ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1083

06.04.2020

Մեկնարկեց դատավորների թեկնածուների հավակնորդների և դատախազների թեկնածուների ուսուցման 2-րդ հատվածը

Ապրիլի 6-ին մեկնարկեց Արդարադատության ակադեմիայի 2020 թվականի ունկնդիրների՝ դատավորների թեկնածուների հավակնորդների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման 2-րդ հատվածը՝ առցանց եղանակով: Ուսուցումն անցկացվում է «Զում» ծրագրի միջոցով:

 

Այս տարի ունկնդիրների թվում են դատավորների թեկնածուների 10 հավակնորդ (7-ը՝ քաղաքացիական, 1-ը՝ քրեական, 2-ը՝ վարչական մասնագիտացումներով) և դատախազի 13 թեկնածու:

1082

01.04.2020

Ռեկտորը Ակադեմիայի ունկնդիրների հետ քննարկել է ուսուցման գործընթացին առնչվող հարցեր

Ապրիլի 1-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը առցանց եղանակով քննարկում է անցկացրել Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրների՝ դատավորների թեկնածուների հավակնորդների և դատախազների թեկնածուների հետ: Քննարկվել են ուսուցման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:

 

Ուսուցման յուրաքանչյուր հատվածից հետո և քննաշրջանից առաջ ռեկտորի և ունկնդիրների միջև անցկացվում են հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվում են ուսուցման գործընթացին առնչվող բազմաթիվ հարցեր: Այս անգամ, չխախտելով ավանդույթը, քննարկումը ևս տեղի է ունեցել, բայց, ստեղծված իրավիճակով պայմանավորված, այն անցկացվել է հեռավար եղանակով, որի ժամանակ ռեկտորը ներկայացրել է առցանց հարթակում անցկացվող ուսումնական գործընթացն ու դրա առանձնահատկությունները, պատասխանել ունկնդիրներին հուզող հարցերին:

 

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում Արդարադատության ակադեմիայում ուսումնական գործընթացն անցնում է անխափան, մասնագիտական պատրաստման անցկացման համար օգտագործվում են հեռավար ուսուցման հնարավորությունները:

1081

24.03.2020

Լույս է տեսել «Ապացուցումը և ապացույցները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությունում» մենագրությունը

Արդարադատության ակադեմիայի գիտական խորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել «Ապացուցումը և ապացույցները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությունում» մենագրությունը՝ ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մեղրյանի հեղինակությամբ:

 

Մենագրությունում ՀՀ և այլ երկրների քաղաքացիական դատավարության օրենսդրության, ՄԻԵԴ վճիռների, ՀՀ սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումների, դատական պրակտիկայի այլ նյութերի, ինչպես նաև տեսական աղբյուրների ուսումնասիրության հիման վրա վերլուծվել են քաղաքացիական դատավարությունում ապացուցման տեսության մի շարք արդիական հիմնախնդիրներ։

 

Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը, ներբեռնման հնարավորությամբ, հասանելի է Ակադեմիայի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ`

 

https://aoj.am/library/academy-publications

1080

12.03.2020

Քննարկում «Զինված ուժերի համատեքստում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և մահվան դեպքերի արդյունավետ քննության վերաբերյալ» թեմայով

Արդարադատության ակադեմիան Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հետ համագործակցությամբ մարտի 12-ից 13-ը անցկացնում է քննարկում-սեմինար՝ «Զինված ուժերի համատեքստում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և մահվան դեպքերի արդյունավետ քննության վերաբերյալ» թեմայով: Այսօր քննարկմանը մասնակցում էին դատավորներ և դատախազներ, իսկ վաղը նախատեսված է քննարկումն անցկացնել քննիչների և ՀՀ ռազմական ոստիկանության ներկայացուցիչների համար:

 

Արդարադատության ակադեմիայի անունից ներկաներին ողջունեց Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը՝ ընդգծելով քննարկման համար ընտրված թեմայի կարևորությունը: Պրոռեկտորը շնորհակալություն հայտնեց ԵԽ-ի գործընկերներին նման նախաձեռնության և այս ծրագրի շրջանակում Ակադեմիայի հետ ունեցած համագործակցության համար:

 

«Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ԵԽ ծրագրի ազգային համակարգող Նարինե Գասպարյանն իր հերթին ողջունեց ներկաներին և հույս հայտնեց, որ Ակադեմիայի ուսումնական ծրագրում կներդրվի վերոնշյալ թեմատիկայով դասընթաց, որի ընթացքում կօգտագործվեն սեմինարի ընթացքում քննարկված նյութերը. այդ առումով օգտակար կարող է լինել նաև այդ թեմայով հրատարակված ձեռնարկը:

 

Քննարկումը վարում էին ԵԽ-ի կողմից հրավիրված փորձագետներ Ուեյն Ջորդաշը և Էլիզաբեթ Դուբանը:

 

Ծրագիրն իրականացվում է ԵԽ-ի՝ Հայաստանի համար գործողությունների 2019-2022թթ. ծրագրի շրջանակում և ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կողմից: Գործողությունների ծրագիրը ֆինանսավորում են նաև Գերմանիան, Իռլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Շվեդիան:

1079

10.03.2020

Լույս է տեսել «Քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեաիրավական բնութագիրը. (գիտագործնական մեկնաբանություններ)» ձեռնարկը

Արդարադատության ակադեմիայի գիտական խորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել «Քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեաիրավական բնութագիրը. (գիտագործնական մեկնաբանություններ)» ձեռնարկը՝ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Բիշարյանի հեղինակությամբ:

 

Աշխատությունում ՀՀ օրենսդրության, ՄԻԵԴ նախադեպային որոշումների և արտասահմանյան երկրների իրավակիրառ պրակտիկայի նյութերի ու տեսական աղբյուրների ուսումնասիրության հիման վրա վերլուծվել են քրեական ենթամշակույթին առնչվող հանցավոր արարքների քրեաիրավական որակման գործնական նշանակություն ունեցող մի շարք արդիական հիմնախնդիրներ:

 

Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը, ներբեռնման հնարավորությամբ, հասանելի է Ակադեմիայի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ`

 

https://aoj.am/library/academy-publications

1078

09.03.2020

Քննարկվեցին կիբերհանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ նոր դասընթացների ներդրման անհրաժեշտությանն առնչվող հարցեր

Մարտի 9-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) ներկայացուցիչները՝ Սեսիլյա Պոպան (Ռումինիա), փորձագետներ Հեյն Դրիեսը (Նիդեռլանդներ) և Միք Ջեյմսոնը (Միացյալ Թագավորություն):

 

Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին՝ նշելով, որ Ակադեմիան մեծապես կարևորում է միջազգային փորձագիտական կառույցների հետ աշխատանքը: Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները: «Կիբերհանցագործությունների դեմ պայքարը խիստ կարևոր և արդիական է ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում, ուստի նման թեմաներով դասընթացների շարունակական զարգացումը չափազանց կարևոր է»,-ասաց ռեկտորը՝ մատնանշելով հստակ ուղղություններ համագործակցության համար:

 

ԵԽ ներկայացուցիչները երախտագիտություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և տեղեկացրին, որ երկօրյա այցով Հայաստանում են կիբերհանագործությունների դեմ պայքարին ուղղված ծրագրի շրջանակում կարիքների գնահատում անցկացնելու նպատակով:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին և որոշակի պայմանավորվածություններ ձեռքբերեցին համատեղ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:

1077

07.03.2020

Երկօրյա վերապատրաստում դասընթացավարների համար

Արդարադատության ակադեմիան Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հետ համագործակցությամբ մարտի 6-7-ը Ծաղկաձորում անցկացրեց դասընթացավարների վերապատրաստում՝ «Տուժողի կարգավիճակի առանձնահատկությունները քրեական դատավարությունում» և «Այլընտրանքային խափանման միջոցների կիրառման գործնական հմտություններ» թեմաներով:

 

Բացման խոսքով հանդես եկավ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը՝ նշելով, որ Ակադեմիա-ԵԽ համագործակցությունը չափազանց օգտակար է, ինչի վկայությունն արդյունքներն են: Ռեկտորի խոսքով՝ ԵԽ-ի հետ համատեղ մշակվում է 5 մոդուլ, որոնք քննարկումներից հետո վերջնական տեսքով այս տարի կներդրվեն Ակադեմիայի ուսումնական գործընթացում՝ դատավորների և դատախազների վերապատրաստման ծրագրերում:

 

ԵԽ երևանյան գրասենյակի անունից մասնակիցներին ողջունեց ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը՝ նշելով, որ մշակված մոդուլները նաև համապատասխան ձեռնարկների տեսքով կհրապարակվեն և հունիսին կտրամադրվեն Ակադեմիային:

 

Երկօրյա վերապատրաստումն անցկացվեց ԵԽ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական Միության և ԵԽ-ի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» կառուցակարգի ֆինանսավորմամբ:

 

Վերապատրաստումը վարում էին ԵԽ միջազգային փորձագետներ Ալեքսանդրա Իվանկովիչ-Տամամովիչը և Լիլիան Ապոստոլը, ԵԽ տեղական փորձագետներ Արսեն Նիկողոսյանը և Դավիթ Թումասյանը: Մասնակցում էին դատավորներ ՀՀ վճռաբեկ, վերաքննիչ, ընդհանուր իրավասության դատարաններից, դատական ծառայողներ:

1076

28.02.2020

Փոխըմբռնման հուշագիր Արդարադատության ակադեմիայի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև

Փետրվարի 28-ին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:

 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը: «Այսօր մենք ներկա ենք սպասված և պատմական իրադարձության. պատրաստվում ենք իրավաբանորեն ամրագրել մեր համագործակցությունը, որն իրականացնում ենք մեր գործընկեր Արդարադատության ակադեմիայի հետ՝ կառույցի ստեղծման առաջին իսկ օրվանից»,- նշեց Գագիկ Ղազինյանը: Դեկանն իր խոսքում կարևորեց Ակադեմիայի դերը իրավական ոլորտի համապատասխան մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործում և նշեց, որ ոչ մի մագիստորսական ծրագիր չի կարող լրացնել այն բացը, որն արդեն վեց տարի իրականացնում է Ակադեմիան՝ տրամադրելով բարձրորակ գիտելիք և գործնական հմտություններ: Դեկանը նաև առանձնացրեց Ակադեմիայի նոր ձևավորված գիտական խորհրդի կարևոր դերը:

 

Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն իր հերթին ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց Գագիկ Ղազինյանին նման նախաձեռնության համար՝ նշելով, որ այս տարիներին Ակադեմիան և Իրավագիտության ֆակուլտետը սերտորեն համագործակցել են անգամ առանց համապատասխան փաստաթղթի: «Որպես երկարամյա համալսարանական ու համալսարանի նվիրյալ՝ առաջին անգամ իմ հարազատ համալսարանում հանդես եմ գալիս որպես այլ կառույցի ներկայացուցիչ: Հուշագրի ստորագրումը կարևոր նշանակություն կունենա համատեղ տարբեր ծրագրերում ներգրավվելու, ֆակուլտետի ուսանողների արտադրական պրակտիկան Ակադեմիայում կազմակերպելու և այլ ուղղություններով ակտիվ և արդյունավետ համագործակցելու առումներով»,- նշեց ռեկտորը:

 

Միջոցառումն ավարտվեց կողմերի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումով: Փաստաղթուղթը ստորագրեցին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:

1075

24.02.2020

Կայացավ Ակադեմիայի գիտական խորհրդի հերթական նիստը

Փետրվարի 22-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Ակադեմիայի գիտական խորհրդի 2020 թվականի առաջին նիստը, որը վարում էր Ակադեմիայի ռեկտոր, Գիտական խորհրդի նախագահ Սերգեյ Առաքելյանը: Ներկա էին Խորհրդի անդամները և որպես հրավիրյալ մասնակիցներ՝ նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը և ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Համլետ Ասատրյանը:

 

Սերգեյ Առաքելյանն ողջունեց Գիտական խորհրդի անդամներին և ներկայացրեց համատեղ կատարված աշխատանքների արդյունքները:

 

Օրակարգի հաստատումից հետո Խորհրդի հաստատմանը ներկայացվեց «Քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեաիրավական բնութագիրը. գիտագործական մեկնաբանություններ» վերտառությամբ գիտագործական ձեռնարկի տպագրության երաշխավորության հարցը:

 

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մեղրյանի հեղինակած «Ապացուցումը և ապացույցները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությունում» մենագրության տպագրության երաշխավորությանը: Խորհուրդը միաձայն տպագրության երաշխավորեց և՛ ձեռնարկը, և՛ մենագրությունը:

 

Նիստի ավարտին ռեկտորը շնորհակալություն հայտնեց ձեռնարկի հեղինակին նախաձեռնության, իսկ դատախազության գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այդ մեկնաբանությունների հետ կապված հարցերի քննարկումներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: «Մեր գլխավոր նպատակը իրավակիրառողների համար համապատասխան հանցագործությունների վերաբերյալ գործերի քննության հնարավոր ուղենիշներ ապահովելն է»,- նշեց ռեկտորը:

 

Սերգեյ Առաքելյանը նաև նշեց, որ ձեռնարկը կտեղադրվի Ակադեմիայի պաշտոնական կայքում և հասանելի կլինի բոլորին, իսկ տպագիր տարբերակը կտրամադրվի Ակադեմիայի ունկնդիրներին:

1074

19.02.2020

ԵԱՏՄ դատարանի դատավոր Արմեն Թումանյանը Արդարադատության ակադեմիայում հանդես եկավ դասախոսությամբ

Փետրվարի 19-ին Արդարադատության ակադեմիայում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի դատավոր Արմեն Թումանյանը հանդես եկավ «ԵԱՏՄ իրավունքի և ԵԱՏՄ դատարանի դերը համապատասխան կառույցների և անդամ-պետությունների կողմից ԵԱՏՄ-ի վերաբերյալ պայմանագրի միատեսակ կիրառման ապահովման գործում» թեմայով դասախոսությամբ Ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորի թեկնածուների հավակնորդների և դատախազի թեկնածուների համար:

 

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց Արմեն Թումանյանին՝ հրավերն ընդունելու համար: «Կարող ենք արձանագրել, որ մեր համագործակցությունը չափազանց դրական է, որովհետև նախկինում ևս նման քննարկումներ կազմակերպել ենք, և փորձը ցույց է տալիս, որ դրանք շատ օգտակար և արդյունավետ են»,- նշեց ռեկտորը:

 

Արմեն Թումանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի համար և հույս հայտնեց, որ քննարկումները շարունակական կլինեն և կունենան հաջող արդյունք: Նա ներկայացրեց Եվրասիական տնտեսական միության կառուցվածքը, գործունեության առանձնահատկությունները, 2015-ից Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին, ԵԱՏՄ դատարանի գործունեության հիմնական ուղղությունները, իրավակիրառ պրակտիկայից գործնական օրինակներ և թեմային առնչվող մի շարք հարցեր:

 

Ունկնդիրները չափազանց հետաքրքրված էին, դասախոսությունը վերածվեց ակտիվ քննարկման՝ հարց ու պատասխանի ձևաչափով: