Փորձարկող տիեզերագնաց Հարություն Կիվիրյանն այցելել է Արդարադատության ակադեմիա
Հունիսի 23-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց «Ռոսկոսմոսի» տիեզերագնացների ջոկատում որպես փորձարկող տիեզերագնաց ընդգրկված Հարություն Կիվիրյանին: Նախապատրաստական փուլերը հաջող անցնելուց հետո Կիվիրյանը կթռչի տիեզերք հավանաբար 2028 թվականին:
«Ուրախ ենք, որ համաձայնել եք այցելել Ակադեմիա»,-նշեց ռեկտորը և հույս հայտնեց, որ տիեզերքից վերադառնալուց հետո դարձյալ հանդիպելու հնարավորություն կստեղծվի: Ռեկտորը նաև հակիրճ ներկայացրեց Ակադեմիայի գործունեությունը, իսկ Հարություն Կիվիրյանն իր հերթին նշեց, որ տիեզերքին նվիրված օրենսդրությունը շատ կարևոր նշանակություն ունի փորձարկող օդաչուների, բորտինժեներների համար: Հարություն Կիվիրյանի խոսքով՝ ուսուցման շրջանակում ապագա տիեզերագնացներն առանձին դասընթաց են անցնում՝ նվիրված տիեզերական իրավունքին: Հ. Կիվիրյանը ներկայացրեց իր կենսագրությունը՝ նշելով, որ պատմական հայրենիքում է առաջին անգամ և տպավորված է ջերմ ընդունելությամբ:
Ռեկտորը Հարություն Կիվիրյանին պարգևատրեց Արդարադատության ակադեմիայի «Համագործակցության համար» մեդալով: Հ. Կիվիրյանը ռեկտորին նվիրեց Սևանա լճի լուսանկարը՝ արված տիեզերքից, ռուս փորձարկող տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովի կողմից:
Հարություն Կիվիրյանը նաև հանդիպեց Ակադեմիայի ունկնդիրների հետ, ներկայացրեց իր անցած ուղին, տիեզերք թռչելու նախապատրաստական աշխատանքներին առնչվող հետաքրքրական մանրամասներ, նաև պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես միջազգային տիեզերական իրավունքին, այնպես էլ տիեզերագնացների ուսումնառությանը, առօրյային, նախասիրություններին:
Տեսանյութ - https://www.youtube.com/watch?v=UNVbTD9VTZY
Մեկնարկեց 2023 թ. քննիչի թեկնածուների երկրորդ խմբի մասնագիտական պատրաստումը
Հունիսի 19-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2023 թվականի ցուցակում ընդգրկված երկրորդ խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը: Խմբում ընդգրկված է 19 ունկնդիր:
Ըստ ուսուցման ծրագրի՝ ունկնդիրների մասնագիտական պատրաստումը նախատեսվում է ավարտել օգոստոսի 31-ին:
Ռեկտորի հետ հանդիպում՝ մասնագիտական պատրաստումից առաջ
Հունիսի 16-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2023 թվականի ցուցակում ընդգրկված երկրորդ խմբի ունկնդիրներին: Խմբում ընդգրկված է 19 ունկնդիր: Ուսուցումը կազմակերպվելու է համապատասխան ուսուցման ծրագրով՝ հունիսի 19-ից օգոստոսի 31-ը:
Ռեկտորը շնորհավորեց քննիչի թեկնածուներին Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ և ներկայացրեց ուսումնական գործընթացի մանրամասները, պատասխանեց հետաքրքրող հարցերին:
Դիպլոմներ՝ Ակադեմիայի շրջանավարտներին
Հունիսի 16-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2023 թվականի ցուցակներում ընդգրկված ունկնդիրներին: Խմբերում ընդգրկված են համապատասխանաբար 31 և 2 ունկնդիր:
«Այսօր մեր համատեղ աշխատանքի արդյունքների ամփոփման օրն է: Հույս ունեմ, որ այստեղ ձեռք բերված հմտություններն ու կարողությունները կարողանալու եք ներդնել ի նպաստ քննչական մարմինների գործունեության զարգացման»,- նշեց ռեկտորը՝ շնորհավորելով և բարի երթ մաղթելով շրջանավարտներին:
Շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին ռեկտորին և Ակադեմիայի աշխատակազմին ուսումնառությունը պատշաճ կազմակերպելու համար:
Տեսանյութ - https://www.youtube.com/watch?v=rgSPmfccxsU
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արդարադատության ակադեմիայում 2023 թվականի հուլիսի 6-ից անցկացվելու են «ՀՀ քաղաքացիական իրավունքի արդի հարցեր» և «ՀՀ քաղաքացիական դատավարության արդի հարցեր» թեմաներով նախապատրաստական դասընթացներ:
. Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս
. Ժամաքանակը՝ 3 ակադեմիական ժամ (շաբաթական 3 անգամ)
. Ձևաչափը՝ առկա (հեռավար եղանակով միանալու հնարավորությամբ)
. Անցկացման վայրը՝ Արդարադատության ակադեմիա
. Ընդհանուր արժեքը՝ 450.000 ՀՀ դրամ
Ունկնդիր դառնալու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 23-ը ներառյալ Արդարադատության ակադեմիայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին ներկայացնել.
1. դիմում՝ դասընթացին մասնակցելու ցանկության մասին,
2. անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ներկայացնելով բնօրինակը,
3. դասընթացի մեկ ամսվա վարձի վճարման անդորրագիրը (150.000 ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի թիվ 11811009845606 հաշվեհամարին):
Դասընթացն ավարտելուց հետո ունկնդիրները, դասընթացի շրջանակներում ձեռքբերված գիտելիքների ստուգման և նախատեսված որակավորման ստուգմանը պատշաճ ներկայանալու նկատառումներից ելնելով, Արդարադատության ակադեմիայում կհանձնեն համապատասխան ձևաչափով քննություն՝ առանց որևէ իրավական հետևանքների:
Դասընթացն անցած ունկնդիրներին կտրամադրվեն ավարտական վկայականներ:
Առավել մանրամասն՝ տե՛ս կից Ուսուցման ծրագրում:
Հարցերի դեպքում զանգահարել 060 46 00 74 հեռախոսահամարով:
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ներկայացուցիչների այցը Ակադեմիա
Հունիսի 13-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին Ծրագրի ղեկավար Մարկ Լասմանը, Ծրագրի ղեկավարի տեղակալ Նարինե Գասպարյանը, Դատարանների կառավարման բաղադրիչի ղեկավար Արմենակ Մինասյանցը, Դատավորների գործունեության գնահատման և վերապատրաստման խորհրդատու Արման Խաչատրյանը, «Մենեջմենթ Սիսթեմս Ինթերնեյշընըլ» կազմակերպության տեխնիկական հարցերով տնօրեն Մերեդիթ Քլեր Բամբրիկը։
Ռեկտորը ողջունեց հյուրերին՝ նշելով, որ Ակադեմիան միջազգային կառույցների հետ գործակցության հարուստ փորձ ունի և շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ՄԶԳ գործընկերներին Ակադեմիայի հանդեպ դրսևորած հետաքրքրության համար: Ռեկտորը նաև հյուրերին ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, միջազգային տարբեր գործընկերների հետ իրականացված և իրականացվող աշխատանքները:
Մարկ Լասմանը բարձր գնահատեց Ակադեմիայի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի առաքելության միջև առկա համագործակցությունը, ինչպես նաև պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի հետ: Ծրագրի ղեկավարի խոսքով՝ Ծրագրի շրջանակում արդեն իսկ մշակվել են նախնական գնահատողական զեկույցներ և պատրաստ են դրանցում արտացոլված եզրահանգումների հիման վրա սկսել հիմնական աշխատանքները:
Ի պատասխան գործընկերների հարցերի՝ ռեկտորը հստակ առաջարկներ ներկայացրեց՝ շեշտելով, որ դրանց շուրջ արդեն իսկ բովանդակային քննարկումներ եղել են Ծրագրի բաղադրիչների ղեկավարների հետ: Հաշվի առնելով, որ ուսումնական գործընթացում նոր ուսուցման ծրագրերի ներդրման որոշումը կախված է Ակադեմիայի Կառավարման խորհրդից, ուստի ռեկտորը նշեց, որ ճիշտ կլինի նաև առանձին հանդիպել Արդարադատության նախարարության, դատական իշխանության, դատախազության, քննչական մարմինների ներկայացուցիչների հետ:
Կողմերը պայմանավորվեցին առաջիկայում նորից հանդիպել՝ աշխատանքային քննարկման շրջանակում հստակեցնել դրանց իրականացման հնարավորությունները:
Քննական օր Ակադեմիայում
Հունիսի 12-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված ունկնդիրների քննաշրջանը:
Ուսուցման ծրագրի համաձայն՝ քննաշրջանի ընթացքում նախատեսվում է անցկացնել երկու քննություն: Առաջին քննությունն անցկացվեց բանավոր եղանակով:
Մեկնարկեց դատախազների թեկնածուների առաջին քննաշրջանը
Հունիսի 8-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց առաջին քննությունը:
Ավարտվել է ունկնդիրների ուսումնառության առաջին հատվածը, որին հաջորդում է միասնական քննությունը՝ թեստային եղանակով:
Դատախազների թեկնածուների այս խմբի մասնագիտական պատրաստումը, համաձայն համապատասխան ուսուցման ծրագրի, տևելու է 7 ամիս՝ ներառյալ փորձաշրջանը:
Լրացուցիչ վերապատրաստում դատավորների համար
Հունիսի 5-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է որակավորման հատուկ ստուգմանը չմասնակցած կամ որակավորման հատուկ ստուգումը չհաղթահարած դատավորների 2023 թվականի լրացուցիչ վերապատրաստումը: Խմբում ընդգրկված է 12 ունկնդիր:
Վերապատրաստումը նախատեսվում է ավարտել սեպտեմբերի 5-ին:
Աշխատաժողով՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը մինչդատական քրեական վարույթի շրջանակներում» թեմայով
Հունիսի 2-ից 4-ը Դիլիջանում անցկացվեց «Մարդու իրավունքների պաշտպանությունը մինչդատական քրեական վարույթի շրջանակներում» թեմայով աշխատաժողով: Միջոցառումը կազմակերպել էին Արդարադատության ակադեմիան Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ համատեղ: Աշխատաժողովը վարում էին փորձագետներ Լյալ Ս. Սունգան (Ռ.Վալլենբերգ ինստիտուտի դասախոս) և Արսեն Նիկողոսյանը (ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Արդարադատության ակադեմիայի դասընթացավար):
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց ազգային և միջազգային փորձագետներին և կարևորեց ընտրված թեմայի նշանակությունն ու արդիականությունը: Ռեկտորի խոսքով՝ մշակված դասընթացն ընդգրկվելու է ոչ միայն դատավորների, այլև դատավորի թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև դատախազների և քննիչների ուսուցման ծրագրերում:
Աշխատաժողովին մասնակցում էին քրեական մասնագիտացմամբ դատավորներ և Ակադեմիայի աշխատակիցներ: