Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը ճանաչողական այցով Նիդերլանդներում էր
Հուլիսի 19-ից 22-ը Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորությամբ Նիդերլանդներում էր: Պատվիրակության կազմում էին Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը, Աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Շահինյանը, Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը, Համագործակցության և հանրային կապերի բաժնի ղեկավար Աննա Մկրտիչյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև ներկայացուցիչ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:
Պատվիրակության անդամներն այցելել են Նիդերլանդների դատական և դատախազական ուսուցման կենտրոն, որը գործում է 1960 թվականից, ծանոթացել Կենտրոնի գործունեությանը, ուսուցման կազմակերպման առանձնահատկություններին:
Կենտրոնի ռեկտոր, դատավոր Մարգարիտ Բլեյսը ներկայացրել է կառուցի գործունեությունը, այն է՝ մասնագիտական պատրաստում և վերապատրաստում դատավորների, դատախազների և թեկնածուների, ինչպես նաև դատական և դատախազական համակարգերի աշխատակիցների համար: Համավարակից հետո առավել մեծ ուշադրություն է դարձվում հեռաուսուցմանը, թվային լուծումներին:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ներկայացրել է Ակադեմիայի գործունեության առանձնահատկությունները, կիսվել հայաստանյան փորձով, նաև գործընկերներին հրավիրել է Երևան տեղում ծանոթանալու Ակադեմիայի գործունեությանը: Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել Կենտրոնի միջազգային կապերի, առկա և էլեկտրոնային ուսուցման, կոռուպցիայի կանխարգելման և այլ դեպարտամենտների ներկայացուցիչների հետ:
Ճանաչողական այցը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Անհրաժեշտ տեխնիկական աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին նպաստելու համար» ծրագրի շրջանակում: