Մեկնարկեց Ակադեմիայի և ԱՄՆ գործընկերների հետ համագործակցությամբ անցկացվող վերապատրաստումների շարքը
Հոկտեմբերի 4-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց Ակադեմիայի, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) բյուրոյի և Արևելք-արևմուտք կառավարման ինստիտուտի հետ համագործակցությամբ իրականացվող դասընթացավարների վերապատրաստումների շարքը՝ «Արդարադատության ակադեմիայի ուսումնական ծրագրերի մշակում Հայաստանում» ծրագրի շրջանակում: Մասնակցում էին ԹՊԻՀ տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին, ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը, ՀՀ տարբեր ատյանների դատարանների դատավորներ, դատախազներ, քննիչներ, ազգային և միջազգային փորձագետներ:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գործընկերներին, մասնավորապես՝ ԹՊԻՀ-ի ներկայացուցիչներին, արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցության համար: «Վերապատրաստումների համար ընտրված թեմաների շրջանակը վկայում է՝ որքան արդիական և կարևոր են այս դասընթացները մեր իրավակիրառողների համար»,- շեշտեց ռեկտորը՝ հավելելով, որ ամերիկյան գործընկերների դրական փորձը շատ կարևոր է ՀՀ արդարադատության համակարգի համար:
«Մենք փորձում ենք մշակել ծրագրեր, որոնք կնպաստեն ՀՀ արդարադատության համակարգի ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն պայքարի առավել բարձր մակարդակով իրականացմանը»,- նշեց ԹՊԻՀ տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին:
Դասընթացը վարում էին ազգային փորձագետներ՝ ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Աննա Մարգարյանը, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանը, նույն ամբիոնի դոցենտ Տաթևիկ Սուջյանը, ինչպես նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի դաշնային դատախազ Վենս Իթընը, ԱՄՆ-ում գործող իրավաբան Մարկ Քեյդիշը:
Վերապատրաստման շրջանակում առաջիկա 4 օրերի ընթացքում կներկայացվեն մի շարք թեմաներ, ինչպիսիք են՝ ապօրինի հարստացում, էլեկտրոնային ապացույցները քրեական դատավարությունում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում և այլն: