ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1306

25.03.2022

Անցկացվեց ԵՄ-ԵԽ ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը

Մարտի 25-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնակցեց Եվրոպական Միության (ԵՄ) և Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի ղեկավար կոմիտեի նիստին, որն անցկացվում էր առցանց եղանակով: Մասնակցում էին Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, նաև ներկայացուցիչներ ԵԽ և ԵՄ գրասենյակներից, ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ գլխավոր դատախազությունից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, ՀՀ սահմանադրական դատարանից, ՀՀ վճռաբեկ դատարանից, ՀՀ փաստաբանների պալատից:

 

Ռեկտորը ներկայացրեց ծրագրի շրջանակում Ակադեմիայի կողմից իրականացված միջոցառումները, մասնավորապես անդրադարձավ HELP հեռավար հարթակի միջոցով անցկացվող դասընթացներին, որոնց նկատմամբ հետաքրքրությունը շարունակաբար աճում է: Ավելին՝ Ակադեմիայի կողմից մշակվել է նաև համանման դասընթաց՝ առկա ուսուցմամբ անցկացնելու նպատակով:

 

Նիստի ընթացքում մասնակիցները քննարկեցին իրականացվող ծրագրերի մանրամասները և առաջիկա անելիքները:

1305

25.03.2022

Սեմինար՝ նվիրված դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի մեկնաբանությանը

Մարտի 25-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար՝ «Դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի մեկնաբանություն» թեմայով: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

 

Սեմինարը, որին մասնակցում էին դատախազի թեկնածուները, վարում էր վերոնշյալ ծրագրի ազգային փորձագետ Գոհար Հակոբյանը:

1304

24.03.2022

Քննական օր Արդարադատության ակադեմիայում

Մարտի 24-ը քննական է Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրների՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների համար, ինչպես նաև քրեական մասնագիտացման բաժնի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնում ընդգրկված անձի:

 

Ունկնդիրների քննաշրջանն անցկացվում է՝ համաձայն համապատասխան ուսուցման ծրագրերի:

1303

24.03.2022

Եվրոպական արդարադատական համագործակցության մարմնի՝ «Եվրոջասթ»-ի ներկայացուցիչների այցը Ակադեմիա

Մարտի 24-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Եվրոպական արդարադատական համագործակցության մարմնի՝ «Եվրոջասթ»-ի (Eurojust) ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա էր Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանը:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց Ակադեմիայի գործունեության առանձնահատկությունները, անդրադարձավ ուսումնառության կազմակերպմանը:

 

Լուկաս Սթարին, ով «Եվրոջասթ»-ի գործընկերների հետ կապերի խորհրդի ղեկավարն է և Չեխիայի Հանրապետությունում գործող դատախազ, երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար և կարևորեց համագործակցության ձևավորումը: Հանդիպումից հետո հյուրերը դասախոսությամբ հանդես եկան Ակադեմիայում վերապատրաստում անցնող դատախազների լսարանի առաջ՝ ներկայացնելով Եվրոջասթի գործունեության նպատակները, հիմնական ուղղությունները, առանձնահատկությունները և այլ հարցեր: Հյուրերը պատասխանեցին ունկնդիրներին հետաքրքրող հարցերին:

1302

22.03.2022

Սեմինար քրեական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների համար

Մարտի 22-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար քրեական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների համար: Այն կազմակերպվել էր Ակադեմիայի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի և Արևելք-արևմուտք կառավարման ինստիտուտի հետ համագործակցությամբ իրականացվող «Արդարադատության ակադեմիայի ուսումնական ծրագրերի մշակում Հայաստանում» ծրագրի շրջանակում:

 

Սեմինարը, որը նվիրված էր կիբեռհանցավորության դեմ պայքարին, վարում էր Ակադեմիայի դասընթացավար, ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը:

1301

21.03.2022

Արդարադատության ակադեմիայի դասընթացավարը մասնակցել է «Դատավորի էթիկա» թեմայով վերապատրաստման

Մարտի 16-ից 18-ը, Արդարադատության ակադեմիայի գործընկեր կառույցի՝ Իտալիայի դատական դպրոցի տնօրենների խորհրդի հրավերով Ակադեմիայի դասընթացավար, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակցել է «Դատավորի էթիկա» թեմայով վերապատրաստման: Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության ներկայացուցիչների հետ միասին Արսեն Նիկողոսյանը ներկայացրել է զեկույց՝ «Դատավորի էթիկա. դեոնթոլոգիա համեմատական հեռանկար» թեմայով:

 

Առաջիկայում նախատեսվում է զեկույցը հրատարակել:

 

Արդարադատության ակադեմիայի և Իտալիայի Հանրապետության դատական դպրոցի միջև համագործակցությունն իրավական հիմքերի վրա է դրվել 2021 թվականի հոկտեմբերին:

1300

18.03.2022

Սեմինար՝ նվիրված արբիտրաժին

Մարտի 18-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց արբիտրաժին նվիրված սեմինար: Մասնակցում էին ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ և քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդներ: Սեմինարը վարում էր արբիտր, իրավագիտության դոկտոր Աիդա Ավանեսյանը:

 

Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

1299

14.03.2022

ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերին նվիրված վերապատրաստում դատավորների և դատավորների թեկնածուների հավակնորդների համար

Մարտի 14-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեցին վերապատրաստման դասընթացներ «ՀՀ քրեական նոր օրենսգիրք» և «ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրք» վերտառությամբ՝ քրեական մասնագիտացմամբ դատավորների և դատավորների թեկնածուների հավակնորդների համար:

 

Նախատեսվում է վերապատրաստել վերոնշյալ ունկնդիրների 4 խումբ: Յուրաքանչյուր խմբի վերապատրաստման տևողությունը 40 ակադեմիական ժամ է:

1298

11.03.2022

Սեմինար՝ նվիրված փողերի լվացման դեմ պայքարին

Մարտի 11-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար` նվիրված փողերի լվացման դեմ պայքարին: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

 

Սեմինարը, որին մասնակցում էին դատավորների թեկնածուների հավակնորդներ, վարում էր հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Դիանա Կուրպնիեցեն:

1297

07.03.2022

ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերին նվիրված վերապատրաստում դատախազների համար

Մարտի 7-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեցին վերապատրաստման դասընթացներ «ՀՀ քրեական նոր օրենսգիրք» և «ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրք» վերտառությամբ: Նախատեսվում է վերապատրաստել դատախազների 14 խումբ: Յուրաքանչյուր խմբի վերապատրաստման տևողությունը մեկ շաբաթ է՝ 40 ակադեմիական ժամ:

 

Նախատեսվում է նշյալ վերապատրաստումն անցկացնել նաև քրեական մասնագիտացմամբ (այդ թվում՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող) դատավորների և դատավորների թեկնածուների համար: