Դիպլոմներ՝ դատավորների թեկնածուների հավակնորդների 2019-2020թթ. ցուցակում ընդգրկված անձանց
Հունիսի 9-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ավարտական դիպլոմներ հանձնեց Ակադեմիայի դատավորների թեկնածուների հավակնորդների 2019-2020թթ. ցուցակում ընդգրկված անձանց՝ քրեական, քաղաքացիական, վարչական մասնագիտացումներով 17 ունկնդրի:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված և արտակարգ դրության պայմաններում՝ դիպլոմների հանձնման արարողության կազմակերպման և անցկացման համար ձեռնարկվել էին անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Ունկնդիրներին դիպլոմներ հանձնվեց երկու խմբով, տրամադրվել էին դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ միջոցներ, պահպանվում էր սոցիալական հեռավորությունը:
Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ հետագայում ճանապարհը կշարունակեն՝ ի օգուտ արդարադատության ոլորտի զարգացման ու բարելավման, առաջնորդվելով ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային արժանիքներով: «Ցանկացած՝ հատկապես կրթական հաստատության գործունեության հիմնական գնահատականը նրա շրջանավարտների ձեռքբերումներն ու հաջողություններն են: Վստահ եմ՝ մեր պատիվը բարձր կպահեք, և մոտ ապագայում կհանդիպենք ոչ որպես թեկնածուների հավակնորդներ, այլ՝ Ակադեմիայում վերապատրաստում անցնող դատավորներ»,-նշեց ռեկտորը և բարի երթ ու քաջառողջություն մաղթեց շրջանավարտներին:
Դատավորի թեկնածուի հավակնորդների խմբի անունից Լիանա Հարությունյանը երախտագիտություն հայտնեց Արդարադատության ակադեմիայի ռեկտորին և աշխատակազմին՝ մասնագիտական պատրաստման անցկացման, ջանասեր աշխատանքի ու նվիրումի համար, որը կարևոր նշանակություն կունենա իրենց հետագա աշխատանքում:
Դատավորների թեկնածուների հավակնորդների մասնագիտական պատրաստումը մեկնարկել էր 2019թ. սեպտեմբերի 9-ին և տևել 7 ամիս և 3 շաբաթ՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:
Ուզբեկստանի գլխավոր դատախազության ակադեմիան 2 տարեկան է
Հայաստանի Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի գլխավոր դատախազության ակադեմիայի ղեկավար Եվգենի Կոլենկոյին և աշխատակազմին՝ կառույցի 2-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, հաջողություն և բարեկեցություն: «Այսօր Ուզբեկստանի գլխավոր դատախազության ակադեմիան ժամանակակից նյութատեխնիկական և մեթոդական բազա ունեցող գիտակրթական համալիր է, որտեղ պատրաստվում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Լիահույս եմ՝ Ակադեմիան հետագայում ևս շարունակաբար կզարգանա՝ պրոֆեսորադասախոսական կազմի և արհեստավարժ կադրերի ջանքերի շնորհիվ»,- ուղերձում նշել է ռեկտորը և վստահություն հայտնել, որ երկու կառույցների համագործակցությունն արդյունավետ կզարգանա:
Ուզբեկստանի գլխավոր դատախազության ակադեմիայի 2-ամյակի առիթով նախաձեռնվել և այսօր անցկացվել է հեռավար տեսահամաժողով՝ «Կրթական կարողությունների զարգացումն իրավապահ գործունեության ոլորտում. ժամանակակից մարտահրավերներ և որոշումներ» խորագրով: Մասնակցում էին տարբեր երկրների համանման կառույցների ներկայացուցիչներ: Արդարադատության ակադեմիայի անունից համաժողովին մասնակցում էր պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Պրոռեկտորը, նախ՝ շնորհավորել է Ուզբեկստանի գլխավոր դատախազության ակադեմիային՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ, ապա՝ հանդես եկել ելույթով՝ «Հայաստանի Արդարադատության ակադեմիայի գործունեության առանձնահատկությունները» թեմայով: Ա. Մանասյանը ներկայացրել է նաև համաճարակի պայմաններում և արտակարգ դրության ժամանակ Ակադեմիայի փորձը՝ մասնագիտական պատրաստման և վերապատրաստման կազմակերպման, հեռավար դասընթացների անցկացման գործում:
Տեղի է ունեցել HELP հեռաուսուցման դասընթացի մեկնարկային հանդիպումը
Մայիսի 20-22-ը տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի շրջանակում անցկացվող «Բռնություն կանանց նկատմամբ և ընտանեկան բռնություն» HELP (Մարդու իրավունքների թեմայով ուսուցում իրավական ոլորտի մասնագետների համար) առցանց դասընթացի մեկնարկային հանդիպումը, որին մասնակցում էին դատավորներ, դատախազներ, քննիչներ:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հանդիպումն անցկացվեց առցանց եղանակով, որին մասնակցում էր Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Պրոռեկտորի խոսքով՝ Ակադեմիայի և Եվրոպայի Խորհրդի, նաև HELP ծրագրի միջև առկա է արդյունավետ և օգտակար համագործակցություն: Ավելին, նման դասընթացների արդյունավետության լավագույն վկայությունն է մասնակիցների թվի շարունակական աճը: Անահիտ Մանասյանը նշեց, որ մասնակցությունն այս դասընթացներին համարվում է Ակադեմիայում անցկացվող պարտադիր վերապատրաստումների բաղկացուցիչ: Պրոռեկտորը նաև նշեց, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված առավել մեծ թափով են այս փուլում իրականացվում հեռավար դասընթացներ, մասնավորապես՝ HELP հարթակում:
«Բռնություն կանանց նկատմամբ և ընտանեկան բռնություն» դասընթացի տևողությունը երեք ամիս է, որը վարելու է HELP դասընթացավար Լուսինե Սարգսյանը:
Քննական օր Արդարադատության ակադեմիայում
Մայիսի 22-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց դատավորների թեկնածուների հավակնորդների և դատախազների թեկնածուների մասնագիտական պատրաստման երկրորդ հատվածին հաջորդող քննաշրջանը:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ձեռնարկվել էին անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ ունկնդիրներին տրամադրվել էին դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ միջոցներ, պահպանվում էր սոցիալական հեռավորությունը:
Դատախազի թեկնածուներն և քրեական մասնագիտացմամբ դատավորի թեկնածուների հավակնորդները քննություն են հաձնել «Քրեական իրավունքի արդի հարցեր», վարչական մասնագիտացմամբ դատավորի թեկնածուների հավակնորդները՝ «Վարչական իրավունքի արդի հարցեր», քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորի թեկնածուների հավակնոդները՝ «Քաղաքացիական իրավունքի արդի հարցեր» դասընթացներից:
Մեկնարկել է HELP «Քրեական գործերով կայացվող դատական ակտերի պատճառաբանումը» հեռավար դասընթացը
Համաճարակային իրադրության պայմաններում և հայտարարված արտակարգ դրության ժամանակ՝ Արդարադատության ակադեմիան առավել մեծ ծավալով է իրականացնում հեռավար դասընթացներ: Դրանց շրջանակում առանձնանում են Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) HELP հեռավար հարթակում առկա և Արդարադատության ակադեմիայի հետ համագործակցությամբ ադապտացված և իրականացվող հեռավար դասընթացները: HELP-ը իրավական ոլորտի մասնագետների համար նախատեսված առցանց հարթակ է:
Մայիսի 11-ին մեկնարկել է Արդարադատության ակադեմիայի և ԵԽ-ի համագործակցությամբ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում իրականացվող «Քրեական գործերով կայացվող դատական ակտերի պատճառաբանումը» դասընթացը՝ երկրորդ խմբի մասնակիցների՝ քրեական գործեր քննող դատավորների համար: Նախորդ դասընթացն ավարտվել է ապրիլին: Դասընթացի տևողությունը 8 շաբաթ է, որը վարում է HELP դասընթացավար Գոհար Սիմոնյանը:
Մասնագիտական սեղանին է «Դատական փորձաքննությունների տեսական և գործնական արդի հիմնախնդիրները» գիտագործնական ձեռնարկը
Հրապարակվել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արդարադատության ակադեմիայի ռեկտորի խորհրդական Վահե Ենգիբարյանի և բժշկական գիտությունների թեկնածու, «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» տնօրեն Արգամ Հովսեփյանի «Դատական փորձաքննությունների տեսական և գործնական արդի հիմնախնդիրները» գիտագործնական ձեռնարկը՝ Արդարադատության ակադեմիայի գիտական խորհրդի երաշխավորությամբ: Ձեռնարկի գիտական խմբագիրն իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն է: Գիտագործնական ձեռնարկն Արդարադատության ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» միջև համագործակցության արդյունք է:
Այն նվիրված է դատական փորձագիտության տեսաիրավական հիմքերի ու գործնական հիմնախնդիրների բացահայտմանը, դրանց վերլուծմանն ու կատարելագործման հեռանկարների նախանշմանը:
Ձեռնարկը նախատեսված է իրավաբանական բուհերի և ֆակուլտետների բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողների, հետբուհական կրթության ունկնդիրների, դասախոսների, ասպիրանտների, հայցորդների, դատական փորձագիտության հիմնախնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող իրավաբանների, ինչպես նաև իրավակիրառ և իրավապահ համակարգի տարբեր մարմինների համար:
Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը, ներբեռնման հնարավորությամբ, հասանելի է Ակադեմիայի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ`
Ռեկտորը քննաշրջանին ընդառաջ առցանց հանդիպում անցկացրեց ունկնդիրների հետ
Մայիսի 14-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը առցանց հանդիպում անցկացրեց Ակադեմիայի 2020 թվականի ունկնդիրների՝ դատավորների թեկնածուների հավակնորդների և դատախազների թեկնածուների հետ: Ուսուցման յուրաքանչյուր հատվածից հետո և քննաշրջանից առաջ ռեկտորի և ունկնդիրների միջև անցկացվում են հանդիպում-քննարկումներ: Այս անգամ, չխախտելով ավանդույթը, քննարկումը ևս տեղի ունեցավ, բայց, ստեղծված իրավիճակով պայմանավորված, այն անցկացվեց հեռավար եղանակով, որի ժամանակ ռեկտորը ներկայացրեց քննությունների անցկացման կարգը, պատասխանեց ունկնդիրներին հուզող հարցերին:
Ունկնդիրները երախտագիտութուն հայտնեցին նման ձևաչափով հանդիպման անցկացման և հետաքրքրող հարցերի պարզաբանումները ստանալու հնարավորության համար:
Քննությունը նախատեսված է անցկացնել մայիսի 22-ին:
Մեկնարկեց քննիչի թեկնածուների առաջին խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը
Մայիսի 4-ին մեկնարկեց ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց՝ առաջին խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը: Խմբում ընդգրկված է 28 ունկնդիր: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ուսուցումն անցկացվում է առցանց եղանակով:
Մասնագիտական պատրաստումն անցկացվում է համապատասխան ուսուցման ծրագրով, ըստ որի դասընթացների ընդհանուր ժամաքանակը 150 ակադեմիական ժամ է: Ուսուցման ծրագիրը նպատակաուղղված է ունկնդիրների մոտ քննիչի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների ձևավորմանը, մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնմանը:
Ռեկտորն առցանց հանդիպում անցկացրեց քննիչի թեկնածուների հետ
Ապրիլի 30-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը առցանց հանդիպում անցկացրեց Ակադեմիայի 2020 թվականի ունկնդիրների՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց հետ:
Չխախտելով ավանդույթը՝ ռեկտորը մասնագիտական պատրաստման մեկնարկից առաջ ունկնդիրներին ներկայացրեց ուսուցման գործընթացին առնչվող մանրամասներ, պատասխանեց ունկնդիրներին հուզող հարցերին: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ այս անգամ հանդիպումն անցկացվեց առցանց:
Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց ունկնդիրներին ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու կապակցությամբ և հաջող ուսումնառություն մաղթեց՝ անկախ ստեղծված իրավիճակից՝ նշելով, որ այդ առումով ունկնդիրներից շատ բան է կախված: Ռեկտորը հույս հայտնեց, որ քանի դեռ հնարավոր չէ կազմակերպել լսարանային ուսուցում, դասընթացներն անցկացվելու են առցանց՝ ուսուցման ծրագրին համապատասխան:
Ռեկտորը մանրամասն ներկայացրեց ուսուցման ծրագիրը, փորձաշրջանի անցկացման կարգը, պատասխանեց ունկնդիրներին հետաքրքրող հարցերին:
Մայիսի 4-ին մեկնարկելու է քննիչի թեկնածուների 1-ին խմբի թվով 28 ունկնդիրների մասնագիտական պատրաստումը՝ առցանց եղանակով: Դասընթացների ընդհանուր ժամաքանակը սահմանված է 150 ակադեմիական ժամ:
Լույս է տեսել «Դատական ծախսերը քաղաքացիական դատավարությունում» գիտագործնական ձեռնարկը
Արդարադատության ակադեմիայի գիտական խորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել «Դատական ծախսերը քաղաքացիական դատավարությունում» գիտագործնական ձեռնարկը՝ Արդարադատության ակադեմիայի դասընթացավար, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանի հեղինակությամբ:
Աշխատությունում տեսական աղբյուրների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի դատական ակտերի, ինչպես նաև դատական պրակտիկայի այլ նյութերի հիման վրա վերլուծվել են դատական ծախսերի հասկացության, նշանակության, դատական ծախսերի կազմի, դրանց բաշխման և փոխհատուցման հետ կապված հարցերը, վեր են հանվել քաղաքացիադատավարական օրենսդրության որոշ խնդիրներ և ներկայացվել են այս ինստիտուտի հետագա կատարելագործմանն ուղղված առաջարկություններ:
Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը, ներբեռնման հնարավորությամբ, հասանելի է Ակադեմիայի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ`