Մեկնարկել է Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների մասնագիտական պատրաստումը
Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը:
Ուսումնառությունն անցկացվում է համապատասխան ուսուցման ծրագրով և ըստ մասնագիտացումների՝ քաղաքացիաիրավական և քրեաիրավական: Ծրագիրն իրականացվում է լսարանային ուսուցման և փորձաշրջանի եղանակներով:
Սեմինար՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարույթը» թեմայով
Մարտի 4-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարույթը» թեմայով: Սեմինարների այս շարքն իրականացնում է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:
Սեմինարը, որին մասնակցում էին դատավորներ և դատախազներ, վարում էր Ակադեմիայի դասընթացավար Տիգրան Մարկոսյանը:
Կայացավ HELP դասընթացի մեկնարկային միջոցառումը
Մարտի 2-ին տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Դատական ակտերի պատճառաբանվածությունը և մարդու իրավունքները» HELP դասընթացի մեկնարկային միջոցառումը:
HELP ծրագրի ղեկավարի տեղակալ Աննա Մեդարսկա-Լազովան շնորհակալություն հայտնեց Ակադեմիային շարունակական և արդյունավետ համագործակցության համար. «Մեր համագործակցության արդյունքում Հայաստանում HELP-ը մեծ հետարքրքություն է առաջացրել իրավական ոլորտի մասնագետների շրջանում: 1000-ից ավելի մասնագետ օգտվել է HELP հարթակից»,-նշեց Աննա Մեդարսկա-Լազովան:
«Ակադեմիան կարևորում է HELP դասընթացների տեղայնացումը հայ մասնագետների համար: Մեր համատեղ ծրագրերի արդյունքում ստացած գիտելիքներն ու փորձը իրավաբաններն արդեն իսկ արդյունավետորեն կիրառում են մասնագիտական գործունեության ընթացքում»,- նշեց Ակադեմիայի ներկայացուցիչ Անահիտ Աբրահամյանը:
Առցանց միջոցառմանը մասնակցում էին նաև դատավորներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանը, HELP ծրագրի ներկայացուցիչներ, դասընթացավարներ:
HELP վերոնշյալ դասընթացը նախատեսված է դատավորների, դատախազների և փաստաբանների համար:
Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց
Մարտի 2-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայի ունկնդիրներին՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց: Խմբում ընդգրկված է 16 ունկնդիր, այդ թվում՝ 2 իրավաբան-գիտնական: Մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է մարտի 3-ին:
Ռեկտորը շնորհավորեց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ և արդյունավետ ուսումնառություն մաղթեց: Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից հաստատված ուսուցման ծրագիրը, ըստ որի անցկացվելու է ունկնդիրների մասնագիտական պատրաստումը: Քննարկվեցին նաև ուսումնական գործընթացին վերաբերող բովանդակային և կազմակերպական մի շարք հարցեր:
Կայացավ Հայաստան-ԵԽ ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը
Մարտի 2-ին տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ (ԵԽ) ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը՝ նվիրված Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագրերին: Քննարկվեց 2019-2022թթ. գործողությունների ծրագրի արդյունքները, անդրադարձ կատարվեց 2023-2026 թթ. ծրագրի նախապատրաստական աշխատանքներին: Արդարադատության ակադեմիայի անունից ներկա էր ռեկտորի խորհրդական Գևորգ Իսրայելյանը, մասնակցում էին նաև ներկայացուցիչներ ՀՀ տարբեր գերատեսչություններից:
Նիստին ներածական խոսքով հանդես եկան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և ԵԽ Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը:
Բանախոսները կարևորեցին համապատասխան կառույցների միջև առկա համագործակցության հիմնական ուղղությունները և գրանցած հաջողությունները, հատկապես՝ ժողովրդավարության բարելավվման գործում:
Մասնակիցներից ոմանք հնարավորություն ունեցան միանալ նիստին առցանց եղանակով:
Կայացավ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում-փուլ II» ծրագրի ղեկավար հանձնաժողովի hերթական նիստը
Մարտի 1-ին տեղի ունեցավ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում-փուլ II» ծրագրի ղեկավար հանձնաժողովի hերթական նիստը: Այն անցկացնում է Եվրոպայի խորհուրդը (ԵԽ)՝ «ԵԽ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022 թթ.» ծրագրի շրջանակում։
Արդարադատության ակադեմիայի անունից նիստին ներկա էր Անահիտ Աբրահամյանը, մասնակցում էին նաև ներկայացուցիչներ ՀՀ տարբեր գերատեսչություններից:
Ծրագրի ազգային համակարգող Նարինե Գասպարյանը ամփոփեց 2021 թ.-ի հիմնական արդյունքները: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև 2022 թ.-ի աշխատանքային պլանը, որի վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրին մասնակիցները:
Որոշ մասնակիցներ հնարավորություն ունեցան միանալ նիստին նաև առցանց եղանակով:
Երկօրյա սեմինար դատախազի թեկնածուների համար
Մարտի 1-2-ը Արդարադատության ակադեմիայում անցկացվում է սեմինար դատախազների թեկնածությունների 2021-2022 թթ. ցուցակում ընդգրկված անձանց համար: Այն կազմակերպվել է Ակադեմիայի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի և Արևելք-արևմուտք կառավարման ինստիտուտի հետ համագործակցությամբ իրականացվող «Արդարադատության ակադեմիայի ուսումնական ծրագրերի մշակում Հայաստանում» ծրագրի շրջանակում:
Երկօրյա սեմինարը նվիրված է անմեղության կանխավարկածին, էլեկտրոնային ապացույցներին, ապօրինի հարստացմանը և ապօրինի քաղաքացիական բռնագանձմանը:
Մեկնարկեց 2022 թվականի դատախազի թեկնածուների մասնագիտական պատրաստումը
Փետրվարի 28-ին մեկնարկեց Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝ 2022 թվականի դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը:
Դատախազների թեկնածուների ուսումնառությունն անցկացվում է համապատասխան ուսուցման ծրագրով, ըստ որի մասնագիտական պատրաստումը տևելու է 7 ամիս՝ ներառյալ փորձաշրջանը:
Ակադեմիայի ռեկտորը հանդիպեց 2022 թվականի դատախազի թեկնածուներին
Փետրվարի 25-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայի 2022 թվականի դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց հետ:
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ռեկտորը մինչ մասնագիտական պատրաստման մեկնարկը հանդիպում է ունկնդիրների հետ, ծանոթացնում Ակադեմիայում ուսումնառության առանձնահատկություններին, պատասխանում հետաքրքրող հարցերին: Սերգեյ Առաքելյանը ողջունեց թեկնածուներին և շնորհավորեց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ. «Լիահույս եմ՝ բոլորդ բարեհաջող կավարտեք ուսումնառությունը և կհամալրեք դատախազական համակարգը»,- նշեց ռեկտորը:
Դատախազների թեկնածուների ուսումնառությունն անցկացվելու է համապատասխան ուսուցման ծրագրի համաձայն: Այս տարի մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է փետրվարի 28-ին և տևելու է 7 ամիս՝ ներառյալ փորձաշրջանը:
Սեմինար՝ «Դատական ակտերի կազմում և քաղաքացիական վարույթների մեթոդաբանություն» թեմայով
Փետրվարի 25-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար` «Դատական ակտերի կազմում և քաղաքացիական վարույթների մեթոդաբանություն» թեմայով: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:
Սեմինարը, որին մասնակցում էին դատավորներ և դատավորների թեկնածուների հավակնորդներ, վարում էր Լատվիայի վերաքննիչ դատարանի դատավոր Սվետլանա Բելյաևան: