Համագործակցության հուշագիր՝ Արդարադատության ակադեմիայի և Եվրասիական տնտեսական միության դատարանի միջև
Մարտի 29-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի նախագահ Էռնա Հայրիյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Ռեկտորը ջերմորեն ողջունեց ԵԱՏՄ դատարանի պատվիրակությանը՝ դատավորներ Արմեն Թումանյանին (Հայաստանի Հանրապետություն), Կոնստանտին Չայկային (Ռուսաստանի Դաշնություն), Դենիս Կոլոսին (Բելառուս), Գալինա Սկրիպկինային (Ղրղզստան)՝ ներկայացնելով մի շարք դրական արդյունքներ, որոնք արձանագրվել են համագործակցության շրջանակում: «Այսօր նշանակալի օր է, քանի որ երկու կառույցների միջև առկա համագործակցությունը դրվում է իրավական հիմքերի վրա»,-նշեց ռեկտորը:
Էռնա Հայրիյանն իր հերթին երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հպարտությամբ նշեց, որ համագործակցությունն առավել մեծ արդյունավետությամբ շարունակվելու է նաև հետագայում:
Միջոցառումից հետո հյուրերը Ակադեմիայի ունկնդիրների և աշխատակազմի համար հանդես եկան «Ինտեգրացիոն գործընթացները իրավակիրառ գործունեության մեջ» թեմայով դասախոսությամբ:
Հյուրերը նաև շրջեցին Ակադեմիայում, ծանոթացան շենքային պայմաններին: