Աշխատաժողով՝ «Ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները» թեմայով
Դեկտեմբերի 17-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց աշխատաժողով՝ «Ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները» թեմայով: Աշխատաժողովը կազմակերպել էր Ակադեմիան՝ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հետ համատեղ: Մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ դատական իշխանությունից, դատախազությունից, ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ՀՀ ոստիկանությունից, հասարակական կազմակերպություններից: Աշխատաժողովը վարում էին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչ Վիկտոր Կունդրակը, Ակադեմիայի դասընթացավար Նունե Հայրապետյանը:
Արդարադատության ակադեմիայի անունից փորձագետներին և մասնակիցներին ողջունեց պրոռեկտոր Անահիտ Մանասյանը և հույս հայտնեց, որ եռակողմ համագործակցությունը՝ Ակադեմիայի, ՀՀ գլխավոր դատախազության և ԵԱՀԿ-ի միջև կլինի շարունակական: Այդ առումով պրոռեկտորը կարևորեց վերոնշյալ թեմատիկայով դասընթացի անհրաժեշտությունը: «Ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները ժամակակակից աշխարհի կարևորագույն խնդիրներից են և դրա դեմ պայքարն ունի չափազանց կարևոր նշանակություն: Այդ առումով կարևորում ենք համատեղ ջանքերը»,-նշեց Անահիտ Մանասյանը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակը մշակել է ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մասին երկու դասընթաց: Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին վերոնշյալ դասընթացի ծրագրերը, նպատակը, ձևաչափը, մեթոդաբանությունը, իմպլեմենտացման քայլերը, միջազգային չափանիշները, օրենսդրությունը, ատելության հողի վրա կատարված հանացագործությունների մասին ԵԱՀԿ հայեցակարգը, ինչպես նաև ԺՀՄԻԳ գործունեությունն ատելության հողի վրա կատարված հանցագործությունների ոլորտում: