Մեկնարկում է HELP հեռավար դասընթաց՝ նվիրված կանանց համար արդարադատության մատչելիությանը
Փետրվարի 23-ին առցանց եղանակով անցկացվեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) և Արդարադատության ակադեմիայի կողմից համատեղ կազմակերպված «Կանանց համար արդարադատության մատչելիությունը» վերտառությամբ HELP հեռավար դասընթացի մեկնարկային միջոցառումը: Մասնակցում էր Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ներկայացուցիչներ ԵԽ-ից, Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, դասընթացի ունկնդիրներ, գործընկերներ: Ռեկտորը ողջունեց մասնակիցներին և նշեց, որ մեծացել է հետաքրքրությունը HELP դասընթացների նկատմամբ, ինչը չափազանց ուրախալի է:
Հեռավար դասընթացն անցկացնելու է HELP ազգային դասընթացավար Անահիտ Աբրահամյանը:
Երկօրյա վերապատրաստում՝ նվիրված ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի առկա հարցերին
Փետրվարի 22-ից 23-ը Արդարադատության ակադեմիայում անցկացվում է վերապատրաստում դատախազների համար՝ նվիրված ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի առկա հարցերին: Դասընթացն իրականացվում է Ակադեմիայի կողմից՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հետ համատեղ՝ ԵԽ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:
Դասընթացը վարում է Արդարադատության ակադեմիայի դասընթացավար, ԵԽ տեղական փորձագետ Արսեն Նիկողոսյանը:
Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները մասնակցել են ԵԽ-ի կողմից կազմակերպված վերապատրաստմանը
Փետրվարի 18-19-ը Երևանում անցկացվում է վերապատրաստողների վերապատրաստում՝ նվիրված դատավորների, դատախազների և քննիչների գործունեության միջոցով գենդերային հավասարության ապահովմանը: Սույն դասընթացը մշակվել է Արդարադատության ակադեմիայում:
Վերապատրաստումն իրականացվում է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի շրջանակում:
Վերապատրաստման դասընթացը վարում են ԵԽ փորձագետներ Շազիա Չոդրին (Օքսֆորդի համալսարանի իրավագիտության ամբիոնի պրոֆեսոր) և Գոհար Հակոբյանը (իրավաբանական գիտությունների թեկնածու):
«Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձումը» թեմայով սեմինար Ակադեմիայի ունկնդիրների համար
Փետրվարի 18-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար՝ նվիրված ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձմանը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական հանցագործությունների և անդրազգային կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոց: Սեմինարների այս շարքն իրականացնում է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:
Սեմինարը, որին մասնակցում էին դատավորներ և դատախազներ, վարում էր հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Դիանա Կուրպնիեցեն (Լատվիա):
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցիչների այցը Ակադեմիա
Փետրվարի 16-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆելիքս Հեթը և հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաիրա Գևորգյանը:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց համագործակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նախաձեռնությանն արձագանքելու համար: Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության առանձնահատկությունները, մասնագիտական պատրաստմանն ու վերապատրաստմանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում ռեկտորը ներկայացրեց համագործակցության առաջարկներ, քննարկվեցին դրանց իրականացման հնարավորությունները:
Հյուրերը ծանոթացան նաև Ակադեմիայի շենքային պայմաններին:
«Էթիկայի և բարեվարքության հարցերը արդարադատության համակարգում» թեմայով սեմինար դատախազների համար
Փետրվարի 11-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար` «Էթիկայի և բարեվարքության հարցերը արդարադատության համակարգում. միջազգային լավագույն գործելակերպերը և Լատվիայի փորձը» թեմայով: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:
Սեմինարը, որին մասնակցում էին դատախազներ, վարում էր հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Դիանա Կուրպնիեցեն:
Համագործակցության հուշագիր՝ Ակադեմիայի և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ»-ի միջև
Փետրվարի 4-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ռաֆի Դուդակլյանը հանդիսավոր պայմաններում ստորագրեցին համագործակցության հուշագիր: Նպատակն է նպաստել համատեղ ծրագրերի իրականացման միջոցով թրաֆիքինգի դեմ պայքարում քրեական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մասնագիտական կարողությունների հզորացմանը:
Ռեկտորը ողջունեց գործընկերներին և շնորհակալություն հայտնեց նախաձեռնությանն աջակցելու համար: «Թրաֆիքինգի դեմ պայքարը համայն մարդկության առջև ծառացած լուրջ խնդիր է, ցավոք, դրանից անմասն չէ նաև Հայաստանը: Այս չափազանց կարևոր նախաձեռնության շրջանակում մշակվելու են դասընթացներ, ուսումնաօժանդակ նյութեր, որոնք էլ ներդրվելու են ուսումնական գործընթացում»,- նշեց ռեկտորը:
Ռաֆի Դուդակլյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց գործընկերոջը և շեշտեց, որ «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ»-ը, հաշվի առնելով Ակադեմիայի գործառույթների լայն շրջանակը, ընտրել է ճիշտ գործընկեր թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ իրավապահ բոլոր օղակներին գիտելիքներ փոխանցելու հարցում:
Սեմինար դատախազի թեկնածուների համար
Փետրվարի 4-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար դատախազների թեկնածությունների 2021-2022 թթ. ցուցակում ընդգրկված անձանց համար: Այն նվիրված էր ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի արդի հարցերին: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:
Սեմինարը վարում էր Ակադեմիայի դասընթացավար, IRZ-ի ազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրայր Ղուկասյանը:
Կայացավ HELP դասընթացի մեկնարկային միջոցառումը
Փետրվարի 3-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Դատավարական երաշխիքները քրեական վարույթում և տուժողների իրավունքները» HELP դասընթացի մեկնարկային միջոցառումը: Դասընթացն իրականացնում է Արդարադատության ակադեմիան՝ Եվրոպայի Խորհրդի և Եվրոպական միության (ԵՄ) հետ համատեղ:
Դասընթացը նախատեսված է դատավորների, դատախազների և քննիչների համար: Միջոցառմանը մասնակցում էին Ակադեմիայի ունկնդիրները և HELP դասընթացավար Նինա Փիրումյանը:
Միջոցառմանն առցանց ձևաչափով մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, HELP ծրագրի ղեկավար Էվա Պաստրանան, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալլագերը և ԵԽ այլ ներկայացուցիչներ:
Դատախաղ-մրցույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի հիշատակին
Հունվարի 28-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց դատախաղ-մրցույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի հիշատակին: Նախքան մեկնարկը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակը:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց ներկաներին հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ: «Հայերիս համար հայոց բանակը բացարձակ արժեք է, մեր պետականության հիմքերը պահպանելու առումով՝ անփոխարինելի»,- նշեց ռեկտորը՝ ընդգծելով, որ մենք իրավունք չունենք ընկճվելու. պետք է մեր բանակն ավելի մարտունակ դարձնենք:
Դատախաղ-մրցույթին մասնակցում էր երկու խումբ՝ կազմված Ակադեմիայի քրեական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդներից և դատախազի թեկնածուներից: Կալանքի միջնորդության վերաբերյալ քրեական գործը քննվեց երկու փուլով. ընդհանուր իրավասության, այնուհետև՝ վերաքննիչ քրեական դատարաններում:
Մասնակիցները պարգևատրվեցին 5 անվանակարգերում՝ «Լավագույն պաշտպանական դիրքորոշում», «Լավագույն մեղադրական դիրքորոշում», «Լավագույն հռետոր», «Թիմային աշխատանքի լավագույն համակարգող», «Առավել ակտիվ մասնակից»:
Շնորհակալագրերով պարգևատրվեցին գործը քննող Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը, ինչպես նաև դատախաղի գնահատման հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին և ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արթուր Չախոյանը:
Ամփոփելով՝ ռեկտորը շնորհակալություն հայտնեց Գևորգ Արշակյանի մայրիկին՝ դատավոր Նաիրա Հովսեփյանին նախաձեռնությանը միանալու և ներկա գտնվելու համար և բոլոր նրանց, ովքեր աջակցեցին դրա իրականացմանը: