ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1234

08.10.2021

Աշխատաժողով՝ նվիրված անմեղության կանխավարկածին և ԶԼՄ-ներին

Հոկտեմբերի 8-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ աշխատաժողով՝ «Անմեղության կանխավարկածը և զանգվածային լրատվամիջոցները» թեմայով: Այն անցկացվում է Ակադեմիայի, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) բյուրոյի և Արևելք-արևմուտք կառավարման ինստիտուտի հետ համագործակցությամբ իրականացվող «Արդարադատության ակադեմիայի ուսումնական ծրագրերի մշակում Հայաստանում» ծրագրի շրջանակում:

 

Աշխատաժողովը վարում էր ԱՄՆ-ում գործող իրավախորհրդատու Մարկ Քեյդիշը: Քննարկմանը մասնակցում էին ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի դաշնային դատախազ Վենս Իթընը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանը և ՀՀ տարբեր ատյանների դատարանների դատավորներ:

 

Վերոնշյալ աշխատաժողովը նախատեսվում է անցկացնել նաև հոկտեմբերի 9-ին դատախազների համար:

1233

08.10.2021

Վերապատրաստում՝ նվիրված դատավորների բարեվարքությանը

Հոկտեմբերի 8-ին Արդարադատության ակադեմիայում դատավորների համար անցկացվեց հերթական վերապատրաստումը, այս անգամ՝ «Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի մեկնաբանություն» թեմայով: Վերապատրաստումների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:

 

Վերապատրաստումը վարում էին փորձագետներ Իգոր Տակկանին (Արդարադատության եվրոպական դատարանի իրավաբան), Գոհար Հակոբյանը (իրավաբանական գիտությունների թեկնածու):

 

Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան եվրոպական չափանիշներին և եվրոպական երկրներում նախադեպային իրավունքին՝ վերոնշյալ թեմայի շրջանակում:

1232

04.10.2021

Մեկնարկեց Ակադեմիայի և ԱՄՆ գործընկերների հետ համագործակցությամբ անցկացվող վերապատրաստումների շարքը

Հոկտեմբերի 4-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց Ակադեմիայի, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) բյուրոյի և Արևելք-արևմուտք կառավարման ինստիտուտի հետ համագործակցությամբ իրականացվող դասընթացավարների վերապատրաստումների շարքը՝ «Արդարադատության ակադեմիայի ուսումնական ծրագրերի մշակում Հայաստանում» ծրագրի շրջանակում: Մասնակցում էին ԹՊԻՀ տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին, ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը, ՀՀ տարբեր ատյանների դատարանների դատավորներ, դատախազներ, քննիչներ, ազգային և միջազգային փորձագետներ:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գործընկերներին, մասնավորապես՝ ԹՊԻՀ-ի ներկայացուցիչներին, արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցության համար: «Վերապատրաստումների համար ընտրված թեմաների շրջանակը վկայում է՝ որքան արդիական և կարևոր են այս դասընթացները մեր իրավակիրառողների համար»,- շեշտեց ռեկտորը՝ հավելելով, որ ամերիկյան գործընկերների դրական փորձը շատ կարևոր է ՀՀ արդարադատության համակարգի համար:

 

«Մենք փորձում ենք մշակել ծրագրեր, որոնք կնպաստեն ՀՀ արդարադատության համակարգի ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն պայքարի առավել բարձր մակարդակով իրականացմանը»,- նշեց ԹՊԻՀ տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին:

 

Դասընթացը վարում էին ազգային փորձագետներ՝ ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Աննա Մարգարյանը, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանը, նույն ամբիոնի դոցենտ Տաթևիկ Սուջյանը, ինչպես նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի դաշնային դատախազ Վենս Իթընը, ԱՄՆ-ում գործող իրավաբան Մարկ Քեյդիշը:

 

Վերապատրաստման շրջանակում առաջիկա 4 օրերի ընթացքում կներկայացվեն մի շարք թեմաներ, ինչպիսիք են՝ ապօրինի հարստացում, էլեկտրոնային ապացույցները քրեական դատավարությունում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում և այլն:

1231

04.10.2021

Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները մասնակցել են ԵԽ ծրագրի շրջանակում անցկացված առցանց քննարկմանը

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 16 արձանագրության կիրարկմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ» խորագրով առցանց քննարկում: Այն անցկացվեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի շրջանակում:

 

Արդարադատության ակադեմիայի անունից քննարկմանը մասնակցում էին Ակադեմիայի պրոռեկտոր Աշոտ Հայրապետյանը, Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Գևորգ Իսրայելյանը, Համագործակցության և հանրային կապերի բաժնի ղեկավար Աննա Մկրտիչյանը: Մասնակցում էին նաև ներկայացուցիչներ ՀՀ սահմանադրական դատարանից, ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, ՀՀ վճռաբեկ դատարանից, ՀՀ արդարադատության նախարարությունից, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից, քաղաքացիական հասարակության անդամներ, ԵԽ միջազգային խորհրդատուներ և ուրիշներ:

 

Առցանց հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ՄԻԵԿ թիվ 16 արձանագրությանը միացած երկրների օրենսդրության համեմատական վերլուծություն, քննարկվեցին միջազգային խորհրդատուի ներկայացրած եզրակացություններն ու առաջարկությունները և նախանշվեցին վերջիններս օրենսդրության մեջ ներառելուն ուղղված հետագա քայլերը։

1230

04.10.2021

Դատավորների և դատախազների վերապատրաստում՝ նվիրված ՀՀ քրեական նոր օրենսգրքին

Հոկտեմբերի 1-3-ը Աղվերանում անցկացվեց վերապատրաստում դասընթացավարների համար` նվիրված ՀՀ քրեական նոր օրենսգրքին: Վերապատրաստումն իրականացվեց Արդարադատության ակադեմիայի և Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հետ համատեղ՝ «Աջակցություն քրեական բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և ԵԽ-ի կողմից: Մասնակցում էին դատավորներ, դատախազներ:

 

Բացման խոսքով հանդես եկան Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը: Սերգեյ Առաքելյանն իր խոսքում նշեց, որ ԵԽ-ի հետ իրականացվող այս վերապատրաստումը չափազանց օգտակար է Ակադեմիայի դասընթացավարների համար: Ռեկտորը վստահություն հայտնեց, որ այս և հաջորդող վերապատրաստումների արդյունքում ձեռք բերված գիտելիքները, փորձը լավագույնս կկիրառվեն թե՛ ուսումնական գործընթացում, թե՛ մասնագիտական գործունեության մեջ:

 

Վերապատրաստումը վարում էին ԵԽ ազգային փորձագետներ Աննա Մարգարյանը, Տիգրան Սիմոնյանը, ինչպես նաև ԵԽ միջազգային փորձագետ Ջերեմի ՄաքԲրայդը, ով 2017 և 2019 թթ. մասնակցել է վերոնշյալ օրենսգրքի նախագծի փորձաքննությանը:

1229

01.10.2021

Դատախազների և քննիչների վերապատրաստում՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի վերաբերյալ

Հոկտեմբերի 1-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց դատախազների և քննիչների վերապատրաստում՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի վերաբերյալ: Վերապատրաստումների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Վերապատրաստումը վարում էր IRZ-ի ազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրայր Ղուկասյանը:

1228

30.09.2021

Առցանց դասընթաց՝ նվիրված կանանց համար արդարադատության մատչելիությանը

Սեպտեմբերի 30-ին առցանց եղանակով անցկացվեց «Կանանց համար արդարադատության մատչելիություն» HELP դասընթացի մեկնարկային հանդիպումը: Դասընթացն իրականացնում է Արդարադատության ակադեմիան՝ Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ, Իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման (HELP) եվրոպական ծրագրի շրջանակում:

 

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը՝ նշելով, որ HELP-ի հետ համագործակցությունը տարիների փորձ ունի և բազմիցս է ապացուցել իր կենսունակությունը, մշտապես արձանագրվել են դրական արդյունքներ: «Այս դասընթացը կարևոր նպատակ ունի՝ աջակցել իրավաբան մասնագետներին հասկանալ արդարադատության հասնելու իրավական և այլ խոչընդոտները և կիրառել գենդերային զգայուն մոտեցում իրենց ամենօրյա աշխատանքում»,-նշեց ռեկտորը:

 

Մասնակցում էին դատավորներ, դատախազներ, քննիչներ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի փորձագետ և Ակադեմիայի դասընթացավար Լուսինե Սարգսյանը:

 

Դասընթացը տեղայնացվել է և համապարփակ պատկերացում է տալիս կանանց իրավունքների և գենդերային հավասարության միջազգային և եվրոպական չափանիշների, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի վերաբերյալ:

1227

28.09.2021

Դիպլոմներ քննիչի թեկնածուներին

Սեպտեմբերի 28-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց՝ 2021 թվականի 1-ին խմբի ունկնդիրներին:

 

Ռեկտորը շնորհավորեց ունկնդիրներին և հաջողություն մաղթեց՝ շեշտելով, որ քննիչը քրեական դատավարության լիիրավ և ինքնուրույն սուբյեկտ է: «Դուք ձեր պրակտիկ գործունության ընթացքում անպայման առնչվելու եք բարդությունների հետ, որոնց լուծումը կախված է լինելու հենց ձեզնից: Ակադեմիան շահագրգռված է, որ դուք պատշաճ որակով իրականացնեք քննիչի շատ պատվաբեր, բայց բարդ ու պատասխանտու գործառույթները»,- նշեց Սերգեյ Առաքելյանը:

 

Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 29 ունկնդիր, որոնք իրենց մասնագիտական պատրաստումն անցկացրել են մայիսի 10-ից սեպտեմբերի 14-ը՝ համապատասխան ուսուցման ծրագրով:

1226

28.09.2021

Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակության այցը՝ Ակադեմիա

Սեպտեմբերի 28-ին Արդարադատության ակադեմիա այցելեց Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությունը՝ միջազգային հարաբերությունների ղեկավար Յոնաս Հոգսթրոմի գլխավորությամբ: Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Ակադեմիայի ներկայացուցիչները և շվեդական պատվիրակության անդամները քննարկեցին երկու կառույցների կողմից մշակված և համատեղ իրականացվելիք երկարաժամկետ ծրագրի մանրամասները: Երկու երկրների կառույցների միջև համագործակցության իրավական հիմքը դրվել է օրեր առաջ՝ սեպտեմբերի 22-ին ստորագրված համագործակցության հուշագրով:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին դատավորների թեկնածուների մասնագիտական պատրաստմանն և դատավորների վերապատրաստմանն առնչվող մի շարք հարցեր, միջազգային և օտարեկրա գործընկեր կառույցների հետ իրականացված ծրագրերի արդյունքները և այլ հարցեր: Կողմերը պայմանավորվեցին ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար ձևավորել աշխատանքային խմբեր և համագործակցված աշխատել:

 

Հանդիպման ավարտին հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ Ակադեմիայի շենքային պայմաններին, լինել գրադարանում, դատական նիստերի դահլիճում, հյուրանոցում, մարզասրահում, նաև հետևել այդ պահին լսարաններում ընթացող ուսումնական գործընթացին:

1225

27.09.2021

Արդարադատության ակադեմիայի այգում տեղադրվեց և օծվեց խաչքար՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների

Սեպտեմբերի 27-ին՝ արցախյան 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի օրը, Արդարադատության ակադեմիայի այգում տեղադրվեց և օծվեց խաչքար՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների: Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի ձեռամբ կատարվեց օրհնության կարգ: Հիշատակի միջոցառմանը մասնակցում էին Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, Ակադեմիայի գործընկեր կառույցների ներկայացուցիչները, Ակադեմիայի ունկնդիրները, աշխատակազմը, հյուրեր:

 

Միջոցառումը մեկնարկեց 1 րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով 44-օրյա պատերազմում ընկած հայորդիների հիշատակին: Խաչքարի օծման արարողությունից հետո Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիմեց ներկաներին՝ նշելով, որ ապրողների պարտքն է հիշել ու հիշատակել մեր անմահացած հերոսներին. նրանց պիտի հիշեն նաև գալիք սերունդները: Ռեկտորը ներկաներին պատմեց խաչքարի տեղադրման գաղափարի և դրա իրականացման մասին, նաև երախտագիտություն հայտնեց այդ գաղափարն իրականություն դարձնողներին աջակցության համար:

 

Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գևորգ Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ խորհրդանշական ու կարևոր է, որ խաչքար է տեղադրվում պետական ծառայողներ պատրաստող հիմնարկում: Գ. Բաղդասարյանը խոսեց նաև պատերազմի արդյունքում մարդկային և տարածքային կորուստների մասին՝ նշելով, որ դասեր պիտի քաղենք, իսկ դրա ձևերից մեկը անմահացած հերոսների հիշատակը հավերժացնելն է ոչ միայն խոսքով, այլև գործով, ապրելով, արարելով, նրանց մշտապես հիշելով և ավելի լավ Հայրենիք ունենալով:

 

Կառավարման խորհրդի անդամ Երեմ Եսոյանն էլ հորդորեց չմոռանալ մեր անցյալը, կորուստները, բայց և ապրել ու իրենց հիշելով ապրեցնել սերունդներին: