածուների հավակնորդներին
Սեպտեմբերի 25-ին Արդարադատության ակադեմիայում հանդիսավորությամբ հանձնվեցին դիպլոմներ Ակադեմիայի ունկնդիրներին՝ դատավորների թեկնածուների հավակնորդներին, մասնավորապես քրեական մասնագիտացման բաժնի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնում ընդգրկված անձանց: Հանդիսությանը ներկա էին Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, ներկայացուցիչներ ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, ՀՀ վճռաբեկ դատարանից, դասընթացավարներ, հյուրեր:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց շրջանավարտներին Ակադեմիայում ուսումնառությունը հաջող ավարտելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ իրենց գործունեությունը պատվով են իրականացնելու: Ռեկտորը շնորհակալություն հայտնեց այս գործընթացում ներգրավված բոլոր գործընկերներին, այդ թվում՝ ունկնդիր-շրջանավարտներին, դասընթացավարներին, Ակադեմիայի աշխատակիցներին, ՀՀ բարձրագույն դատական խորհրդին:
Ռեկտորի հրամանով՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը պարգևատրվեց Ակադեմիայի հուշամեդալով՝ դատավորի թեկնածուների հավակնորդների մասնագիտական պատրաստման գործընթացի կազմակերպման արդյունավետության ապահովման գործում առանձնահատուկ ավանդի համար:
Բարեխիղճ աշխատանքի և անմնացորդ նվիրումի համար շնորհակալագրեր ստացան Ակադեմիայի վերոնշյալ խմբի ունկնդիրների ուսուցման գործընթացում ներգրավված դասընթացավարները, իսկ ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու և աշխատանքի նկատմամբ նվիրվածություն ցուցաբերելու համար շնորհակալագրեր ստացան Դատական համակարգի ունկնդիրների ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավարը, նույն բաժնի աշխատակիցներն էլ՝ ունկնդիրների մասնագիտական պատրաստման իրականացմանն առնչվող պարտականությունները բարեխղճորեն կատարելու և աշխատանքի նկատմամբ նվիրվածություն ցուցաբերելու համար:
Դատավորների վերապատրաստում՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի վերաբերյալ
Սեպտեմբերի 24-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց դատավորների վերապատրաստում՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի վերաբերյալ: Վերապատրաստումների այս շարքն իրականացվում է Ակադեմիայի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:
Վերապատրաստումը վարում էր IRZ-ի ազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրայր Ղուկասյանը:
Մասնակիցներին ներկայացվեցին դատական վարույթների նոր իրավասությունները, հարկադրանքի միջոցների վերաբերյալ վերլուծություններ և այլն: Դատավորները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել փորձագետին, մասնավորապես նոր իրավասությունների պրակտիկ կիրառման վերաբերյալ:
IRZ-ի այս ծրագրի շրջանակում շարունակաբար անցկացվելու են բազմաթիվ սեմինարներ, աշխատաժողովներ, վերապատրաստումներ ինչպես Ակադեմիայի ունկնդիրների, դասընթացավարների, այնպես էլ աշխատակազմի համար:
Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները մասնակցել են ԵԽ ծրագրի շրջանակում անցկացված առցանց քննարկմանը
Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի և տարբեր պետական մարմինների միջև փոխգործակցության հայեցակարգի նախագիծ» խորագրով առցանց քննարկում: Այն անցկացվեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի շրջանակում:
Արդարադատության ակադեմիայի անունից քննարկմանը մասնակցում էին Ակադեմիայի պրոռեկտոր Աշոտ Հայրապետյանը, Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Գևորգ Իսրայելյանը, Համագործակցության և հանրային կապերի բաժնի ղեկավար Աննա Մկրտիչյանը: Մասնակցում էին նաև ներկայացուցիչներ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից, ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, ԵԽ միջազգային խորհրդատուներ, քաղաքացիական հասարակության անդամներ և ուրիշներ:
Մասնակիցներին ներկայացվեց հայեցակարգի նախագիծը, ՄԻԵԴ վճիռների կատարմանն ուղղված փոխգործակցության և հաղորդակցության կանոնավոր հարթակի ստեղծման անհրաժեշտությունը: ԵԽ միջազգային խորհրդատու Լիլիան Ապոստոլը ներկայացրեց քննարկվող թեմաների վերաբերյալ առաջարկություններ ու եզրակացություններ:
Համագործակցության հեռանկարներ Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի եվրոպական գրասենյակի հետ
Սեպտեմբերի 23-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի եվրոպական գրասենյակի տնօրեն Զուզանա Զալանովային:
Ռեկտորը ողջունեց հյուրին և ներկայացրեց Ակադեմիայի գործունեությանն առնչվող մանրամասներ: Զուզանա Զալանովան ներկայացրեց իր գլխավորած գրասենյակի կողմից իրականացված և իրականացվող աշխատանքները տարբեր երկրներում, նաև առաջարկեց համատեղ դասընթացներ մշակել, սեմինարներ և աշխատաժողովներ կազմակերպել՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին համագործակցությունն առաջիկայում դնել իրավական հիմքերի վրա և կարիքների գնահատման հիման վրա համատեղ ծրագրեր իրականացնել:
Զուզանա Զալանովան նաև շրջեց Ակադեմիայում, ծանոթացավ շենքային պայմաններին, եղավ տեխնիկապես հագեցած լսարաններում, դատական նիստերի դահլիճում, գրադարանում, մարզասրահում, հյուրանոցում:
Համագործակցության հուշագիր` Արդարադատության ակադեմիայի և Շվեդիայի ազգային դատարանների վարչության միջև
Սեպտեմբերի 22-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը՝ միջազգային կապերի բաժնի ղեկավար Յոնաս Հոգսթրոմի գլխավորությամբ:
Պատվիրակության կազմում էին միջազգային կապերի բաժնի իրավախորհրդատու և ծրագրերի համակարգող Լյուդվիգ Բեքինգը, Գոթեբորգի շրջանային դատարանի ավագ դատավոր Մարիթ Բերգենդահլը, Նաքայի շրջանային դատարանի ավագ դատավոր Էլիզաբեթ Վաս Լոֆսթեդթը, ուսուցման գծով փորձագետներ Ռոբերտ Սանդելը և Էրիկ Հավելիուսը:
Այցի ընթացքում Սերգեյ Առաքելյանը և Յոնաս Հոգսթրոմը հանդիսավոր պայմաններում ստորագրեցին համագործակցության հուշագիրը:
Ակադեմիայի ռեկտորը շնորհակալություն հայտնեց Շվեդիայի գործընկերներին Ակադեմիայի համագործակցության առաջարկն ընդունելու համար և շեշտեց, որ մինչ պատվիրակության այցը, երկու կառույցների ներկայացուցիչները երկարատև առցանց քննարկումներ են ունեցել, որի արդյունքում համատեղ մշակել են ծրագիր: «Հուշագրի կնքումը ոչ միայն դարձավ մեր համագործակցության իրավական հիմքը, այլ արդեն իսկ ձևավորված գործընկերության զարգացման կարևորագույն նախադրյալ: Վստահ եմ՝ համագործակցությունը մոտ ժամանակներս իր դրական արդյունքները կտա»,-նշեց ռեկտորը:
Յոնաս Հոգսթրոմն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական և համատեղ իրականացված ծրագրերը կնպաստեն Հայաստանում դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը:
Պատվիրակության այցի օրակարգը բավական հագեցած է. նպատակն է ծանոթանալ Արդարադատության ակադեմիայի գործունեությանը, ուրվագծել համագործակցության հեռանկարները, ծանոթանալ Հայաստանի դատական համակարգին, հանդիպել դատական համակարգի ներկայացուցիչներին: Պատվիրակությունը Հայաստանում է մինչև սեպտեմբերի 28-ը:
Դատախազներին և քննիչներին ներկայացվեցին ՀՀ քրեական նոր օրենսգրքի կիրառման հիմնախնդիրները
Սեպտեմբերի 17-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց դատախազների և քննիչների վերապատրաստում՝ «ՀՀ քրեական նոր օրենսգրքի կիրառման հիմնախնդիրները» թեմայով: Վերապատրաստումների այս շարքն իրականացվում է Ակադեմիայի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:
Բացման խոսքով հանդես եկավ Ակադեմիայի պրոռեկտոր Աշոտ Հայրապետյանը՝ նշելով, որ IRZ-ի հետ իրականացվող այս վերապատրաստումների շարքը չափազանց արդյունավետ և օգտակար է Ակադեմիայի ունկնդիրների համար: Պրոռեկտորը վստահություն հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի:
Վերապատրաստումը վարում էր ազգային փորձագետ, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Աննա Մարգարյանը:
IRZ-ի այս ծրագրի շրջանակում շարունակաբար անցկացվելու են բազմաթիվ սեմինարներ, աշխատաժողովներ, վերապատրաստումներ ինչպես Ակադեմիայի ունկնդիրների, դասընթացավարների, այնպես էլ աշխատակազմի համար:
Մեկնարկել է դատավորների թեկնածուների հավակնորդների 2021-2022 թթ. ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը
Սեպտեմբերի 16-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց քրեական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների 2021-2022թթ. ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը: Խմբում ընդգրկված է 12 ունկնդիր, այդ թվում՝ 2 իրավաբան գիտնական: Ունկնդիրների մասնագիտական պատրաստումը, համաձայն համապատասխան ուսուցման ծրագրի, տևելու է 7 ամիս (2021 թվականի սեպտեմբերի 16-ից 2022 թվականի ապրիլի 16-ը)՝ ներառյալ փորձաշրջանը:
Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց դատավորների թեկնածուների հավակնորդներին
Սեպտեմբերի 15-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց քրեական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների 2021-2022թթ. ցուցակում ընդգրկված անձանց: Խմբում ընդգրկված է 12 ունկնդիր, այդ թվում՝ 2 իրավաբան գիտնական: Ուսուցումն անցկացվելու է համապատասխան ուսուցման ծրագրով, որն ուղղված է ունկնդիրների մոտ դատավորի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների ձևավորմանը, մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնմանը:
Ռեկտորը ողջունեց և շնորհավորեց նրանց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ և հույս հայտնեց, որ ամիսներ անց նրանք հաջողությամբ կավարտեն ուսումնառությունը և կհամալրեն մեր երկրի դատական համակարգը:
Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայում անցկացվող ուսումնական գործընթացը, համապատասխան ուսուցման ծրագիրը, դասընթացները, քննությունների կազմակերպման և անցկացման կարգը: Ռեկտորը նաև պատասխանեց ունկնդիրներին հետաքրքրող հարցերին:
Ունկնդիրների այս խմբի մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է սեպտեմբերի 16-ին: 7 ամիս տևող մասնագիտական պատրաստումը ներառում է նաև փորձաշրջանը: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 1026 ակադեմիական ժամ է: