Քննարկում «Զինված ուժերի համատեքստում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և մահվան դեպքերի արդյունավետ քննության վերաբերյալ» թեմայով
Արդարադատության ակադեմիան Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հետ համագործակցությամբ մարտի 12-ից 13-ը անցկացնում է քննարկում-սեմինար՝ «Զինված ուժերի համատեքստում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և մահվան դեպքերի արդյունավետ քննության վերաբերյալ» թեմայով: Այսօր քննարկմանը մասնակցում էին դատավորներ և դատախազներ, իսկ վաղը նախատեսված է քննարկումն անցկացնել քննիչների և ՀՀ ռազմական ոստիկանության ներկայացուցիչների համար:
Արդարադատության ակադեմիայի անունից ներկաներին ողջունեց Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը՝ ընդգծելով քննարկման համար ընտրված թեմայի կարևորությունը: Պրոռեկտորը շնորհակալություն հայտնեց ԵԽ-ի գործընկերներին նման նախաձեռնության և այս ծրագրի շրջանակում Ակադեմիայի հետ ունեցած համագործակցության համար:
«Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ԵԽ ծրագրի ազգային համակարգող Նարինե Գասպարյանն իր հերթին ողջունեց ներկաներին և հույս հայտնեց, որ Ակադեմիայի ուսումնական ծրագրում կներդրվի վերոնշյալ թեմատիկայով դասընթաց, որի ընթացքում կօգտագործվեն սեմինարի ընթացքում քննարկված նյութերը. այդ առումով օգտակար կարող է լինել նաև այդ թեմայով հրատարակված ձեռնարկը:
Քննարկումը վարում էին ԵԽ-ի կողմից հրավիրված փորձագետներ Ուեյն Ջորդաշը և Էլիզաբեթ Դուբանը:
Ծրագիրն իրականացվում է ԵԽ-ի՝ Հայաստանի համար գործողությունների 2019-2022թթ. ծրագրի շրջանակում և ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կողմից: Գործողությունների ծրագիրը ֆինանսավորում են նաև Գերմանիան, Իռլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Շվեդիան: