«Խթանում իրավունքի գերակայությանը Վրաստանում» ծրագրի ներկայացուցիչների այցը Արդարադատության ակադեմիա
Նոյեմբերի 21-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Արևելք-Արևմուտք» կառավարման ինստիտուտի ներկայացուցիչները՝ «Խթանում իրավունքի գերակայությանը Վրաստանում» ծրագրի ղեկավար Գեորգի Չխեյձեն և ծրագրի դատական կրթության և փոխանակման համակարգող Բակար Ջիկիան:
Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանն ողջունեց հյուրերին և ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, մասնագիտական պատրաստման և վերապատրաստման առանձնահատկությունները՝ առկա և հեռավար ուսուցման եղանակներով, ուսուցման ծրագրերը, մեթոդաբանությունը, դասընթացավարների ընտրությունն ու վերապատրաստումները, ունկնդիրների գիտելիքների և հմտությունների գնահատման կարգը, միջազգային համագործակցությունն ու այդ շրջանակում իրականացված համատեղ ծրագրերը:
Պրոռեկտորը նաև նշեց, որ Ակադեմիան բոլորովին վերջերս համագործակցության հուշագիր է ստորագրել Վրաստանի բարձրագույն դատական դպրոցի գործընկերների հետ, և առաջիկայում համատեղ ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություններ կան: Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին աջակցել այդ ձևաչափով նախանշված համատեղ ծրագրերը:
Հյուրերը երախտագիտություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և ներկայացրին իրենց կազմակերպությունը, որը գործում է 1988 թվականից և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների կողմից: Այս տարիների ընթացքում իրանականացվել են բազմաթիվ ծրագրեր ինչպես եվրոպական, այնպես էլ ասիական մի շարք երկրների հետ: Համանման կառույցներին տրամադրվել են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն, տարբեր փորձագետների ներգրավման միջոցով փորձ է արվել կիսվել ուսումնառության լավագույն մեթոդներով, որն ուղղված է իրավական ոլորտի մասնագետների ուսուցման արդյունավետության բարձրացմանը: Հանդիպման ընթացքում հյուրերը պայմանավորվածություններ ձեռքբերեցին համագործակցել՝ ստեղծելով փորձով կիսվելու և երկկողմ օգտակար լինելու հնարավորություններ:
Հյուրերը նաև հնարավորություն ունեցան շրջել Ակադեմիայի շենքում, ծանոթանալ շենքային պայմաններին: Նրանք չափազանց տպավորված էին ինչպես Ակադեմիայի իրականացրած գործունեությամբ, այնպես էլ շենքային պայմաններով: