Եռօրյա սեմինար՝ քաղաքացիական գործեր քննող դատավորների համար
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) կողմից համատեղ իրականացվող «Հայաստանում դատական ներուժի զարգացում-քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը» ծրագրի շրջանակում և Արդարադատության ակադեմիայի հետ համագործակցությամբ փետրվարի 14-16-ը Ծաղկաձորում անցկացվեց եռօրյա դասընթաց քաղաքացիական գործեր քննող դատավորների համար: Դասընթաը նվիրված էր «Նախնական դատական նիստ, միջանկյալ դատական ակտեր, ինչպես նաև հակընդդեմ հայցի քննության ընթացակարգը» թեմային:
Սեմինարին բացման խոսքով հանդես եկավ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Նա իր խոսքում կարևորեց Ակադեմիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության միջև արդյունավետ համագործակցությունը և նշեց, որ համագործակցությունը շարունակական է լինելու:
Սեմինարն անցկացնում էին տեղական և միջազգային փորձագետները:
Մեկնարկեց դատավորների թեկնածուների հավակնորդների և դատախազների թեկնածուների 2020 թ. մասնագիտական պատրաստումը
Փետրվարի 17-ին մեկնարկեց Արդարադատության ակադեմիայի 2020 թվականի ունկնդիրների՝ դատավորների թեկնածուների հավակնորդների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը: Ուսումնական գործընթացը մեկնարկեց «Սահմանադրական իրավունքի գիտության և սահմանադրական արդարադատության արդի միտումները» դասընթացով: Ունկնդիրներին ողջունեց և հաջող ուսումնական տարի մաղթեց Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը:
Այս տարի ունկնդիրների թվում են դատավորների թեկնածուների 10 հավակնորդ (7-ը՝ քաղաքացիական, 1-ը՝ քրեական, 2-ը՝ վարչական մասնագիտացումներով) և դատախազի 13 թեկնածու:
Մասնագիտական պատրաստումը, համաձայն համապատասխան ուսուցման ծրագրերի, տևելու է 7 ամիս և 2 շաբաթ՝ մինչև 2020 թ. հոկտեմբերի 2-ը՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 1026 ակադեմիական ժամ է:
Ակադեմիայում տեղի ունեցավ «Բռնություն կանանց նկատմամբ և ընտանեկան բռնություն» HELP առցանց դասընթացի եզրափակիչ հանդիպումը
Փետրվարի 13-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի շրջանակում անցկացվող «Բռնություն կանանց նկատմամբ և ընտանեկան բռնություն» HELP (Մարդու իրավունքների թեմայով ուսուցում իրավական ոլորտի մասնագետների համար) առցանց դասընթացի մասնակիցների եզրափակիչ հանդիպումը: Ներկա էին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, HELP ծրագրի ղեկավար Աննա Մեդարսկա-Լազովան, ԵԽ երևանյան գրասենյակի համապատասխան ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը, դասընթացավար, ԵԽ փորձագետ Լուսինե Սարգսյանը, դասընթացի մասնակիցները:
Ռեկտորը ողջունեց ներկաներին և իր խոսքում առանձնահատուկ ընդգծեց Ակադեմիայի և Եվրոպայի Խորհրդի, նաև HELP ծրագրի միջև առկա արդյունավետ և օգտակար համագործակցությունը, ինչի մասին վկայում են արդյունքները: «Առաջին անգամը չէ, որ ընտրում ենք խիստ հրատապ թեմա, համապատասխանեցնում ներպետական օրենսդրությանը և դարձնում օգտակար իրավակիրառ մասնագետների համար»,-նշեց ռեկտորը: Սերգեյ Առաքելյանի խոսքով՝ նման դասընթացների արդյունավետության լավագույն վկայությունն է մասնակիցների թվի շարունակական աճը, նաև տարբեր կառույցների ներկայացուցիչների ներգրավվածությունը, այդ թվում՝ ուսանողների, ինչը առիթ է մտածելու այլ դասընթացներ մշակելու մասին:
Ներկաներին ողջունեց նաև Աննա Մեդարսկա-Լազովան և շնորհակալություն հայտնեց գերազանց համագործակցության և համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ Արդարադատության ակադեմիան արժեքավոր գործընկեր է ԵԽ HELP ծրագրի համար:
Ռեկտորը ավարտական վկայականներ հանձնեց առցանց դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին:
Ակադեմիայի պրոռեկտորը մասնակցել է «Քրեական գործերով կայացվող դատական ակտերի պատճառաբանումը» HELP հեռաուսուցման դասընթացի մեկնարկային հանդիպմանը
Արդարադատության ակադեմիան Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) հետ համատեղ մշակել և Հայաստանի իրավական համակարգին է համապատասխանեցրել «Քրեական գործերով կայացվող դատական ակտերի պատճառաբանումը» հեռավար ուսուցման դասընթացը, որը իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթության ծրագրի (HELP) մաս է կազմում: HELP-ը իրավական ոլորտի մասնագետների համար նախատեսված առցանց հարթակ է:
Փետրվարի 11-ին տեղի ունեցավ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում իրականացվող «Քրեական գործերով կայացվող դատական ակտերի պատճառաբանումը» դասընթացի մեկնարկային հանդիպումը: Ներկա էին Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, HELP ծրագրի ղեկավար Աննա Մեդարսկա-Լազովան, հայաստանյան ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը, քրեական մասնագիտացմամբ դատավորներ, դատավորների օգնականներ և փորձագետներ:
Պրոռեկտորը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց ԵԽ-ին արդյունավետ համագործակցության համար: Նրա խոսքով՝ նման ծրագրերն ու դասընթացները չափազանց կարևոր նշանակություն ունեն ոլորտի բարելավման համար: «Դատական ակտերի որակով է մեծապես պայմանավորված արդարադատության արդյունավետությունը»,-նշեց Անահիտ Մանասյանը:
Աննա Մեդարսկա-Լազովան ևս ողջունեց բոլորին և ներկայացրեց HELP ծրագրի առանձնահատկությունները, նաև պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:
Հանդիպման ավարտին HELP դասընթացավար Գոհար Սիմոնյանը մասնակիցներին ներկայացրեց նոր մշակված դասընթացը, գնահատման չափանիշները: Դասընթացի տևողությունը 8 շաբաթ է:
Մեկնարկել է ՀՀ ՀՔԾ քննիչների վերապատրաստումը
Փետրվարի 3-ից 7-ը Արդարադատության ակադեմիայում անցկացվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ծառայողների վերապատրաստումը: Այն իրականացվում է մեկ խմբով՝ 30 ակադեմիական ժամ ծավալով, համապատասխան ուսուցման ծրագրի համաձայն:
Ծրագիրը նպատակաուղղված է ՀՔԾ ծառայողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության արդի հիմնահարցերի, կոռուպցիայի դեմ պայքարի արդի հարցերի և կոռուպցիոն հանցագործությունների քննության մեթոդիկայի, խոշտանգումների քրեաիրավական բնութագրի և քննության առանձնահատկությունների, ընտրական հանցագործությունների որակման և քննության մեթոդիկայի, հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման (փողերի լվացում) հանցագործության որակման և քննության մեթոդիկայի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված և արտասահմանում գտնվող գույքի, ակտիվների և այլ արժեքների վերադարձման հիմնախնդիրների վերաբերյալ:
ՀՔԾ ծառայողների համար կանցկացվի նաև հատուկ ուսուցում՝ 10 ակադեմիական ժամ ծավալով:
Ակադեմիայի ռեկտորը հանդիպեց 2020 թվականի ունկնդիրներին
Հունվարի 30-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայի 2020 թվականի ունկնդիրներին՝ դատավորների թեկնածուների հավակնորդներին և դատախազի թեկնածուներին, որոնք մասնագիտական պատրաստում են անցնելու այս տարի: Դատավորների թեկնածուների հավակնորդների խմբում ընդգրկված է 10 ունկնդիր՝ քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացումներով, իսկ դատախազի թեկնածուների խմբում՝ 13 ունկնդիր:
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ռեկտորը մինչ մասնագիտական պատրաստման մեկնարկը հանդիպում է ունկնդիրների հետ, ծանոթանում նրանց և ծանոթացնում Ակադեմիայում ուսումնառության առանձնահատկություններին, պատասխանում հետաքրքրող հարցերին: «Բարի գալուստ Արդարադատության ակադեմիա»,- դիմելով ունկնդիրներին՝ ողջունեց ռեկտորը, շնորհավորեց նրանց և բարի երթ ու հաջող ուսումնառություն մաղթեց: Ռեկտորը նաև հույս հայտնեց, որ բոլոր ընդունվածները կավարտեն և կհամալրեն դատական և դատախազական համակարգերը: «Ընտրելով այս ոլորտը՝ շատ կարևոր քայլ եք կատարել թե՛ մասնագիտական առումով, թե՛ ձեր կյանքում առհասարակ»,-ասաց Սերգեյ Առաքելյանը:
Ռեկտորն ունկնդիրներին ներկայացրեց Ակադեմիայի պաշտոնական կայքում առանձնացված հատուկ բաժինը, որում առկա է ուսումնական գործընթացին առնչվող ամբողջական տեղեկատվություն: Դատավորների թեկնածուների հավակնորդների և դատախազների թեկնածուների ուսումնառությունն անցկացվելու է համապատասխան ուսուցման ծրագրերի համաձայն: Այս տարի մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է փետրվարի 17-ին:
Ունկնդիրները նաև տեղեկացան, որ պարբերաբար հանդիպումներ են անցկացվելու, որի ընթացքում ռեկտորի հետ ուսումնառության ընթացքում առաջացած հարցերն ու խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու հնարավորություն են ստանալու:
Արդարադատության ակադեմիա այցելեց Աննա-Կարին Օստը՝ ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչը Հայաստանում
Հունվարի 30-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը, իրավաբանական բաժնի ղեկավարի տեղակալ Սուսաննա Գրիգորյանը, փախստականի կարգավիճակի որոշման ընթացակարգերի գծով խորհրդատու Մարինե Անտոնյանը:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ջերմորեց ողջունեց հյուրերին և նշեց, որ Ակադեմիայի և ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի միջև առկա գործընկերային հարաբերությունները բավական արդյունավետ են, և այդ համագործակցության արդյունքում մշակված դասընթացը կիրառվում է Ակադեմիայի կողմից անցկացվող հեռաուսուցման շրջանակում:
Ռեկտորը հյուրերին ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները և համագործակցության հնարավոր հեռանկարները, ընդ որում ոչ միայն հեռավար, այլև առկա ուսուցման շրջանակներում:
Աննա-Կարին Օստը նշեց, որ դեռևս 2016 թվականին ստորագրված համագործակցության հուշագրի հիմքով Ակադեմիան և ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցչությունն արդյունավետ համագործակցում են, և այսօր էլ պատրաստ են շարունակել և զարգացնել գործակցությունը՝ Ակադեմիայում համապատասխան դասընթացների մշակման, նաև դասընթացավարների վերապատրաստման առումներով: Կողմերը քննարկեցին Ակադեմիայում համատեղ սեմինարներ անցկացնելու հնարավորությունը՝ տարբեր թիրախային խմբերի ներգրավմամբ:
Հյուրերը նաև շրջեցին Ակադեմիայում, ծանոթացան շենքային պայմաններին, եղան գրադարանում, հյուրանոցում, լսարաններում:
Տեղի ունեցավ Կառավարման խորհրդի 2020 թվականի առաջին նիստը
Հունվարի 25-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Կառավարման խորհրդի 2020 թվականի առաջին նիստը:
Ի թիվս օրակարգային այլ հարցերի, Խորհուրդը հաստատեց Ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորների թեկնածուների հավակնորդների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման 2020 թվականի ուսուցման ծրագրերը:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին Խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ միաձայն ընտրեցին Կառավարման խորհրդի նախագահ՝ մեկ տարի պաշտոնավարման ժամկետով:
Վերջին մեկ տարում Կառավարման խորհուրդը նախագահում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը:
Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը՝ «Արդարադատության ակադեմիայի մասին ՀՀ օրենքով նախատեսված կարգով, իսկ Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կազմից` նրա անդամների ձայների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն կարգով:
Տեղի ունեցավ Ակադեմիայի կառավարման խորհրդի տարեվերջյան նիստը
Դեկտեմբերի 26-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Ակադեմիայի կառավարման խորհրդի հերթական նիստը: Ներկա էին Խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը, անդամներ՝ Երվանդ Խունդկարյանը, Համլետ Ասատրյանը, Հովսեփ Բեդևյանը, Գևորգ Բաղադասարյանը, Րաֆֆի Ասլանյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, ինչպես նաև Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:
Խորհրդի նախագահը շնորհավորեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին Ակադեմիայի խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ ու արգասաբեր աշխատանք:
Օրակարգի հաստատումից հետո խորհուրդն անցավ հարցերի քննարկմանը:
Այլ հարցերի հետ մեկտեղ ներկայացվեց նաև Ակադեմիայի 2018 թվականի գործունեության վերստուգման (աուդիտի) արդյունքները: Խորհուրդը վերստուգման արդյունքներն ընդունեց ի գիտություն:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ամփոփեց Ակադեմիայի 2019 թվականի գործունեությունը
Դեկտեմբերի 26-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն աշխատակազմին ներկայացրեց Ակադեմիայի գործունեության վերաբերյալ տարեվերջյան ամփոփ հաշվետվություն: Ռեկտորը երախտագիտություն հայտնեց աշխատակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի և տարվա ընթացքում արձանագրած հաջողությունների ու ձեռքբերումների համար ինչպես ուսումնական գործընթացում, այնպես էլ միջազգային համագործակցության և նոր գործընկերներ ձեռքբերելու առումներով: Ռեկտորը հաջողությունների կողքին ներկայացրեց նաև այն խնդիրները, որոնց լուծումը կարևոր և հնարավոր է ամենօրյա աշխատանքում:
Ռեկտորի համապատասխան հրամաններով՝ Ակադեմիայի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին Ակադեմիայի հուշամեդալով և պատվոգրերով՝ Ակադեմիայի զարգացման գործում առանձնակի նվիրումի, գործունեության ընթացքում անբասիր, բարեխիղճ, արդյունավետ աշխատանքի և նվիրումի համար:
Ռեկտորը շնորհավորեց բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, ընտանեկան ջերմություն, ուրախ տրամադրություն և երջանկություն: