ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Երկօրյա վերապատրաստում դասընթացավարների համար

07.03.2020

Արդարադատության ակադեմիան Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հետ համագործակցությամբ մարտի 6-7-ը Ծաղկաձորում անցկացրեց դասընթացավարների վերապատրաստում՝ «Տուժողի կարգավիճակի առանձնահատկությունները քրեական դատավարությունում» և «Այլընտրանքային խափանման միջոցների կիրառման գործնական հմտություններ» թեմաներով:

 

Բացման խոսքով հանդես եկավ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը՝ նշելով, որ Ակադեմիա-ԵԽ համագործակցությունը չափազանց օգտակար է, ինչի վկայությունն արդյունքներն են: Ռեկտորի խոսքով՝ ԵԽ-ի հետ համատեղ մշակվում է 5 մոդուլ, որոնք քննարկումներից հետո վերջնական տեսքով այս տարի կներդրվեն Ակադեմիայի ուսումնական գործընթացում՝ դատավորների և դատախազների վերապատրաստման ծրագրերում:

 

ԵԽ երևանյան գրասենյակի անունից մասնակիցներին ողջունեց ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը՝ նշելով, որ մշակված մոդուլները նաև համապատասխան ձեռնարկների տեսքով կհրապարակվեն և հունիսին կտրամադրվեն Ակադեմիային:

 

Երկօրյա վերապատրաստումն անցկացվեց ԵԽ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական Միության և ԵԽ-ի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» կառուցակարգի ֆինանսավորմամբ:

 

Վերապատրաստումը վարում էին ԵԽ միջազգային փորձագետներ Ալեքսանդրա Իվանկովիչ-Տամամովիչը և Լիլիան Ապոստոլը, ԵԽ տեղական փորձագետներ Արսեն Նիկողոսյանը և Դավիթ Թումասյանը: Մասնակցում էին դատավորներ ՀՀ վճռաբեկ, վերաքննիչ, ընդհանուր իրավասության դատարաններից, դատական ծառայողներ: