Սեմինար՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար
Ապրիլի 12-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց սեմինարների շարք ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար՝ նվիրված ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերին: Առաջին սեմինարին մասնակցում էին Կոմիտեի ղեկավար կազմի ներկայացուցիչները: Սեմինարն անցկացնում է Ակադեմիան՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի հետ համատեղ՝ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ԵԽ-ի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի կողմից։
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց. «Քանի որ քրեական արդարադատության հիմքում քննիչի աշխատանքն է, չափազանց կարևոր է նման սեմինարների անցկացումը: Ավելին՝ հուլիսի 1-ից ձեր գործունեության առանձնահատկություններն էապես փոխվելու են՝ պայմանավորված նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելու հետ»:
ԵԽ ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանն իր խոսքում կարևորեց Ակադեմիայի հետ համագործակցության արդյունավետությունը և հույս հայտնեց, որ սեմինարները կլինեն չափազանց օգտակար և կիրառելի:
Սեմինարը վարում էին Ակադեմիայի դասընթացավարներ, ԵԽ ազգային փորձագետներ Արսեն Նիկողոսյանը և Նինա Փիրումյանը: