ԱՄՆ գործընկերների հետ քննարկվեցին համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
Նոյեմբերի 8-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Կովկասյան տարածաշրջանի երկրների աջակցման համակարգող Քեվին Բրգվինքլը (Վաշինգտոն) և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության երևանյան գրասենյակի տնօրեն Մայքլ Շուլմանը:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հյուրերին ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ Արդարադատության ակադեմիան Հայաստանի Հանրապետությունում միակ կառույցն է, որը պատասախանատու է դատավորների, դատախազների, քննիչների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման համար: Ռեկտորն անդրադարձավ ուսուցման ծրագրերին, ուսուցման մեթոդաբանությանը, միջազգային համագործակցությանը՝ այդ առումով շեշտադրելով ԱՄՆ գործընկերների հետ ունեցած դրական փորձը: «Պատահական չէ, որ Ակադեմիայում այս տարի գործարկել ենք «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ը, համատեղ մշակել և ուսումնական ծրագրերում ներդրել խիստ արդիական թեմաներին առնչվող 9 մոդուլներ, նաև այս պահին համատեղ աշխատանքներ ենք իրականացնում ևս 5 մոդուլների մշակման ուղղությամբ»,-նշեց Սերգեյ Առաքելյանը:
Հյուրերը գոհունակությամբ խոսեցին առկա համագործակցության դրական արդյունքների մասին: Ռեկտորը, ի պատասխան հյուրերի հարցադրումներին, նշեց Ակադեմիայի և ՀՀ արդարադատության նախարարության արդյունավետ համագործակցության, իրականացված համատեղ միջոցառումների մասին: Նաև անդրադարձավ միջազգային և օտարերկրյա գործընկեր կառույցների հետ իրականացվող ծրագրերին:
Հյուրերը նաև հնարավորություն ունեցան շրջելու «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ում, որն ամբողջությամբ նորոգվել, կահավորվել և տեխնիկապես վերազինվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: