Ակադեմիայի ռեկտորը մասնակցել է HELP առցանց դասընթացի մեկնարկային հանդիպմանը
Մայիսի 5-ին տեղի ունեցավ «Էթիկան դատավորների, դատախազների և փաստաբանների համար» թեմայով HELP առցանց դասընթացի մեկնարկային հանդիպումը: Դասընթացը թարգմանվել և համապատասխանեցվել է «Դատական բարեփոխումների իրականացում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) և Եվրոպական միության (ԵՄ) «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակում՝ ԵԽ և Արդարադատության ակադեմիայի համագործակցությամբ։
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը:
ԵԽ դատաիրավական և մարդու իրավունքների ուսուցման բաժնի ղեկավարի տեղակալ Անա Մեդարսկա-Լազովան ներկայացրեց HELP ծրագիրը: Այնուհետև Ակադեմիայի և HELP ազգային դասընթացավար, HELP դասընթացի հեղինակներից Դավիթ Մելքոնյանը անդրադարձավ դասընթացի իրականացման հետ կապված գործնական մի շարք հարցերի։ Այս դասընթացը նախատեսված է իրավական ոլորտի 23 մասնագետի համար:
Ռեկտորը հանդիպեց 2022 թվականի առաջին խմբի քննիչի թեկնածուներին
Մայիսի 6-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված ունկնդիրներին, որոնք մասնագիտական պատրաստում են անցնելու առաջին խմբի կազմում: Խմբում ընդգրկված է 23 ունկնդիր, որոնց մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է մայիսի 10-ին:
Ռեկտորը շնորհավորեց ունկնդիրներին՝ նշելով, որ նրանք ընտրել են բարդ մասնագիտություն և պետք է պատրաստ լինեն հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ: Այնուհետև ներկայացրեց ուսուցման գործընթացին առնչվող մանրամասներ, պատասխանեց ունկնդիրներին հուզող հարցերին:
Սեմինար՝ «Դատական իշխանության բարեվարքությունը» թեմայով
Մայիսի 6-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար «Դատական իշխանության բարեվարքությունը» թեմայով: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:
Սեմինարն անցկացնում էր Լատվիայի Վերաքննիչ դատարանի դատավոր և փորձագետ Սվետլանա Բելյաևան: Մասնակցում էին Ակադեմիայի ունկնդիրները՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդները:
Փոխըմբռնման հուշագիր՝ Արդարադատության ակադեմիայի և Արբիտրների բարձրագույն դպրոցի միջև
Մայիսի 5-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Արբիտրների բարձրագույն դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:
Ռեկտորը շնորհակալություն հայտնեց Աննա Խաչիկյանին նախաձեռնության համար՝ կարևորելով արբիտրաժի դերը և նշանակությունը մեր պետության և հասարակության զարգացման համար: «Համոզված եմ՝ համագործակցությունը օգտակար է լինելու թե՛ մեր, թե՛ ձեր ունկնդիրների համար»,- նշեց ռեկտորը:
Աննա Խաչիկյանը երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնեց, որ հետագայում համագործակցությունն ավելի սերտ կլինի:
Արբիտրների բարձրագույն դպրոցի դասընթացավար Տիգրան Խաչիկյանն իր հերթին նշեց, որ այսպիսի հուշագրերի ստորագրումը ոլորտում ձևավորում է արդյունավետ երկխոսության հավելյալ արժեքներ և դրական միտումներ:
Ակադեմիայի ռեկտորը մասնակցել է միջազգային գիտաժողովի
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում ապրիլի 28-ից 29-ը անցկացված «Ենթամշակույթը և բռնությունը քրեակատարողական հիմնարկում. Հայաստան, Վրաստան և Գերմանիա» խորագրով միջազգային գիտաժողովին: Քննարկվել են ներկա մարտահրավերները, որոնք ծառացած են երեք երկրի քրեակատարողական համակարգի առջև:
Ռեկտորը հանդես է եկել «Բռնությունը՝ որպես վերասոցիալականացման խոչընդոտ. իրականություն» թեմայով զեկուցմամբ:
Ներկա էին փորձագետներ Գերմանիայից, Վրաստանից, նաև ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից, ՔԿՀ-ներից և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետից:
Գիտաժողովին մասնակցել են նաև Արդարադատության ակադեմիայի ունկնդիրները՝ դատավորների թեկնածուների հավակնորդներ և քննիչներ:
Սեմինար ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար
Ապրիլի 29-ին Արդարդատության ակադեմիայում անցկացվեց սեմինար ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար՝ «Կիբերհանցագործություններ» թեմայով: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:
Սեմինարը վարում էր միջազգային փորձագետ Աքսել Ֆորստերը, ով երկար տարիներ աշխատել է ոստիկանությունում (Գերմանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Սուդան), եղել է գլխավոր դետեկտիվ:
Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է։ Ապրիլի 23-ի ուշ երեկոյան Արդարադատության ակադեմիայի աշխատակազմը` ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, անմար կրակի շուրջ ծաղիկներ խոնարհեց և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։
Սեմինար ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար
Ապրիլի 22-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար «ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի արդի հիմնախնդիրներ» թեմայով: Վերապատրաստումների այս շարքն իրականացվում է Ակադեմիայի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:
Սեմինարը վարում էր Ակադեմիայի դասընթացավար, IRZ-ի ազգային փորձագետ, ի.գ.թ., դոցենտ Հրայր Ղուկասյանը: Մասնակցում էին ՀՀ քննչական կոմիտեի քննիչներ:
Դիպլոմներ՝ դատավորների թեկնածուների հավակնորդներին
Ապրիլի 21-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց քրեական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների 2021-2022 թթ ցուցակում ընդգրկված անձանց: Դիպլոմներ ստացան Ակադեմիայի 12 ունկնդիր, այդ թվում՝ 2 իրավաբան-գիտնական:
Ռեկտորը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց, որ սա հերթական, բայց ոչ շարքային միջոցառումն է: «Ցանկացած նման իրադարձություն կարևոր նշանակություն ունի ոչ միայն ձեր, Ակադեմիայի, այլև մեր պետության կենսագործունեության ամենակարևոր ոլորտներից մեկի զարգացման համար: Վստահ եմ՝ մոտ ապագայում արձանագրելու ենք ձեր արդունավետ գործունեության առաջին արդյունքները, որոնք շարունակաբար զարգանալու են»,-նշեց ռեկտորը:
Շրջանավարտներից Հայկ Պետրոսյանն էլ իր հերթին երախտագիտություն հայտնեց ռեկտորին, Ակադեմիայի անձնակազմին ուսումնառությունը պատշաճ կազմակերպելու համար:
Մեկնարկեց 2022 թվականի դատախազի թեկնածուների առաջին քննաշրջանը
Ապրիլի 21-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց դատախազների թեկնածությունների 2022 թ. ցուցակում ընդգրկված անձանց առաջին քննությունը: Օրեր առաջ է ավարտվել ունկնդիրների ուսումնառության առաջին հատվածը, որին հաջորդում է ընդհանուր մասնագիտական դասընթացներ ընդգրկող միասնական քննությունը՝ թեստային եղանակով:
Դատախազների թեկնածուների այս խմբի մասնագիտական պատրաստումը, համաձայն համապատասխան ուսուցման ծրագրի, տևելու է 7 ամիս՝ ներառյալ փորձաշրջանը: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 1016 ակադեմիական ժամ է: