Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը ճանաչողական այցով Նիդերլանդներում էր
Հուլիսի 19-ից 22-ը Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորությամբ Նիդերլանդներում էր: Պատվիրակության կազմում էին Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը, Աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Շահինյանը, Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը, Համագործակցության և հանրային կապերի բաժնի ղեկավար Աննա Մկրտիչյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև ներկայացուցիչ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:
Պատվիրակության անդամներն այցելել են Նիդերլանդների դատական և դատախազական ուսուցման կենտրոն, որը գործում է 1960 թվականից, ծանոթացել Կենտրոնի գործունեությանը, ուսուցման կազմակերպման առանձնահատկություններին:
Կենտրոնի ռեկտոր, դատավոր Մարգարիտ Բլեյսը ներկայացրել է կառուցի գործունեությունը, այն է՝ մասնագիտական պատրաստում և վերապատրաստում դատավորների, դատախազների և թեկնածուների, ինչպես նաև դատական և դատախազական համակարգերի աշխատակիցների համար: Համավարակից հետո առավել մեծ ուշադրություն է դարձվում հեռաուսուցմանը, թվային լուծումներին:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ներկայացրել է Ակադեմիայի գործունեության առանձնահատկությունները, կիսվել հայաստանյան փորձով, նաև գործընկերներին հրավիրել է Երևան տեղում ծանոթանալու Ակադեմիայի գործունեությանը: Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել Կենտրոնի միջազգային կապերի, առկա և էլեկտրոնային ուսուցման, կոռուպցիայի կանխարգելման և այլ դեպարտամենտների ներկայացուցիչների հետ:
Ճանաչողական այցը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Անհրաժեշտ տեխնիկական աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին նպաստելու համար» ծրագրի շրջանակում:
Ներկայացվեց Արդարադատության ակադեմիայի 2023-2026 թթ. ինստիտուցիոնալ զարգացման ռազմավարությունը
Հուլիսի 18-ին ներկայացվեց Արդարադատության ակադեմիայի 2023-2026 թթ. ինստիտուցիոնալ զարգացման ռազմավարությունը: Այն մշակվել է Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին» տեխնիկական աջակցություն ծրագրի շրջանակում՝ Ակադեմիայի և «ԷԿՈՐԻՍ» կազմակերպության հետ համատեղ:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց ռազմավարության մշակման աշխատանքներում ներգրավված բոլոր գործընկերներին: Ռեկտորի խոսքով՝ Ակադեմիան ռազմավարական կարգավորում չի ունեցել. նախկին և ներկա ռեկտորների ծրագրերն են ծառայել որպես աշխատանքային գործունեության հիմնական փաստաթուղթ. «Հիմա վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ և դրանց հիման վրա ձևավորվել է միջազգային չափանիշներին համապատասխան փաստաթղթի նախագիծ, որը կարող է ներկայացնել մեր հետագա գործողությունների պլանը»:
Ռեկտորն ընդգծեց, որ ռազմավարությունը շատ կարևոր է հատկապես միջազգային և օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության համար. «Կունենանք փաստաթուղթ, որի շրջանակներում ավելի առարկայական կլինեն մեր համագործակցության ուղիները»,- նշեց Սերգեյ Առաքելյանը:
«Շատ կարևոր է, որ մենք ունենք հստակ թիրախային խումբ, վերլուծություն, ռիսկերի գնահատում, բյուջեի հաշվարկ. սա գերազանց նախաձեռնություն է»,- նշեց ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը՝ մաղթելով ռազմավարության հաջող իրականացում:
Ծրագրի փորձագետ Ալեն Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ռեկտորին և Ակադեմիայի աշխատակազմին գործուն աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ազգային և միջազգային փորձագետներին մեկ միասնական համապարփակ փաստաթուղթ կազմելու համար: «Այս փաստաթղթի կարևորագույն նպատակներից մեկն Ակադեմիայի հաշվետվողականության և թափանցիկ գործունեության ապահովումն է»,- ընդգծեց Մկրտչյանը:
Արդարադատության փոխնախարար, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Արա Մկրտչյանն էլ իր հերթին շեշտեց, որ վերջին տարիներին Ակադեմիան կրթության փորձի փոխանակման շատ բարձր նշաձող է սահմանել ՀՀ-ում:
Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը ներկայացրեց բուն ռազմավարությունը, այն մշակելու անհրաժեշտությունը, հիմնական ուղղությունները և այլն:
Ակադեմայի Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանն անդրադարձավ արհեստական բանականության կիրառմամբ ուսուցման նոր ծրագրերի և մեթոդաբանության մշակման անհրաժեշտությանը, ուսումնական նյութերի մատուցման, հեռաուսուցման նոր հավելվածների ստեղծման և ներդրման անհրաժեշտությանը:
Միջոցառմանը ներկա էին Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ, ներկայացուցիչներ Բարձրագույն դատական խորհրդից և գործընկեր այլ կառույցներից:
Մեկնարկել է քննիչի թեկնածուների քննաշրջանը
Հուլիսի 18-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված երկրորդ խմբի ունկնդիրների քննաշրջանը, որի շրջանակում անցկացվելու է երկու բանավոր քննություն:
Խմբում ընդգրկված է 19 ունկնդիր: Մասնագիտական պատրաստումը նախատեսված է ավարտել օգոստոսի 31-ին:
Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչը Հունգարիայում մասնակցել է վերապատրաստման՝ նվիրված էլեկտրոնային ուսուցման նորարար գործիքակազմի կիրառմանը
Հուլիսի 10-ից 14-ը Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի աշխատակից Քրիստինե Կարապետյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել է «Վերապատրաստողների վերապատրաստում. էլեկտրոնային ուսուցման նորարար գործիքակազմ» թեմայով դասընթացի: Ք. Կարապետյանը ներկայացրել է հեռաուսուցման կազմակերպման Ակադեմիայի փորձը՝ նորարական տեխնոլոգիաների կիրառմամբ:
Վերապատրաստման այս դասընթացը կազմակերպել էր Եվրոպական միության իրավապահ մարմինների աշխատակիցների վերապատրաստման գործակալությունը՝ «Վերապատրաստում և գործառնական համագործակցություն ընդդեմ կազմակերպված հանցագործությունների» ծրագրի շրջանակում, Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ:
Մասնակցել են ներկայացուցիչներ ոչ միայն Հայաստանից, այլև Վրաստանից, Ադրբեջանից, Մոլդովայից, Ուկրաինայից:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արդարադատության ակադեմիան 2023 թվականի օգոստոսի 21-ից հայտարարում է թվով 6 առարկայական ծրագրերով դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգմանը, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար նախապատրաստական դասընթացների մեկնարկ:
• Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս
• Ժամաքանակը՝ 3 ակադեմիական ժամ (շաբաթական 3 անգամ)
• Ձևաչափը՝ առկա (հեռավար եղանակով միանալու հնարավորությամբ)
• Անցկացման վայրը՝ Արդարադատության ակադեմիա
• Ընդհանուր արժեքը՝ 450.000 ՀՀ դրամ
Ունկնդիր դառնալու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ Արդարադատության ակադեմիայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին ներկայացնել.
1. դիմում՝ դասընթացին մասնակցելու ցանկության մասին,
2. անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ներկայացնելով բնօրինակը,
3. դասընթացի մեկ ամսվա վարձի վճարման անդորրագիրը (150.000 ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի թիվ 11811009845606 հաշվեհամարին):
Դասընթացն ավարտելուց հետո ունկնդիրները, դասընթացի շրջանակներում ձեռքբերված գիտելիքների ստուգման և նախատեսված որակավորման ստուգմանը պատշաճ ներկայանալու նկատառումներից ելնելով, Արդարադատության ակադեմիայում կհանձնեն համապատասխան ձևաչափով քննություն՝ առանց որևէ իրավական հետևանքների:
Դասընթացն անցած ունկնդիրներին կտրամադրվեն ավարտական վկայականներ:
Առավել մանրամասն՝ տե՛ս կից Ուսուցման ծրագրում:
Կոնտակտային անձ՝ Համագործակցության և հանրային կապերի բաժնի մասնագետ Արաքս Առաքելյան, 060 46 00 74, araks.arakelyan@justiceacademy.am
Հանդիպում քննիչի թեկնածուների հետ` քննաշրջանին ընդառաջ
Հուլիսի 14-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2023 թվականի ցուցակում ընդգրկված երկրորդ խմբի ունկնդիրներին:
Քննաշրջանից առաջ ռեկտորը ծանոթացրեց ունկնդիրներին քննությունների կազմակերպման և անցկացման կարգին, այդ թվում՝ արդյունքների բողոքարկման ընթացակարգին, պատասխանեց հետաքրքրող հարցերին:
Քննությունը, որն անցկացվելու է բանավոր եղանակով, նախանշված է հուլիսի 18-ին:
«Էքսպերտիզ Ֆրանս» միջազգային փորձագիտության գործակալության ներկայացուցիչների այցը Ակադեմիա
Հուլիսի 11-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին «Էքսպերտիզ Ֆրանս» միջազգային փորձագիտության գործակալության արդարադատության հարցերով խորհրդականներ Աուրելիա Շքաֆը և Վինսեթ Դեբլոն, ինչպես նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ատաշե Վիլյամ Բոգիսը:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և գոհունակությամբ նշեց «Էքսպերտիզ Ֆրանս»-ի հետ առկա համագործակցությունը և արձանագրված դրական արդյունքները՝ այդ թվում Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ իրականացված ծրագրի շրջանակում: Ռեկտորը հյուրերին ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, պատասխանեց հետաքրքրող հարցերին:
Հյուրերը կարևորեցին երկկողմ արդյունավետ համագործակցությունը և նշեցին, որ իրենց այցը միտված է նպաստելու շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող օրենսդրության կիրառմանը, ինչպես նաև այդ թեմայով ուսուցման կազմակերպմանը:
Ռեկտորը ներկայացրեց վերոնշյալ թեմայի ուսուցման Ակադեմիայի փորձը, նաև առաջարկեց համատեղ առանձին դասընթաց ու ձեռնարկ մշակել ՝ ներգրավելով ֆրանսիացի փորձագետների: Պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկումների արդունքում հստակ քայլեր մշակել և առաջիկայում իրականացնել:
«Էքսպերտիզ Ֆրանս»-ի ներկայացուցիչները ծանոթացան նաև Ակադեմիայի շենքային պայմաններին, այցելեցին լսարաններ, գրադարան, դատական նիստերի դահլիճ, հյուրանոց, մարզասրահ:
Հանդիպում-քննարկում՝ համագործակցության ձևավորման նպատակով
Հուլիսի 10-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովին, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենի տեղակալ Վիկտորյա Դերիպասկոյին, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի միջազգային հարցերով օգնական Իգոր Սելիվյորստովին:
Ռեկտորը ողջունեց հյուրերին, կարևորեց հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները, ներկայացրեց Ակադեմիայի և Ռուսաստանի համանման կառույցների հետ առկա համագործակցությունը, նաև Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները:
Հյուրերը երախտագիտություն հայտնեցին հրավերի և համագործակցության նախաձեռնության համար:
Քննարկվեցին համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առաջիկայում դրանք իրականացնել:
Հյուրերը ծանոթացան Ակադեմիայի շենքային պայմաններին, այցելեցին լսարաններ, գրադարան, դատական նիստերի դահլիճ, հյուրանոց, մարզասրահ:
Շնորհավորանք ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի առթիվ
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի շնորհավորական ուղերձը ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի առթիվ.
Հարգելի՛ տիկին Թադևոսյան,
Անձամբ և Արդարադատության ակադեմիայի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, դատավորներին և դատական ողջ համակարգին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ:
Հարգելի՛ գործընկերներ, այս հոբելյանն առիթ է ամփոփելու և վերարժևորելու դատարանի անցած ճանապարհը: 25 տարիների ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանը գնահատելի աշխատանք է կատարել և շարունակում է կատարել դատարանի գործունեության կազմակերպման, իրավունքի կատարելագործման, նախադեպերի ձևավորման առումներով՝ ստանձնելով օրենքի գերակայության պատվարի դերը մեր հասարակության համար:
Հավատացած եմ՝ դատարանը կշարունակի արդյունավետորեն կատարել Սահմանադրությամբ տրված բարձր առաքելությունը՝ նպաստելով իրավունքահեն դատական համակարգի կայացմանը:
Մեծապես կարևորում եմ Արդարադատության ակադեմիայի և ՀՀ վճռաբեկ դատարանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Վստահ եմ, որ այս տարիների ընթացքում ձևավորված գործընկերային հարաբերությունները հետագայում ևս ավելի կամրապնդվեն և կզարգանան:
Հարգելի՛ գործընկերներ, կրկին շնորհավորում եմ Վճռաբեկ դատարանի հիմնադրման կապակցությամբ և մաղթում առողջություն, հաջողություն, անսպառ ուժ և եռանդ ձեր պատվաբեր գործում: Թող ձեր նվիրումն ու մասնագիտական բարձր հատկանիշները նպաստեն ավելի արդարադատ պետություն ունենալու մեր միասնական նպատակին:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյան
Լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի 9-րդ համարը
Արդարադատության ակադեմիայի գիտական խորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի հերթական համարը: Այս համարում տեղ են գտել ինչպես հայ հեղինակների, այնպես էլ Ակադեմիայի օտարերկրյա գործընկեր կառույցների ներկայացուցիչների գիտական հոդվածները: Եռալեզու հանդեսն ընդգրկված է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի սահմանած ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների 2023 թվականի ցուցակում:
Հանդեսի այս համարը նվիրված է խորհրդային և ռուսաստանյան ականավոր իրավագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ՆԳՆ վաստակավոր աշխատող, Ռուսաստանի Դաշնության բարձրագույն մասնագիտական կրթության վաստակավոր աշխատող, Երևանի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր Յուրի Միրանի Անտոնյանի ծննդյան 90-ամյակին:
Հանդեսի էլեկտրոնային տարբերակը հասանելի է Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով https://aoj.am/bulletin