ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Արդարադատության ակադեմիայի այգում տեղադրվեց և օծվեց խաչքար՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների

27.09.2021

Սեպտեմբերի 27-ին՝ արցախյան 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի օրը, Արդարադատության ակադեմիայի այգում տեղադրվեց և օծվեց խաչքար՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների: Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի ձեռամբ կատարվեց օրհնության կարգ: Հիշատակի միջոցառմանը մասնակցում էին Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, Ակադեմիայի գործընկեր կառույցների ներկայացուցիչները, Ակադեմիայի ունկնդիրները, աշխատակազմը, հյուրեր:

 

Միջոցառումը մեկնարկեց 1 րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով 44-օրյա պատերազմում ընկած հայորդիների հիշատակին: Խաչքարի օծման արարողությունից հետո Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիմեց ներկաներին՝ նշելով, որ ապրողների պարտքն է հիշել ու հիշատակել մեր անմահացած հերոսներին. նրանց պիտի հիշեն նաև գալիք սերունդները: Ռեկտորը ներկաներին պատմեց խաչքարի տեղադրման գաղափարի և դրա իրականացման մասին, նաև երախտագիտություն հայտնեց այդ գաղափարն իրականություն դարձնողներին աջակցության համար:

 

Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գևորգ Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ խորհրդանշական ու կարևոր է, որ խաչքար է տեղադրվում պետական ծառայողներ պատրաստող հիմնարկում: Գ. Բաղդասարյանը խոսեց նաև պատերազմի արդյունքում մարդկային և տարածքային կորուստների մասին՝ նշելով, որ դասեր պիտի քաղենք, իսկ դրա ձևերից մեկը անմահացած հերոսների հիշատակը հավերժացնելն է ոչ միայն խոսքով, այլև գործով, ապրելով, արարելով, նրանց մշտապես հիշելով և ավելի լավ Հայրենիք ունենալով:

 

Կառավարման խորհրդի անդամ Երեմ Եսոյանն էլ հորդորեց չմոռանալ մեր անցյալը, կորուստները, բայց և ապրել ու իրենց հիշելով ապրեցնել սերունդներին: