ԵԱՏՄ դատարանի դատավոր Արմեն Թումանյանը Արդարադատության ակադեմիայում հանդես եկավ դասախոսությամբ
Փետրվարի 19-ին Արդարադատության ակադեմիայում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի դատավոր Արմեն Թումանյանը հանդես եկավ «ԵԱՏՄ իրավունքի և ԵԱՏՄ դատարանի դերը համապատասխան կառույցների և անդամ-պետությունների կողմից ԵԱՏՄ-ի վերաբերյալ պայմանագրի միատեսակ կիրառման ապահովման գործում» թեմայով դասախոսությամբ Ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորի թեկնածուների հավակնորդների և դատախազի թեկնածուների համար:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց Արմեն Թումանյանին՝ հրավերն ընդունելու համար: «Կարող ենք արձանագրել, որ մեր համագործակցությունը չափազանց դրական է, որովհետև նախկինում ևս նման քննարկումներ կազմակերպել ենք, և փորձը ցույց է տալիս, որ դրանք շատ օգտակար և արդյունավետ են»,- նշեց ռեկտորը:
Արմեն Թումանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի համար և հույս հայտնեց, որ քննարկումները շարունակական կլինեն և կունենան հաջող արդյունք: Նա ներկայացրեց Եվրասիական տնտեսական միության կառուցվածքը, գործունեության առանձնահատկությունները, 2015-ից Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին, ԵԱՏՄ դատարանի գործունեության հիմնական ուղղությունները, իրավակիրառ պրակտիկայից գործնական օրինակներ և թեմային առնչվող մի շարք հարցեր:
Ունկնդիրները չափազանց հետաքրքրված էին, դասախոսությունը վերածվեց ակտիվ քննարկման՝ հարց ու պատասխանի ձևաչափով: