Արցախի էլեկտրոնային գրադարանի ղեկավարը հյուրընկալվեց Արդարադատության ակադեմիայում
Նոյեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց հանդիպում Ակադեմիայի ունկնդիրների, աշխատակազմի և Արցախի էլեկտրոնային գրադարանի ստեղծման նախաձեռնող և ղեկավար Ավետիք Հարությունյանի հետ:
Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանն ողջունեց հյուրին և կարևորեց Արցախի գործընկերների հետ մասնագիտական և մարդկային շփումները, որոնք չափազանց օգտակար են և առաջանահերթ նշանակություն ունեն: «Ժամանակակից աշխարհում տարածության և ժամանակի սահմանները վերացել են, այժմ հեշտացել են հնարավորությունները գիտնական-հետազոտողների համար, և այդ առումով չափազանց կարևոր է Արցախի էլեկտրոնային գրադարանի ստեղծումը»,-նշեց պրոռեկտորը:
Ավետիք Հարությունյանը, ով նաև Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման նախագահն է, լսարանին ներկայացրեց 2014 թվականից գործող միավորման գործունեության առաջնահերթությունները, էլեկտրոնային գրադարանի եռալեզու կայքի կառուցվածքը (www.artsakhlib.am), առանձնահատկությունները, կարևորությունը: Կառույցը կազմակերպում է միջազգային գիտաժողովներ, հրատարակում «Գիտական Արցախ» գիտական հոդվածների ժողովածուն՝ տարբեր երկրների գիտնականների ներգրավմամբ, փորձելով գիտության և դիվանագիտության միջոցով ճանաչելի դարձնել Արցախն աշխարհին: «Պատահական չէ նաև մեր կարգախոսը՝ «Արցախն ամենուր»: Մենք ցանկություն ունենք, որ Արցախն աշխարհի համար չդիտարկվի սոսկ որպես հակամարտության գոտի, այլ գիտության ու կրթության օրրան՝ Մայր Հայաստանի հետ միասին»,-նշեց Ավետիք Հարությունյանը:
Արցախի էլեկտրոնային գրադարանի կայքում մեկտեղված է Արցախի վերաբերյալ գիտական և գեղարվեստական գրականություն: Ավետիք Հարությունյանի խոսքով՝ այն օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու աղբյուր է և խթանում է Արցախի վերաբերյալ հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաև որոշ չափով հակազդում արցախյան հակամարտության, պետականության կերտման ու տարբեր իրողությունների վերաբերյալ խեղաթյուրվող նյութերին:
Եթե ստեղծման պահին կայքում Արցախի վերաբերյալ ընդամենը 100 հոդված կար, ապա այսօր գիտական նյութերի թիվն անցնում է 5000-ը: Ավետիք Հարությունյանն առաջարկեց ապագա դատավորներին, գիտությամբ զբաղվող Ակադեմիայի աշխատակիցներին իրենց գիտական աշխատանքները հրապարակել նաև Արցախի էլեկտրոնային գրադարանի կայքում:
Ավետիք Հարությունյանը Արցախի վերաբերյալ մասնագիտական գրքեր նվիրեց Ակադեմիայի գրադարանին: