Այսօր անցկացվեց Արդարադատության ակադեմիայի գիտական խորհրդի հերթական նիստը
Դեկտեմբերի 25-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց Ակադեմիայի գիտական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, գիտխորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանը: Ներկա էին Խորհրդի կազմում ընդգրկված իրավաբան-գիտնականներ, ՀՀ դատական, դատախազական և քննչական համակարգերի, նաև Ակադեմիայի աշխատակազմից ներկայացուցիչներ:
Օրակարգի հաստատումից հետո Խորհրդի անդամ Վահե Ենգիբարյանը ներկայացրեց «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների նկատմամբ նախնական դատական վերահսկողության ինստիտուտի կատարելագործման հայեցակարգային դրույթները» վերտառությամբ գիտական հաղորդում, որի շուրջ ակտիվ քննարկում ծավալվեց, վեր հանվեցին խնդրահարույց մի շարք հարցեր, նաև մատնանշվեցին որոշ թեմաներ, որոնց շուրջ, ռեկտորի խոսքով, նախատեսվում է առաջիկայում կազմակերպել համալիր քննարկում՝ շահագրգիռ կառույցների ներգրավմամբ:
Խորհրդի հաստատմանը ներկայացվեց «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի երկրորդ համարի տպագրության երաշխավորության հարցը: Եռալեզու հանդեսում տեղ են գտել ինչպես հայ, այնպես էլ Ակադեմիայի օտարերկրյա գործընկեր կառույցների իրավաբան-գիտնականների գիտական հոդվածները: Խորհուրդը տպագրության երաշխավորեց գիտագործնական հանդեսի հերթական համարը:
Օրակարգում ընդգրկված էր նաև Վահե Ենգիբարյանի և Արգամ Հովսեփյանի «Դատական փորձաքննությունների տեսական և գործնական արդի հիմնախնդիրները» գիտագործնական ձեռնարկի տպագրության երաշխավորության հարցը: Ձեռնարկը Արդարադատության ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» միջև համագործակցության արդյունք է: Խորհուրդը տպագրության երաշխավորեց գիտագործնական ձեռնարկը:
Ակադեմիայի գիտական խորհրդի տարեվերջյան նիստին Սերգեյ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց Խորհրդի անդամներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և մաղթեց խաղաղություն, քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ գալիք տարում: