ԵԽ երևանյան գրասենյակի գործընկերների այցը Արդարադատության ակադեմիա
Հոկտեմբերի 13-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգը, ԵԽ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և բարձր գնահատեց համատեղ իրականացված և ընթացիկ ծրագրերի արդյունավետությունը:«Համագործակցության արդյունավետությունը պետք է չափել արդյունքներով, իսկ դրանք դրական են և վստահաբար շարունակական են լինելու»,-նշեց ռեկտորը:
Մաքսիմ Լոնգանգն իր հերթին երախտագիտություն հայտնեց Ակադեմիային և անձամբ ռեկտորին պատրաստակամության, համագործակցությունը շարունակաբար խորացնելուն ուղղված ջանքերի համար:
Լիանա Ամիրբեկյանը տեղեկացրեց, որ ազգային և միջազգային փորձագետների համատեղ ջանքերով մշակվել և թարգմանվել է ուսուցման ծրագիր, որը նախատեսված է Ակադեմիայի ունկնդիրների համար: Այն վերաբերում է գենդերային հավասարության ապահովմանը դատավորների, դատախազների, քննիչների գործունեության ընթացքում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նոր մշակված դասընթացի համար դասընթացավարների ընտրության, վերապատրաստման անցկացման ժամկետների և ուսուցման գործընթացում դասընթացի ներդրմանը վերաբերող մի շարք հարցեր: