Խորվաթիայի արդարադատության ակադեմիայի պատվիրակության այցը Արդարադատության ակադեմիա
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրավերով հոկտեմբերի 9-12-ը Երևանում էր Խորվաթիայի Հանրապետության արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ Գերագույն դատարանի նախագահ, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Դուրո Սեսայի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության ակադեմիայի ծրագրերի մշակման խորհրդի անդամ Գորդանա Հարամինա Հրանիլովիչը, Արդարադատության ակադեմիայի տնօրեն Անդրեա Պոսավեց Ֆրանիչը, Արդարադատության ակադեմիայի գլխավոր քարտուղար Մայա Մարիա Ֆուքսը, Արդարադատության ակադեմիայի միջազգային համագործակցության և ծրագրերի զարգացման բաժնի ղեկավար Նելլա Պոպովիչը:
Այցի օրակարգը հագեցած էր, գլխավոր նպատակը՝ երկկողմ համագործակցությունն իրավական հիմքերի վրա դնելը և համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ քննարկումներ անցկացնելը:
Հանդիսավոր միջոցառման ընթացքում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և նշանավորեց Խորվաթիայից ժամանած գործընկերների՝ համագործակցության ձևավորմանն ու զարգացմանն ուղղված այցը: Անդրեա Պոսավեց Ֆրանիչն իր հերթին երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար և վստահեցրեց, որ այցը երկու երկրների և կառույցների բարեկամության ու համագործակցության, ինչպես նաև համատեղ ծրագրերի հրաշալի սկիզբ է:
Սերգեյ Առաքելյանը և Անդրեա Պոսավեց Ֆրանիչը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Այցի շրջանակում Գերագույն դատարանի նախագահն ու Արդարադատության ակադեմիայի տնօրենը հանդես եկան դասախոսությամբ Ակադեմիայի ունկնդիրների և աշխատակազմի ներկայացուցիչների համար: Պատվիրակության անդամները նաև ծանոթացան Ակադեմիայի շենքային և աշխատանքային պայմաններին:
Խորվաթիայի արդարադատության ակադեմիան իրականացնում է մասնագիտական պատրաստում և վերապատրաստում ինչպես դատավորների, այնպես էլ դատախազների համար, ուստի հյուրերին հետաքրքրում էին մեր երկրում դատական և դատախազական համակարգերի գործունեության առանձնահատկությունները: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինչպես նաև նրա տեղակալ, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանն ընդունեցին Խորվաթիայի պատվիրակությանը, կարևորեցին լավագույն փորձը փոխանակելու հնարավորությունը, պատասխանեցին հետաքրքրող հարցերին:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Երվանդ Խունդկարյանը ևս ընդունեց պատվիրակությանը: Քննարկվեցին դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, դատավոր դառնալու տարիքային շեմին, դատավորների ծանրաբեռնվածությանն առնչվող բազմաթիվ հարցեր:
Այցի շրջանակում հյուրերի համար հնարավորություն էր ստեղծվել ծանոթանալ Հայաստանի ու հայ ժողովրդի հարուստ պատմությանն ու մշակույթին: Խորվաթիայի պատվիրակության անդամները չափազանց տպավորված էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան, Մատենադարանի թանգարանային համալիր, Գառնիի տաճար, Գեղարդի վանական համալիր, «Արարատ» կոնյակի գործարանի թանգարան այցելություններից:
Իտալիայի բարձրագույն դատական դպրոցի պատվիրակությունն այցելել է Արդարադատության ակադեմիա
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրավերով հոկտեմբերի 8-9-ը Երևանում էր Իտալիայի բարձրագույն դատական դպրոցի պատվիրակությունը, որի կազմում էին Դպրոցի փոխնախագահ, դատավոր Լուիզա Նապոլիտանոն և Կառավարման խորհրդի անդամ, դատավոր Լուկա Պերիլին:
Այցի նպատակը երկու կառույցների միջև համագործակցության ձևավորումն ու հետագա քայլերի նախանշումն էր: Հյուրերն այցելեցին Արդարադատության ակադեմիա, հանդիպեցին ռեկտորին, քննարկեցին երկու կառույցների գործունեության առանձնահատկությունները, համագործակցության հնարավոր ձևաչափը, փորձի փոխանակման հնարավորությունները, ծանոթացան Ակադեմիայի շենքային պայմաններին:
Այցի շրջանակում Իտալիայի բարձրագույն դատական դպրոցի ներկայացուցիչներին հյուրընկալեցին նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Անի Մխիթարյանը, Հայկ Հովհաննիսյանը: Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն: Հյուրերը հետաքրքրված էին ԲԴԽ-ի գործունեությամբ և նշեցին, որ շատ ընդհանրություններ կան երկու երկրների համանման կառույցների միջև, որոնցով էլ պայմանավորված՝ ավելի արդյունավետ կդառնա համագործակցությունը:
Հյուրերը նաև եղան ՀՀ արդարադատության նախարարությունում, հանդիպեցին Նախարարի տեղակալ, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Աննա Վարդապետյանին, քննարկեցին դատաիրավական ոլորտին և մասնագիտական պատրաստմանն ու վերապատրաստմանն առնչվող մի շարք հարցեր:
Իտալիայից ժամանած հյուրերը Հայաստանում էին առաջին անգամ, ուստի նրանց համար կազմակերպվեցին այցեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան, ինչպես նաև Մատենադարանի թանգարանային համալիր:
Այցի ավարտին կողմերը ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու և համագործակցության խորացման պատրաստակամություն հայտնեցին:
Մեկնարկեց HELP առցանց դասընթացը՝ «Բռնություն կանանց նկատմամբ և ընտանեկան բռնություն» թեմայով
Հոկտեմբերի 4-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ «Բռնություն կանանց նկատմամբ և ընտանեկան բռնություն» թեմայով Եվրոպայի Խորհրդի HELP (Մարդու իրավունքների թեմայով ուսուցում իրավական ոլորտի մասնագետների համար) առցանց դասընթացի մեկնարկային հանդիպումը:
Բացման խոսքով հանդես եկան Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, ԵԽ HELP ծրագրի պատասխանատու Անա Մեդարսկա-Լազովան, ԵԽ երևանյան գրասենյակի ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը: Ծրագրի դասընթացավարն է ԵԽ փորձագետ Լուսինե Սարգսյանը:
«Ժամանակակից աշխարհում կանանց նկատմամբ բռնությանն ու ընտանեկան բռնությանն առնչվող հարցերը չափազանց կարևոր են, առավել կարևոր է դրանց կանխարգելումը, հետևաբար նմանատիպ միջոցառումների անցկացումը մեծ ազդեցություն է ունենում ոլորտի կատարելագործման տեսանկյունից»,-նշեց պրոռեկտորը և շնորհակալություն հայտնեց ԵԽ-ին նշյալ թեմատիկայի շրջանակում սերտ և արդյունավետ համագործակցության ու տեսանելի արդյունքների համար:
Առցանց դասընթացն իրականացնում է Արդարադատության ակադեմիան՝ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ:
Դասընթացի շրջանակներում ներկայացվելու է կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և բռնությունից նրանց պաշտպանության ոլորտի հիմնական հասկացությունները, ոլորտը կարգավորող միջազգային, եվրոպական իրավական դաշտն ու նախադեպային իրավունքը, անդրադարձ է կատարվելու ԵԽ-ի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիային։
Դասընթացի հերթական փուլն անցկացվելու է 2019թ. հոկտեմբեր-2020թ. հունվար ամիսներին: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան ավարտական վկայականներ։
Ավարտական դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ՝ Արդարադատության ակադեմիայի շրջանավարտ-քննիչի թեկնածուներին
Հոկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեում մեծ հանդիսավորությամբ Արդարադատության ակադեմիայի ավարտական դիպլոմներ ստացան ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձինք՝ Ակադեմիայի 2019 թվականի ունկնդիրները: Մասնակցում էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներ, հյուրեր:
Շնորհավորելով քննիչի թեկնածուներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ներկայացրեց քննիչի մասնագիտության կարևորությունն ու անհրաժեշտ որակները: «Քննիչի աշխատանքը չափազանց կարևոր է, պահանջված, պատվաբեր, միաժամանակ բարդ և ծանր: Այն մեծ զոհողություններ է պահանջում՝ կապված ամենօրյա ծանր ֆիզիկական և մտավոր լարվածության և բազմաթիվ այլ դժվարությունների հետ: Քննիչի աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 9-ին և չի ավարտվում: Քննիչը պաշտոն չէ, այլ կոչում, ապրելակերպ»,-նշեց Հայկ Գրիգորյանը:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց, որ քրեական արդարադատության հիմքում հենց քննիչի աշխատանքն է: «Ցանկացած՝ հատկապես կրթական հաստատության համար լավագույն գնահատականը նրա շրջանավարտներն են: Վստահ եմ, որ մեր պատիվը բարձր կպահեք, և մենք ուրախ կլինենք լսել ձեր հաջողությունների ու ձեռքբերումների մասին»,-նշեց ռեկտորը և բարի երթ մաղթեց շրջանավարտներին:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց 52 շրջանավարտներին, իսկ նրանցից 20-ը ստացան նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանները՝ տարածքային ստորաբաժանումներում աշխատանքի նշանակվելու վերաբերյալ:
Արարողության ավարտին Ակադեմիայի շրջանավարտները, արդեն որպես նորանշանակ քննիչներ, նաև հանդիսավորությամբ երդվեցին:
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը 1-ին խումբի ունկնդիրների համար անցկացվել է 2019 թվականի մարտի 11-ից օգոստոսի 6-ը, իսկ 2-րդ խմբի համար՝ ապրիլի 22-ից սեպտեմբերի 17-ը:
Վրաստանի բարձրագույն դատական դպրոցի պատվիրակության այցը Արդարադատության ակադեմիա
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրավերով հոկտեմբերի 2-4-ը Երևանում էր Վրաստանի բարձրագույն դատական դպրոցի պատվիրակությունը՝ տնօրեն Վանո Բոլկվաձեի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին տնօրենի տեղակալ Զուրաբ Ազնաուրաշվիլին, միջազգային և վերլուծական բաժնի գլխավոր խորհրդատու Անա Մխեբրիշվիլին:
Այցի շրջանակում Սերգեյ Առաքելյանը և Վանո Բոլկվաձեն ստորագրեցին հուշագիր՝ երկու կառույցների միջև համագործակցությունը դնելով իրավական հիմքերի վրա:
«Շատ ուրախ եմ մեր անմիջական հարևաններին Հայաստանում՝ մասնավորապես Արդարադատության ակադեմիայում ողջունելու համար: Ակադեմիայում համագործակցության հուշագրեր ստորագրելն արդեն ձևավորված ավանդույթ է, բայց Վրաստանի դեպքում օպերատիվ շփման հնարավորություններն ավելի մեծ են, և վստահ եմ, որ կարող ենք մոտ ապագայում համատեղ ձեռքբերումներ ունենալ»,-նշեց ռեկտորը:
«Այսօր պատմական օր է երկու եղբայրական ժողովուրդների համար: Համոզված եմ՝ փաստաթղթի ստորագրումը միայն սկիզբն է, և մենք կարող ենք և ցանկություն ունենք համատեղ արդյունավետ միջոցառումներ կազմակերպել, փոխանակվել փորձով»,-նշեց տնօրենն ու երախտագիտություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար:
Պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան շրջել Ակադեմիայում, ծանոթանալ պայմաններին, լինել լսարաններում, գրադարանում: Վրաստանի բարձրագույն դատական դպրոցի ներկայացուցիչները նաև դասախոսությամբ հանդես եկան Ակադեմիայի ունկնդիրների և աշխատակազմի համար՝ ներկայացնելով ինչպես իրենց դպրոցի գործունեությունը, այնպես էլ Վրաստանում դատական համակարգի առանձնահատկությունները: Լսարանը չափազանց հետաքրքրված էր հարևան երկրի փորձով:
Վրացի պատվիրակները Հայաստանում էին առաջին անգամ, ուստի նրանց համար հնարավորություն էր ստեղծվել մշակութային ու ճանաչողական այցերի միջոցով փորձել բացահայտել բազմադարյա պատմություն և մշակույթ ունեցող հարևան երկիրն ու ժողովրդին: Հյուրերն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի շուրջը, եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, ինչպես նաև Ս.Փարաջանովի թանգարանում, Մատենադարանի թանգարանային համալիրում, «Արարատ» կոնյակի գործարանի թանգարանում:
Երկօրյա սեմինար՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների որոշակի ասպեկտների և քրեական գործերի վերաբացման վերաբերյալ
Սեպտեմբերի 30-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է երկօրյա սեմինար այս շաբաթ Ակադեմիայում վերապատրաստում անցնող քրեական մասնագիտացմամբ դատավորների համար: Այն նվիրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների որոշակի ասպեկտներին և քրեական գործերի վերաբացմանը:
Սեմինարը կազմակերպվել է Արդարադատության ակադեմիայի կողմից՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի հետ համատեղ՝ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և ԵԽ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» կառուցակարգի շրջանակներում:
Միջազգային փորձագետներ Ջերեմի ՄքԲրայդին և Լիլիան Ապոստոլին, սեմինարի մասնակիցներին ողջունեցին Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը:
Վերոնշյալ թեմայով սեմինար անցկացվել է նաև նախորդ շաբաթ դատավորների մեկ այլ խմբի համար:
Արդարադատության ակադեմիայի ռեկտորը Քեյփթաունում մասնակցել է IOJT միջազգային 9-րդ համաժողովին
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը սեպտեմբերի 22-26-ը մասնակցել է Դատական ոլորտի մասնագետների ուսուցման միջազգային կազմակերպության (IOJT) 9-րդ համաժողովին, որն անցկացվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում:
IOJT-ի այս տարվա համաժողովի թեման էր՝ «Դատական ոլորտի մասնագետների ուսուցում. ուղիներ դատական համակարգի հաջող փոխակերպման համար»: Քննարկվել են դատական ոլորտի մասնագետների ուսուցման մարտահրավերները՝ այդ թվում ուսումնական ծրագրերի, գնահատման չափորոշիչների մշակման ժամանակակից մոտեցումները և այլն:
Համաժողովը, որին մասնակցում էին 250-ից ավելի պատվիրակներ աշխարհի տարբեր երկրների համանման կառույցներից, ի թիվս այլ հարցերի՝ քննարկել և ընդունել է կառույցի կանոնադրությունում կատարվող փոփոխությունները, ընտրել գլխավոր քարտուղար և IOJT նախագահի տարածաշրջանային ղեկավարներ:
Համաժողովի շրջանակում Սերգեյ Առաքելյանը հանդիպել է մի շարք երկրների համանման կառույցների ղեկավարների հետ և քննարկել հետագա հնարավոր համագործակցությանն ուղղված քայլեր:
Հիշեցնենք, որ Արդարադատության ակադեմիան IOJT անդամ կառույց է 2019 թվականի մարտից: Միջազգային այս հեղինակավոր կազմակերպությունը հիմնադրվել է 2002 թվականին՝ նպատակ ունենալով աջակցել ամբողջ աշխարհում դատական ոլորտի մասնագետների համար ուսուցում իրականացնող հաստատությունների աշխատանքներին:
Երկօրյա սեմինար քրեական մասնագիտացմամբ դատավորների համար
Սեպտեմբերի 26-ին Արդարադատության ակադեմիայում քրեական մասնագիտացմամբ դատավորների համար մեկնարկեց երկօրյա սեմինար՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների որոշակի ասպեկտների և քրեական գործերի վերաբացման վերաբերյալ: Սեմինարը կազմակերպվել է Արդարադատության ակադեմիայի կողմից՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի հետ համատեղ՝ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ ԵԽ և Եվրոպական Միության ֆինանսավորմամբ:
Արդարադատության ակադեմիայի անունից ԵԽ գործընկերներին, միջազգային փորձագետներին, սեմինարի մասնակիցներին ողջունեց պրոռեկտոր Անահիտ Մանասյանը՝ նշելով, որ արդեն ավանդական է դարձել ԵԽ-ի հետ համատեղ միջոցառումների կազմակերպումը: «Այդ համագործակցությունը կարևորվում է դատաիրավական բարեփոխումներին նպաստելու, արդարադատության, իրավակիրառ պրակտիկայի որակի կատարելագործմանն որոշակի ներդրում ունենալու տեսանկյուններից»,-նշեց պրոռեկտորը: Ավելին, նրա խոսքով՝ այս պահին դատավորների և դատական ծառայողների համար մշակվում է 5 նոր դասընթաց՝ ներպետական և միջազգային փորձագետների ներգրավմամբ: Դրանք վերաբերում են դատական ակտերի կազմման հմտություններին, հարցաքննության մեթոդիկային և հաղորդակցության հմտություններին և այլն:
ԵԽ երևանյան գրասենյակի ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանն ևս ողջունեց ներկաներին, ներկայացրեց իրականացվող ծրագրի կարևորությունը, հիմնական ուղղությունները և միջազգային փորձագետներ Ջերեմի ՄքԲրայդին և Լիլիան Ապոստոլին: «Ակադեմիայի հետ համագործակցությունն արդյունավետ է և շարունակական»,-նշեց Գայանե Հովհաննիսյանը:
Սեմինարի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը:
Արդարադատության ակադեմիայի պատվիրակության այցը Հունգարիա
Սեպտեմբերի 8-ից 12-ը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը աշխատանքային այցով Հունգարիայում էր: Պատվիրակության կազմում էր նաև Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը:
Հայաստանի պատվիրակությունը ջերմ ընդունելության արժանացավ Հունգարիայի Դատական իշխանության ազգային գրասենյակի գործընկերների կողմից:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Հունգարիայի Դատական իշխանության ազգային գրասենյակի և Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում կազմակերպվել էին նաև հանդիպումներ Հունգարիայի Գերագույն դատարանում, Բուդապեշտի տարածաշրջանային դատարանում:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Հունգարիայի Դատական իշխանության ազգային գրասենյակի նախագահ Տունդե Հանդոն ստորագրեցին հուշագիր՝ իրավական հիմքերի վրա դնելով երկու կառույցների միջև հետագա համագործակցությունը:
Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ և ձեռքբերեցին հետագա համագործակցության ուղղությամբ քայլեր իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածություններ:
ԵԽ փորձագետների այցը Ակադեմիա
Սեպտեմբերի 10-ին Արդարադատության ակադեմիա են այցելել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) փորձագետները` դատական ուսուցման փորձագետ Զահիդ Ժամիլը (Պակիստան), Բուխարեստի ոստիկանության Կիբերհանցագործությունների վարչության պետ Մարիուս Կուկիրիանուն (Ռումինիա), ԵԽ Կիբերհանցագործությունների բաժնի ծրագրի ղեկավար Զլատկա Միտրևան:
Արդարադատության ակադեմիայի Աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Շահինյանն ողջունեց հյուրերին և շեշտեց ԵԽ-ի հետ համագործակցության կարևորությունը և արդյունավետությունը:
Հանդիպման ընթացքում փորձագետներին ներկայացվեց Ակադեմիայում ուսումնական գործընթացի՝ մասնավորապես ուսուցման ծրագրերի, դրանց մշակման, բովանդակության և դասավանդման մեթոդաբանության առանձնահատկությունները:
Կողմերը քննարկեցին և առաջարկեցին Ակադեմիայի ուսումնական ծրագրում ներառել նոր դասընթացներ՝ կիբերհանցագործություններին և էլեկտրոնային ապացույցներին նվիրված թեմաներով: Նրանք նաև վստահեցրին, որ կներդնեն բոլոր ջանքերը հետագա համագործակցությունն ամրապնդելու և այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
Հանդիպմանը ներկա էին նաև Ռեկտորի խորհրդական Վահե Ենգիբարյանը, Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը, Դատական համակարգի ունկնդիրների ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Էմիլ Արիստակեսյանը, Դատախազության և քննչական համակարգի ունկնդիրների ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Հասմիկ Ավետիսյանը, Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Գևորգ Իսրայելյանը, ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր, Ակադեմիայի դասընթացավար Արսեն Նիկողոսյանը:
Այցի շրջանակներում հյուրերը նաև հնարավորություն ունեցան շրջել Ակադեմիայում, ծանոթանալ պայմաններին։