Ուզբեկստանի գլխավոր դատախազության ակադեմիան 2 տարեկան է
Հայաստանի Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի գլխավոր դատախազության ակադեմիայի ղեկավար Եվգենի Կոլենկոյին և աշխատակազմին՝ կառույցի 2-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, հաջողություն և բարեկեցություն: «Այսօր Ուզբեկստանի գլխավոր դատախազության ակադեմիան ժամանակակից նյութատեխնիկական և մեթոդական բազա ունեցող գիտակրթական համալիր է, որտեղ պատրաստվում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Լիահույս եմ՝ Ակադեմիան հետագայում ևս շարունակաբար կզարգանա՝ պրոֆեսորադասախոսական կազմի և արհեստավարժ կադրերի ջանքերի շնորհիվ»,- ուղերձում նշել է ռեկտորը և վստահություն հայտնել, որ երկու կառույցների համագործակցությունն արդյունավետ կզարգանա:
Ուզբեկստանի գլխավոր դատախազության ակադեմիայի 2-ամյակի առիթով նախաձեռնվել և այսօր անցկացվել է հեռավար տեսահամաժողով՝ «Կրթական կարողությունների զարգացումն իրավապահ գործունեության ոլորտում. ժամանակակից մարտահրավերներ և որոշումներ» խորագրով: Մասնակցում էին տարբեր երկրների համանման կառույցների ներկայացուցիչներ: Արդարադատության ակադեմիայի անունից համաժողովին մասնակցում էր պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Պրոռեկտորը, նախ՝ շնորհավորել է Ուզբեկստանի գլխավոր դատախազության ակադեմիային՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ, ապա՝ հանդես եկել ելույթով՝ «Հայաստանի Արդարադատության ակադեմիայի գործունեության առանձնահատկությունները» թեմայով: Ա. Մանասյանը ներկայացրել է նաև համաճարակի պայմաններում և արտակարգ դրության ժամանակ Ակադեմիայի փորձը՝ մասնագիտական պատրաստման և վերապատրաստման կազմակերպման, հեռավար դասընթացների անցկացման գործում: