Փոխըմբռնման հուշագիր Արդարադատության ակադեմիայի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև
Փետրվարի 28-ին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը: «Այսօր մենք ներկա ենք սպասված և պատմական իրադարձության. պատրաստվում ենք իրավաբանորեն ամրագրել մեր համագործակցությունը, որն իրականացնում ենք մեր գործընկեր Արդարադատության ակադեմիայի հետ՝ կառույցի ստեղծման առաջին իսկ օրվանից»,- նշեց Գագիկ Ղազինյանը: Դեկանն իր խոսքում կարևորեց Ակադեմիայի դերը իրավական ոլորտի համապատասխան մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործում և նշեց, որ ոչ մի մագիստորսական ծրագիր չի կարող լրացնել այն բացը, որն արդեն վեց տարի իրականացնում է Ակադեմիան՝ տրամադրելով բարձրորակ գիտելիք և գործնական հմտություններ: Դեկանը նաև առանձնացրեց Ակադեմիայի նոր ձևավորված գիտական խորհրդի կարևոր դերը:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն իր հերթին ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց Գագիկ Ղազինյանին նման նախաձեռնության համար՝ նշելով, որ այս տարիներին Ակադեմիան և Իրավագիտության ֆակուլտետը սերտորեն համագործակցել են անգամ առանց համապատասխան փաստաթղթի: «Որպես երկարամյա համալսարանական ու համալսարանի նվիրյալ՝ առաջին անգամ իմ հարազատ համալսարանում հանդես եմ գալիս որպես այլ կառույցի ներկայացուցիչ: Հուշագրի ստորագրումը կարևոր նշանակություն կունենա համատեղ տարբեր ծրագրերում ներգրավվելու, ֆակուլտետի ուսանողների արտադրական պրակտիկան Ակադեմիայում կազմակերպելու և այլ ուղղություններով ակտիվ և արդյունավետ համագործակցելու առումներով»,- նշեց ռեկտորը:
Միջոցառումն ավարտվեց կողմերի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումով: Փաստաղթուղթը ստորագրեցին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: