Ակադեմիայում տեղի ունեցավ «Բռնություն կանանց նկատմամբ և ընտանեկան բռնություն» HELP առցանց դասընթացի եզրափակիչ հանդիպումը
Փետրվարի 13-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի շրջանակում անցկացվող «Բռնություն կանանց նկատմամբ և ընտանեկան բռնություն» HELP (Մարդու իրավունքների թեմայով ուսուցում իրավական ոլորտի մասնագետների համար) առցանց դասընթացի մասնակիցների եզրափակիչ հանդիպումը: Ներկա էին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, HELP ծրագրի ղեկավար Աննա Մեդարսկա-Լազովան, ԵԽ երևանյան գրասենյակի համապատասխան ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը, դասընթացավար, ԵԽ փորձագետ Լուսինե Սարգսյանը, դասընթացի մասնակիցները:
Ռեկտորը ողջունեց ներկաներին և իր խոսքում առանձնահատուկ ընդգծեց Ակադեմիայի և Եվրոպայի Խորհրդի, նաև HELP ծրագրի միջև առկա արդյունավետ և օգտակար համագործակցությունը, ինչի մասին վկայում են արդյունքները: «Առաջին անգամը չէ, որ ընտրում ենք խիստ հրատապ թեմա, համապատասխանեցնում ներպետական օրենսդրությանը և դարձնում օգտակար իրավակիրառ մասնագետների համար»,-նշեց ռեկտորը: Սերգեյ Առաքելյանի խոսքով՝ նման դասընթացների արդյունավետության լավագույն վկայությունն է մասնակիցների թվի շարունակական աճը, նաև տարբեր կառույցների ներկայացուցիչների ներգրավվածությունը, այդ թվում՝ ուսանողների, ինչը առիթ է մտածելու այլ դասընթացներ մշակելու մասին:
Ներկաներին ողջունեց նաև Աննա Մեդարսկա-Լազովան և շնորհակալություն հայտնեց գերազանց համագործակցության և համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ Արդարադատության ակադեմիան արժեքավոր գործընկեր է ԵԽ HELP ծրագրի համար:
Ռեկտորը ավարտական վկայականներ հանձնեց առցանց դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին: