Արդարադատության ակադեմիայի 2019 թվականի շրջանավարտներից 4-ը նշանակվել են դատավորի պաշտոնում
ՀՀ Նախագահի հրամանագրերով՝ Արդարադատության ակադեմիայի 2019 թվականի ունկնդիր-շրջանավարտներից 4-ը նշանակվել են դատավորի պաշտոնում.
1. Դանիել Մխեյան - Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
2. Արմինե Մելիքսեթյան - Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
3. Մարիաննա Ստեփանյան – Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
4. Գառնիկ Ստեփանյան - Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
ՀՀ նախագահի հրամանագրերը դատավորներ նշանակելու մասին.
http://president.am/hy/decrees/item/4906/
http://president.am/hy/decrees/item/4907/
ԱՄՆ գործընկերների հետ քննարկվեցին համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
Նոյեմբերի 8-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Կովկասյան տարածաշրջանի երկրների աջակցման համակարգող Քեվին Բրգվինքլը (Վաշինգտոն) և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության երևանյան գրասենյակի տնօրեն Մայքլ Շուլմանը:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հյուրերին ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ Արդարադատության ակադեմիան Հայաստանի Հանրապետությունում միակ կառույցն է, որը պատասախանատու է դատավորների, դատախազների, քննիչների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման համար: Ռեկտորն անդրադարձավ ուսուցման ծրագրերին, ուսուցման մեթոդաբանությանը, միջազգային համագործակցությանը՝ այդ առումով շեշտադրելով ԱՄՆ գործընկերների հետ ունեցած դրական փորձը: «Պատահական չէ, որ Ակադեմիայում այս տարի գործարկել ենք «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ը, համատեղ մշակել և ուսումնական ծրագրերում ներդրել խիստ արդիական թեմաներին առնչվող 9 մոդուլներ, նաև այս պահին համատեղ աշխատանքներ ենք իրականացնում ևս 5 մոդուլների մշակման ուղղությամբ»,-նշեց Սերգեյ Առաքելյանը:
Հյուրերը գոհունակությամբ խոսեցին առկա համագործակցության դրական արդյունքների մասին: Ռեկտորը, ի պատասխան հյուրերի հարցադրումներին, նշեց Ակադեմիայի և ՀՀ արդարադատության նախարարության արդյունավետ համագործակցության, իրականացված համատեղ միջոցառումների մասին: Նաև անդրադարձավ միջազգային և օտարերկրյա գործընկեր կառույցների հետ իրականացվող ծրագրերին:
Հյուրերը նաև հնարավորություն ունեցան շրջելու «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ում, որն ամբողջությամբ նորոգվել, կահավորվել և տեխնիկապես վերազինվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:
Արդարադատության ակադեմիայի ռեկտորը դիպլոմներ հանձնեց դատավորների թեկնածուների հավակնորդներին և դատախազի թեկնածուներին
Հոկտեմբերի 30-ին Արդարադատության ակադեմիայում մեծ հանդիսավորությամբ ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ավարտական դիպլոմներ հանձնեց Ակադեմիայի 2019 թվականի ունկնդիրներին՝ դատավորների թեկնածուների 16 հավակնորդներին (քրեաիրավական, քաղաքացիաիրավական, վարչաիրավական մասնագիտացումներով) և դատախազի 14 թեկնածուներին: Ներկա էին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները՝ Խորհրդի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ և նշեց, որ ուսումնական գործընթացի ամփոփումով մեկնարկում է մեր երկրի դատական և դատախազական համակարգերը նոր սերնդի ներկայացուցիչներով համալրելու գործընթացը: «Ցանկացած կրթական գործառույթ իրականացնող կառույցի գործունեության գնահատականը նրա շրջանավարտների հաջողություններն են, ձեռքբերումները, և այդ առումով լիահույս եմ, որ մեր բոլորի պատիվը բարձր եք պահելու: Երբ իրականացնեք արդարադատություն և դատախազական հսկողություն, կզգաք, թե ինչքան ավելի բարդ է իրական կյանքը, քան քննաշրջանների փուլն էր»,-նշեց ռեկտորը: Սերգեյ Առաքելյանը բարի երթ մաղթեց շրջանավարտներին և հաջողություններ խիստ պատասխանատու և դժվար ճանապարհին:
Արմեն Հարությունյանը ևս շնորհավորեց շրջանավարտներին և շնորհակալություն հայտնեց Ակադեմիայի ռեկտորին և աշխատակազմին, ինչպես նաև ուսուցման գործընթացում ներգրավված մասնագետներին, որոնք իրենց գիտելիքն ու փորձառությունն են փոխանցել ունկնդիրներին:
Ուսուցումն ավարտած ունկնդիրների նշանակումը կատարվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հանդիպում-քննարկում ԱՄՆ-ից ժամանած գործընկերների հետ
Հոկտեմբերի 30-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած հյուրերին՝ Կենտուկի նահանգի հանրային պաշտպան Սքոթ Վեստին, Մինչդատական ծառայությունների դեպարտամենտի ներկայացուցիչ Թարա Բլեյրին, իրավախորհրդատու Ջեսսի Թաննենբաումին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանի և ԹՊԻՀ գրասենյակի իրավապահ մարմինների հետ համագործակցության խորհրդատու Ադի Հոլլովեյի ուղեկցությամբ:
Ռեկտորը ողջունեց հյուրերին և իր երախտագիտությունը հայտնեց Միացյալ Նահանգներին՝ ժամեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում Սերգեյ Առաքելյանը մանրամասնորեն ներկայացրեց Ակադեմիայի գործունեությունը, հիմնական ուղղությունները, նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործուն աջակցությունն ու դրական արդյունքները, որոնք հիմք են հետագայում ևս արդյունավետ համագործակցության համար: Ռեկտորը պատասխանեց հյուրերին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Ակադեմիայում մասնագիտական պատրաստմանն ու վերապատրաստմանը, ուսումնական գործընթացի կազմակերպմանը, «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացմանը և այլն:
Հյուրերն իրենց հերթին գոհունակություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և նշեցին, որ տպավորված են Ակադեմիայի գործունեությամբ և այն մեծածավալ աշխատանքով, որն արվել է և շարունակվում է իրականացվել:
Հանդիպման ավարտին ռեկտորը հյուրերին ներկայացրեց Ակադեմիայի շենքային պայմանները, լսարանները, ուսումնական դատական նիստերի դահլիճը, գրադարանը, հյուրանոցը, նաև «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ը, որն ամբողջությամբ նորոգվել, կահավորվել և տեխնիկապես վերազինվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:
Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորը ճանաչողական այցով Իտալիայում էր
Հոկտեմբերի 21-ից 25-ը ճանաչողական այցով Իտալիայի Հանրապետությունում էր Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Այցը կազմակերպել էր Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպությունը (IDLO)՝ Իտալիայի մագիստրատուրայի բարձրագույն դպրոցի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համատեղ: Մասնակցում էին նաև ներկայացուցիչներ Ուկրաինայից, Ղրղզստանից, ովքեր կիսվեցին դատավորների, դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման իրենց փորձով:
Այցի շրջանակում անցկացվեցին մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում ներկայացվեցին Իտալիայի մագիստրատուրայի բարձրագույն դպրոցի գործունեության, Իտալիայի դատական իշխանության և դատախազության համակարգի առանձնահատկությունները: Մասնակիցների համար հանդիպումներ կազմակերպվեցին ինչպես Իտալիայի մագիստրատուրայի բարձրագույն դպրոցում, այնպես էլ Ֆլորենսիայի դատարանում, Մագիստրատուրայի բարձրագույն դատական խորհրդում:
Մեկնարկել է դատավորների թեկնածուների հավակնորդների առաջին քննաշրջանը
Հոկտեմբերի 25-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց մասնագիտական պատրաստում անցնող դատավորների թեկնածուների հավակնորդների 2019-2020թթ. արտահերթ ցուցակում ընդգրկված ունկնդիրների առաջին քննաշրջանը:
8 դասընթացներ ընդգրկող միասնական քննությունը համակարգչայնացված է, որն անցկացվեց թեսթային տարբերակով:
Դատավորների թեկնածուների հավակնորդների ուսուցումն անցկացվում է ուսուցման ծրագրի համապատասխան՝ ընդհանուր և հատուկ մասնագիտական դասընթացների մոդուլների հիման վրա: Ուսումնառության ընդհանուր տևողությունը 1026 ակադեմիական ժամ է՝ ներառյալ փորձաշրջանը: Դատավորների թեկնածուների հավակնորդների այս խմբի մասնագիտական պատրաստումը մեկնարկել է 2019թ. սեպտեմբերի 9-ին և կավարտվի 2020թ. մայիսի 4-ին:
Ամերիկահայ իրավաբան Վարդան Վիկտոր Վարդանյանի դասախոսությունը վերապատրաստում անցնող դատավորների համար
Հոկտեմբերի 24-ին Արդարադատության ակադեմիայում հրավիրյալ դասախոս Վարդան Վիկտոր Վարդանյանը Ակադեմիայում այս շաբաթ վերապատրաստում անցնող դատավորների համար հանդես եկավ դասախոսությամբ՝ «Մտավոր սեփականության իրավունքի խախտումներ. մարտահրավերներ և արձագանք» թեմայով: Քննարկման առարկա էին մտավոր սեփականության իրավունքի խախտումների տեսակները և բնույթը ԱՄՆ-ում և աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաև դրանց ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա, առաջացման պատճառները, այդ թվում՝ օրենսդրական խնդիրներ, ձևավորված նախադեպային իրավունք, կոռուպցիա, բարդ և գաղտնի սխեմաներ և այլն:
Վարդան Վիկտոր Վարդանյանն ունի ԱՄՆ ֆեդերալ կառավարությունում և իրավապահ համակարգում շուրջ 30 տարվա աշխատանքային փորձ, մասնագիտացած է մտավոր սեփականության իրավունքի խախտումների վերաբերյալ գործերի քննության մեջ։
Դասախոսությունը վերածվեց ակտիվ քննարկման՝ հարց ու պատասխանի ձևաչափով:
Ռեկտորը հանդիպեց ունկնդիրներին՝ առաջին քննաշրջանին ընդառաջ
Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրների քննաշրջանին ընդառաջ և ձևավորված ավանդույթի համաձայն՝ հոկտեմբերի 17-ին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց դատավորների թեկնածուների հավակնորդների 2019-2020թթ. արտահերթ ցուցակում ընդգրկված ունկնդիրներին: Ավարտվել է ուսումնառության առաջին հատվածը, որին հաջորդելու է 8 դասընթացներ ընդգրկող միասնական քննությունը: Այն անցկացվելու է համակարգչայնացված եղանակով՝ թեսթային տարբերակով:
«Հասել ենք կարևոր փուլի. հոկտեմբերի 25-ից մեկնարկում է քննաշրջանը: Մեր նպատակն է ոչ թե պարզել՝ ինչ չգիտեք, այլ հակառակը՝ իմանալ, թե ինչ գիտեք և գնահատել ձեր գիտելիքն ու հմտությունները, որպեսզի ուսումնառության ավարտին պատրաստի դատավորներ ունենանք»,-նշեց ռեկտորը:
Հանդիպման ընթացքում ռեկտորը ներկայացրեց քննությունների անցկացման կարգը, քննաշրջանի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր, նաև պատասխանեց ունկնդիրներին հետաքրքրող հարցերին:
Ռեկտորը հավաստիացրեց, որ ամեն ինչ արվելու է քննությունը սահմանված կարգով անցկացնելու համար և ունկնդիրներին հաջող քննաշրջան մաղթեց:
Արդարադատության ակադեմիա են այցելել Ռիգայի իրավունքի բարձրագույն դպրոցի ներկայացուցիչները
Հոկտեմբերի 14-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Ռիգայի իրավունքի բարձրագույն դպրոցի ներկայացուցիչներին՝ տնօրեն Իեվա Ռասենաժայի գլխավորությամբ: Հյուրերն իրենք էին ցանկություն հայտնել այցելել Ակադեմիա, ծանոթանալ Ակադեմիայի գործունեությանը՝ հնարավոր համագործակցություն ծավալելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին Ակադեմիայի պորռեկտոր Անահիտ Մանասյանը, Համագործակցության և հանրային կապերի բաժնի ղեկավար Աննա Մկրտչյանը:
Ռեկտորը ողջունեց հյուրերին և ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, առաջնահերթությունները:
Հյուրերը երախտագիտություն հայտնեցին ընդունելության համար և ներկայացրին 20-ամյա կառույցի յուրահատկությունները, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Երկկողմ պայմանավորվածություններ ձեռքբերվեցին քննարկված հարցերի կապակցությամբ համատեղ ծրագրեր մշակելու և իրականացնելու վերաբերյալ:
Հյուրերը նաև շրջեցին Ակադեմիայում, ծանոթացան շենքային և աշխատանքային պայմաններին:
«Դատարաններ և հաղորդակցություն» եվրոպական համաժողովին մասնակցել է հայաստանյան պատվիրակությունը
Արդարադատության ակադեմիայի և Հունգարիայի դատական իշխանության ազգային գրասենյակի միջև համագործակցության շրջանակում հոկտեմբերի 9-11-ը հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է Բուդապեշտում անցկացված եվրոպական 7-րդ համաժողովին՝ նվիրված դատարանների գործունեության մեջ հաղորդակցության դերին: Պատվիրակության կազմում էին Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանը, ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը:
Համաժողովին մասնակցում էին շուրջ 20 երկրի պատվիրակություններ: Համաժողովի ընթացքում քննարկվել են հնչեղություն ունեցող դատական գործերին առնչվող հարցեր՝ մեդիայի և հաղորդակցության համատեքստում, ներկայացվել է դատարանների առաքելությունն իրավական արժեքների ձևավորման և զարգացման գործում, ինչպես նաև տարբեր կառույցներում ներքին հաղորդակցության կարևորությունը:
Հայաստանյան պատվիրակության անդամները համաժողովի մասնակիցներին ներկայացրել են քննարկվող թեմայի վերաբերյալ հայաստանյան փորձը: