Առցանց դասընթաց՝ նվիրված կանանց համար արդարադատության մատչելիությանը
Սեպտեմբերի 30-ին առցանց եղանակով անցկացվեց «Կանանց համար արդարադատության մատչելիություն» HELP դասընթացի մեկնարկային հանդիպումը: Դասընթացն իրականացնում է Արդարադատության ակադեմիան՝ Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ, Իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման (HELP) եվրոպական ծրագրի շրջանակում:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը՝ նշելով, որ HELP-ի հետ համագործակցությունը տարիների փորձ ունի և բազմիցս է ապացուցել իր կենսունակությունը, մշտապես արձանագրվել են դրական արդյունքներ: «Այս դասընթացը կարևոր նպատակ ունի՝ աջակցել իրավաբան մասնագետներին հասկանալ արդարադատության հասնելու իրավական և այլ խոչընդոտները և կիրառել գենդերային զգայուն մոտեցում իրենց ամենօրյա աշխատանքում»,-նշեց ռեկտորը:
Մասնակցում էին դատավորներ, դատախազներ, քննիչներ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի փորձագետ և Ակադեմիայի դասընթացավար Լուսինե Սարգսյանը:
Դասընթացը տեղայնացվել է և համապարփակ պատկերացում է տալիս կանանց իրավունքների և գենդերային հավասարության միջազգային և եվրոպական չափանիշների, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի վերաբերյալ: