ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1326

21.04.2022

Դիպլոմներ՝ դատավորների թեկնածուների հավակնորդներին

Ապրիլի 21-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց քրեական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների 2021-2022 թթ ցուցակում ընդգրկված անձանց: Դիպլոմներ ստացան Ակադեմիայի 12 ունկնդիր, այդ թվում՝ 2 իրավաբան-գիտնական:

 

Ռեկտորը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց, որ սա հերթական, բայց ոչ շարքային միջոցառումն է: «Ցանկացած նման իրադարձություն կարևոր նշանակություն ունի ոչ միայն ձեր, Ակադեմիայի, այլև մեր պետության կենսագործունեության ամենակարևոր ոլորտներից մեկի զարգացման համար: Վստահ եմ՝ մոտ ապագայում արձանագրելու ենք ձեր արդունավետ գործունեության առաջին արդյունքները, որոնք շարունակաբար զարգանալու են»,-նշեց ռեկտորը:

 

Շրջանավարտներից Հայկ Պետրոսյանն էլ իր հերթին երախտագիտություն հայտնեց ռեկտորին, Ակադեմիայի անձնակազմին ուսումնառությունը պատշաճ կազմակերպելու համար:

1325

21.04.2022

Մեկնարկեց 2022 թվականի դատախազի թեկնածուների առաջին քննաշրջանը

Ապրիլի 21-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց դատախազների թեկնածությունների 2022 թ. ցուցակում ընդգրկված անձանց առաջին քննությունը: Օրեր առաջ է ավարտվել ունկնդիրների ուսումնառության առաջին հատվածը, որին հաջորդում է ընդհանուր մասնագիտական դասընթացներ ընդգրկող միասնական քննությունը՝ թեստային եղանակով:

 

Դատախազների թեկնածուների այս խմբի մասնագիտական պատրաստումը, համաձայն համապատասխան ուսուցման ծրագրի, տևելու է 7 ամիս՝ ներառյալ փորձաշրջանը: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 1016 ակադեմիական ժամ է:

1324

20.04.2022

Աշխատանքային հանդիպում շվեդ գործընկերների հետ

Ապրիլի 20-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչներին՝ միջազգային կապերի բաժնի իրավախորհրդատու և ծրագրերի համակարգող Լյուդվիգ Բեքինգին և դատավոր Բյորն Լինդենին, ով համակարգելու է Հայաստանի և Շվեդիայի համապատասխան կառույցների միջև՝ այդ թվում Արդարադատության ակադեմիայի, հաստատված ծրագրի իրականացման աշխատանքները:

 

Ռեկտորը ողջունեց հյուրերին, ընդգծեց առկա համագործակցության կարևորությունը և խորացնելու անհրաժեշտությունը:

 

Հյուրերը երախտագիտություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնեցին արդեն իսկ հաստատված ծրագրի իրականացման ուղղությամբ համատեղ քայլեր իրականացնել:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ծրագրի իրականացման համար մշակված աշխատանքային պլանի շրջանակում նախանշված անելիքները և սահմանված ժամկետներում դրանց իրականացման հնարավորությունները:

 

Ծրագրի համակարգող Բյորն Լինդենը, ով Ակադեմիայում էր առաջին անգամ, ծանոթացավ նաև Ակադեմիայի շենքային պայմաններին:

1323

18.04.2022

Դիպլոմներ՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդներին

Ապրիլի 18-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների 2022 թ. ցուցակում ընդգրկված անձանց: Դիպլոմներ ստացան Ակադեմիայի 16 ունկնդիր, այդ թվում՝ 2 իրավաբան-գիտնական:

 

Ռեկտորը, շնորհավորելով ունկնդիրներին, նշեց, որ դիպլոմների հանձման այս արարողությունն արտասովոր է և տարբերվում է նախորդներից. «Դուք մոտ ապագայում համալրելու եք նոր ձևավորվող Հակակոռուպցիոն դատարանի դատավորների համայնքը, որից կախված է լինելու կոռուպցիայի դեմ պայքարի ընկալումը, այդ թվում՝ հասարակության կողմից»,- նշեց ռեկտորը և ընդգծեց, որ հատկապես նրանցից է կախված լինելու, թե ինչ գնահատականի կարժանանա նման դատարան ստեղծելու որոշումը:

1322

15.04.2022

Քննաշրջանից առաջ ռեկտորը հանդիպեց ունկնդիրներին

Ապրիլի 15-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայում այս պահին մասնագիտական պատրաստում անցնող դատախազի թեկնածուներին: Ավարտվում է մասնագիտական պատրաստման առաջին հատվածը, և ավանդույթի համաձայն՝ քննաշրջանին ընդառաջ ռեկտորը հանդիպեց ունկնդիրներին, ներկայացրեց քննությունների անցկացման կարգը, պատասխանեց հետաքրքրող հարցերին:

 

Ունկնդիրների այս խմբի քննությունը նախանշված է ապրիլի 21-ին, այն կանցկացվի թեստային եղանակով:

1321

15.04.2022

Սեմինար դատախազների և քննիչների համար

Ապրիլի 15-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար «Կոռուպցիայի ռիսկի կանխարգելումը և կոռուպցիային առնչվող իրավախախտումների արդյունավետ բացահայտման լավագույն միջազգային պրակտիկան» թեմայով: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

 

Սեմինարը վարում էր հակակոռուպցիոն և էթիկայի հարցերով փորձագետ Դիանա Կուրպնիեցեն (Լատվիա): Մասնակցում էին դատախազներ և քննիչներ:

1320

13.04.2022

Ակադեմիայի պրոռեկտորը մասնակցել է ԵԽ ծրագրի համակարգող խորհրդի տարեկան նիստին

Ապրիլի 12-ին Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը մասնակցել է «Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի համակարգող խորհրդի հերթական տարեկան նիստին:

 

Ամփոփվել են 2019-2022 թթ. համատեղ իրականացված ծրագրերը, դրանց արդյունքները և քննարկվել մինչև տարեվերջ իրականացվելիք գործողությունները:

 

ԵԽ այս ծրագիրն ուղղված է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման, բռնությունից տուժածների պաշտպանության և բռնարարների քրեական հետապնդման, ինչպես նաև գենդերային հավասարության առաջմղման գործում ներգրավված հիմնական շահառուների կարողությունների ամրապնդմանը:

1319

12.04.2022

Սեմինար՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար

Ապրիլի 12-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց սեմինարների շարք ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար՝ նվիրված ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերին: Առաջին սեմինարին մասնակցում էին Կոմիտեի ղեկավար կազմի ներկայացուցիչները: Սեմինարն անցկացնում է Ակադեմիան՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի հետ համատեղ՝ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ԵԽ-ի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի կողմից։

 

Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց. «Քանի որ քրեական արդարադատության հիմքում քննիչի աշխատանքն է, չափազանց կարևոր է նման սեմինարների անցկացումը: Ավելին՝ հուլիսի 1-ից ձեր գործունեության առանձնահատկություններն էապես փոխվելու են՝ պայմանավորված նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելու հետ»:

 

ԵԽ ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանն իր խոսքում կարևորեց Ակադեմիայի հետ համագործակցության արդյունավետությունը և հույս հայտնեց, որ սեմինարները կլինեն չափազանց օգտակար և կիրառելի:

 

Սեմինարը վարում էին Ակադեմիայի դասընթացավարներ, ԵԽ ազգային փորձագետներ Արսեն Նիկողոսյանը և Նինա Փիրումյանը:

1318

11.04.2022

Մեկնարկել է դատավորների տարեկան վերապատրաստումը

Ապրիլի 11-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է դատավորների վերապատրաստումը: Առաջին խմբում ընդգրկված է 27 դատավոր:

 

Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը յուրաքանչյուր դատավորի համար կազմում է տարեկան 80 ակադեմիական ժամ:

 

Վերապատրաստումն իրականացվում է տարեկան վերապատրաստման ուսուցման ծրագրի համաձայն՝ ունկնդիրների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման և կատարելագործման ապահովման նպատակով:

1317

11.04.2022

Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը ճանաչողական այցով Ֆրանսիայում էր

Ապրիլի 3-ից 9-ը Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը ճանաչողական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում էր: Ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորությամբ պատվիրակության կազմում էին Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյանը, Խորհրդի անդամ, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանը, Ակադեմիայի դասընթացավար, ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը և Ակադեմիայի միջազգային ծրագրերի համակարգող Անահիտ Աբրահամյանը:

 

Պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել արդարադատության ոլորտի իրավաբան մասնագետների վերապատրաստման, դատական դպրոցների գործունեության լավագույն փորձի փոխանակման նպատակով: Պատվիրակության անդամներն այցելել են Ֆրանսիայի ազգային դատական դպրոցի Փարիզի և Բորդոյի մասնաճյուղեր, Բարձրագույն դատական խորհուրդ, Արդարադատության նախարարություն: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության համար:

 

Այցն իրականություն է դարձել Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանասավորվող Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում: