Ակադեմիայի ռեկտորը հանդիպեց 2020 թվականի ունկնդիրներին
Հունվարի 30-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայի 2020 թվականի ունկնդիրներին՝ դատավորների թեկնածուների հավակնորդներին և դատախազի թեկնածուներին, որոնք մասնագիտական պատրաստում են անցնելու այս տարի: Դատավորների թեկնածուների հավակնորդների խմբում ընդգրկված է 10 ունկնդիր՝ քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացումներով, իսկ դատախազի թեկնածուների խմբում՝ 13 ունկնդիր:
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ռեկտորը մինչ մասնագիտական պատրաստման մեկնարկը հանդիպում է ունկնդիրների հետ, ծանոթանում նրանց և ծանոթացնում Ակադեմիայում ուսումնառության առանձնահատկություններին, պատասխանում հետաքրքրող հարցերին: «Բարի գալուստ Արդարադատության ակադեմիա»,- դիմելով ունկնդիրներին՝ ողջունեց ռեկտորը, շնորհավորեց նրանց և բարի երթ ու հաջող ուսումնառություն մաղթեց: Ռեկտորը նաև հույս հայտնեց, որ բոլոր ընդունվածները կավարտեն և կհամալրեն դատական և դատախազական համակարգերը: «Ընտրելով այս ոլորտը՝ շատ կարևոր քայլ եք կատարել թե՛ մասնագիտական առումով, թե՛ ձեր կյանքում առհասարակ»,-ասաց Սերգեյ Առաքելյանը:
Ռեկտորն ունկնդիրներին ներկայացրեց Ակադեմիայի պաշտոնական կայքում առանձնացված հատուկ բաժինը, որում առկա է ուսումնական գործընթացին առնչվող ամբողջական տեղեկատվություն: Դատավորների թեկնածուների հավակնորդների և դատախազների թեկնածուների ուսումնառությունն անցկացվելու է համապատասխան ուսուցման ծրագրերի համաձայն: Այս տարի մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է փետրվարի 17-ին:
Ունկնդիրները նաև տեղեկացան, որ պարբերաբար հանդիպումներ են անցկացվելու, որի ընթացքում ռեկտորի հետ ուսումնառության ընթացքում առաջացած հարցերն ու խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու հնարավորություն են ստանալու: